01
11, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Եգիպտոս

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին շուրջ 80 երկրների պատվիրակություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից, ավելի քան մեկ տասնյակ թագավորներ և թագաժառանգներ, շուրջ քսան երկրների նախագահներ ինչպես նաև կառավարությունների ղեկավարներ ու բարձրաստիճան այլ հյուրեր։  

***

 

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրված գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ։

Հանդիպման մեկնարկին նախագահը շնորհավորել է ընտրված տնօրենին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կշարունակի սերտանալ։

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեր համագործակցությանը պայմանավորված նաև հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության խնդիրներով։ Վստահեցնում եմ Ձեզ նաև, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել Ձեր նախաձեռնություններին, միտված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է նախագահը։

Խալեդ Ալ-Անանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստան այցելել է երեք անգամ և ջերմ տպավորություններ ունի մեր երկրից, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ կշարունակի ակտիվ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են մարդկության պատմության, պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը համակարծիք են եղել, որ մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն հասարակությունների զարգացման, ժողովուրդների փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման գործում։

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ կրթության և մշակույթի միջոցով հնարավոր է ձևավորել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որն էլ իր հերթին հիմք է դառնում խաղաղության մշակույթի կայացման համար։

Հանդիպմանն ընդգծվել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո իրականացվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն համաշխարհային խաղաղության ու մարդկային արժեքների պահպանման տեսանկյունից, և Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կահիրե կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայաստանյան ներկայիս հասարակական քաղաքական կյանքի անցուդարձերին, ապա և մանրամասներ ներկայացրել կառավարության կողմից պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու նոր ծրագրերի մասին։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

← Վերադառնալ