18
01, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Շվեյցարիայի Համադաշնություն աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Հանրապետության նախագահին դիմավորել և ողջունել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը։

Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հակիրճ մանրամասներ ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։

***

 

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։

Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։

Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային ծրագիր, որը միտված է ֆիզիկայի և հարակից բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացմանը։ Ծրագրին մինչ օրս մասնակցել են հազարավոր ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ նախաձեռնության շրջանակում գործում է նաև հայ ուսուցիչների համար նախատեսված առանձին ծրագիր, որի շրջանակում 2024 թվականին առաջին անգամ հայաստանցի ուսուցիչների խումբը վերապատրաստում է անցել CERN-ում։

Հանրապետության նախագահը հանդիպել է նաև ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում CERN-ում գտնվող հայաստանցի ուսուցիչների խմբի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ծրագրին մասնակցության ընթացքը, ձեռք բերված մասնագիտական փորձը և դրա կիրառման հնարավորությունները Հայաստանի կրթական համակարգում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով կրթության և գիտության զարգացման մեջ միջազգային համագործակցության առանցքային դերը։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում ներկայացվել է TRIPP ծրագիրը։ Ընդգծվել է, որ նման նախաձեռնությունների իրականացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և հնարավորություն է տալիս իրացնել տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում առկա լայն հնարավորությունները։

Կողմերը կարևորել են նաև տարբեր միջազգային հարթակներում համագործակցության շարունակականությունը՝ շեշտելով փոխադարձ երկխոսության և համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված նման ծրագրերը նպաստում են փոխկապակցվածության աճին և բխում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն միջազգային համայնքի շահերից։

Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը Եվրոպական միության հարթակում։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆինլանդիայի հետ համագործակցության կարևորությունը նաև Հայաստանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) շրջանակի համատեքստում՝ դիտարկելով այն որպես քաղաքական երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման արդյունավետ հարթակ։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում, մասնավորապես հանրակրթության բնագավառում՝ կարևորելով այդ փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Նշվել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և գաղափարներին, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներ ու ներդրվող ջանքերը։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Ապագան կախված է մեզանից, ես նկատի ունեմ մեր երկրների ղեկավարներից, իսկ մեր երկրների ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն և կամք, որոնք կհաստատեն այդ խաղաղությունը»,- նշել է նախագահը։

Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ խաղաղության ճանապարհին հաջողության հասնելու գրավականը երկու երկրների միջև ձեռք բերված հստակ պայմանավորվածություններն ու փոխադարձ հարգանքն է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։

Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք Արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Պլենկովիչի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացման և փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրամիության հարթակում գործընկերության առաջմղման հնարավորություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և ոլորտային համագործակցության զարգացումը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել կանաչ էներգետիկայի, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության սերտացման և ընդլայնման համար համատեղ ջանքերի ակտիվացման շուրջ՝ ընդգծելով կայուն զարգացման և նորարարական մոտեցումների կիրառման նշանակությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։

Զրուցակիցները կարևորել են գագաթաժողովի անցկացումը որպես տարածաշրջանային և եվրոպական քաղաքական երկխոսության խթանման արդյունավետ հարթակ՝ ընդգծելով դրա նշանակությունը խաղաղության, համագործակցության և վստահության ամրապնդման գործում։

Անդրադարձ է եղել նաև ԵՄ ընդարձակման ապագային և դրա հետ կապված նոր մարտահրավերներին:

***

 

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով դրա առանցքային դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, տուժած բնակչության պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքի պահպանման գործում։

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ իրականացվող աշխատանքը կարևոր նշանակություն ունի՝ շեշտելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ մարդասիրական խնդիրների լուծումը պետք է լինի առաջնահերթություն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում բարձր է գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարիների ընթացքում իրականացրած հումանիտար գործունեությունը տարածաշրջանում, ինչպես նաև ընդհանրապես հակամարտությունների պայմաններում Կարմիր խաչի կարևոր դերը՝ մարդկային կյանքեր փրկելու և մարդկային ճակատագրերը պաշտպանելու գործում։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստին և կանոնադրության ստորագրման արարողությանը։

Նիստը վարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը։ Հիմնադիր նիստին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ, հայկական կողմից կանոնադրությունը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդի հիմնադիր նիստին ներկա են եղել Արգենտինայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Կոկա-Կոլա» ընկերության գործադիր տնօրեն Գորան Բոգդանովիչի հետ։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել «Կոկա-Կոլա» ընկերության և Հայաստանի միջև շուրջ երեք տասնամյակ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակալի ներդրումը երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման և սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների իրականացման գործում։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արտադրության զարգացման, նոր ներդրումային ծրագրերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության COP-17 համաժողովին, դրա միջազգային կարևորությանը և Հայաստանի դերին գլոբալ բնապահպանական օրակարգում։ Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի ներգրավվածությունը նման հարթակներում և բնապահպանական պատասխանատու գործելակերպի խթանումը։

Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է առկա պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու Հայաստանի և «Կոկա-Կոլա» ընկերության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային և քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքին և դրա շուրջ Հայաստանի մոտեցումներին։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում շեշտվել է երկկողմ գործակցության ընդլայնման ներուժը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ հաշվի առնելով Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական համակարգը և այդ ոլորտում առկա միջազգային գործընկերությունները, այդ թվում՝ «NVIDIA» ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են տնտեսական, ներդրումային և նորարարական նախաձեռնությունների խթանումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցների շրջանակներում ընդհանուր գործակցության ուղիների որոնմանն ու խորացմանը։

***

 

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»։

«America House»-ն ԱՄՆ-ի պաշտոնական հարթակն է, որը ֆորումի օրերին ծառայում է որպես հանդիպումների և միջոցառումների կենտրոն՝ միավորելով պետական կառույցների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ, ով համաժողովին մասնակցել է առանձին համերգային ծրագրով։

Անվանի երաժիշտն իր բարձր գնահատանքն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահը նրան հրավիրել է այցելել Հայաստան։ Յո Յո Ման շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել հարմար առիթի դեպքում հանդես գալ Հայաստանում։

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, Էփըլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, «NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի,
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինախագահ Օդիլ Ռենո-Բասո։

Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման շուրջ։

***

 

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, Քուվեյթի էներգետիկայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար Սոբեհ Ալմուխազիմի, Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Չարլզ Հաջի, բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումներին, խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերին ու առկա մարտահրավերներին դիմակայության նպատակով անհրաժեշտ քայլերի նախաձեռնություններին։

← Վերադառնալ