23
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ավստրիական «Der Standard» օրաթերթին

«Ընկերություն արեք Ռուսաստանի հետ, շատ մի մոտեցեք Արեւմուտքին»,- արդյո՞ք այս դասը չէր, որ Մոսկվան տալիս էր Հարավային Կովկասի երկրներին` ներխուժելով Վրաստան:

Եթե հայացք նետեք Հայաստանի պատմությանը, կտեսնեք, որ Ռուսաստանի հետ ընկերությունը Հայաստանի համար երբեւէ չի եղել պարտադրված միջոց: Ավելորդ է ասել, որ ուժով ընկերներ չեն ձեռք բերվում, առավել եւս` չեն պահպանվում: Չեմ ուզում խոսել այլ երկրների փոխարեն, բայց գոնե Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում չափազանց բաց, անկեղծ եւ հետեւողական է:

Ավելին, ասեմ Ձեզ, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը երբեք չի խանգարել մեզ նորմալ, արդյունավետ համագործակցություն տարածել տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Դրա մասին են վկայում Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի հետ իրագործվող համատեղ ծրագրերի ծավալը, դինամիկ զարգացող հարաբերությունները եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ:

Առաջին անգամ չէ, որ Հայաստանը լրջորեն իր վրա է զգում վրաց-ռուսական ճգնաժամի ազդեցությունը: Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր վրացի գործընկերներին` Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով:

Խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է: Մեր քաղաքականության առանցքը վերջին տարիներին կայացել է նրանում, որ չափազանց զգայուն մեր տարածաշրջանում փոքր պետությունները պետք է անեն ամեն ինչ գերտերությունների միջեւ հնարավոր հակասությունները մեղմելու, ոչ թե սրելու համար: Չափազանց հեշտ է կարճաժամկետ օգուտներ քաղել յուրաքանչյուր տարածաշրջանում մեծ տերությունների միջեւ պարբերաբար ծագող հակասություններից: Շատ ավելի բարդ է, բայց անհամեմատ ավելի օգտակար` փորձել անկեղծորեն համագործակցել ընդհանուր շահերի դաշտում:

Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց ստիպված ենք դիմակայել, անիմաստ է ստեղծել նոր բաժանարար գծեր եւ արհեստական գաղափարական ճամբարներ:

Հայաստանում տեղակայված է կարեւոր ռուսական ռազմակայան: Արդյո՞ք Հայաստանի համար շահավետ է Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունը:

Հայաստանի, ինչպես կարծեմ յուրաքանչյուր պետության համար, շահավետ է արդունավետ ինքնիշխանությունը: Իսկ մեր դարաշրջանում այդ ինքնաշխանությունն իր մեջ է ներառում նաեւ մասնակցություն անվտանգության արդյունավետ միջազ�ային եւ տարածաշրջանային համակարգերին:

Հայաստանն այդ առումով որոշում է կայացրել անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Եվ այդ կազմակերպության հիմնարար փաստաթղթով նախատեսված է, որ հարձակումը անդամ պետություններից որեւէ մեկի վրա նշանակում է ոտնձգություն բոլորի դեմ:

Կարծում եմ, որ մեր ժամանակաշրջանում ռազմակայանները ոչ թե գերիշխանության, այլ արդյունավետ համագործակցության խորհրդանիշ են:

Ի՞նչ հետեւություններ կան Վրաստան կատարած ներխուժումից մեկ այլ «սառեցված հակամարտության»` Լեռնային Ղարաբաղի համար:

Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերը ապացուցեցին, որ Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարի դեմ զինված ուժով հակադրվելու փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: Վերջին զարգացումները հստակորեն ցուցադրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի, ռազմական բյուջեների չհիմնավորված ավելացումների եւ ռազմատենչ հայտարարությունների իրական վտանգը:
Դրանք միեւնույն ժամանակ ապացուցեցին, որ նման հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնորոշման համար պայքար մղող ժողովրդի կամքի ազատ արտահայտումը եւ լուծումները պետք է հենվեն այդպիսի կամքի վրա, քանի որ հակառակ մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային զտումների եւ միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման:

Իրադարձությունները եւս մեկ անգամ ի հայտ բերեցին տարածաշրջանում առկա ենթակառուցվածքների, մայրուղիների, տրանսպորտային հանգույցների, խողովակաշարերի արդյունավետ ներգործման, դրանց այլընտրանքայնության ապահովման եւ առավել սփռված ցանցերի ձեւավորման կարեւորությունը:

Թուրքիան երբեք իրականում չի պատասխանել Հայաստանի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկին: Այժմ, դուք անգամ հրավիրում եք Թուրքիայի նախագահին Հայաստան: Ի՞նչն է Ձեզ ստիպում ենթադրելու, որ Թուրքիայի ղեկավարությունը ավելի բաց է երկխոսության համար:

Մենք այսօր էլ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Եվ ընդհանրապես, Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել այն քաղաքական ուղեգծին, որը հայտարարել է: Այսօր մեր հարաբերություններում առկա է մի իրավիճակ, որից ոչ ոք չի շահում, հակառակը` տուժում են շատերը: Վստահ եմ, որ մշտական հակառակորդներ լինելու իմաստն ու անհրաժեշտությունը չկա, ակնհայտ է, որ հարաբերությունների կարգավորման խնդիրը հասունացել է եւ այդ քայլը փոխշահավետ է լինելու թե թուրք, թե հայ հասարակությունների համար: Եթե հիշում եք Թուրքիայի վարչապետ Էրդողանը ամիսներ առաջ նշեց, որ այս ժամանակահատվածում դռները բաց են նոր երկխոսության համար:

Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում մենք կարող ենք ունենալ այդպիսի երկխոսություն, եւ նախագահ Գյուլի այցը Հայաստան ավելի կամրապնդի այս դրական միտումները: Օրեր առաջ իմ թուրք գործընկերը հայտարարեց, որ Թուրքիան տարածաշրջանում թշնամիներ չունի: Ես համոզված եմ, որ այդ հայտարարության գործնական ամրագրումը կլինեն հարաբերությունները կարգավորելու շոշափելի քայլերը, որոնք կարող են իրական արդյունքների հանգեցնել: Մենք կարող ենք բազմաթիվ խնդիրներ ունենալ, սակայն դրանք չենք կարողանա լուծել, եթե իրար հետ չխոսենք քաղաքակիրթ պետություններին վայել մակարդակով, եթե մեր երկրների միջեւ բացակայեն պատշաճ քաղաքական հարաբերությունները:

← Վերադառնալ