10
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը պաշտոնավարման մեկ տարվա առիթով

album picture
album picture
Նախագահ Սարգսյան - Ուրախ եմ այս հանդիպման համար եւ առաջարկում եմ մամուլի ասուլիսը սկսել առանց նախաբանի:

“Շանթ” հեռուստաընկերություն - Պարոն Նախագահ, Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ավարտը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հայաստանյան դրսեորումների հետ: Կարծիք կա, որ մի շարք գործոններով պայմանավորված այդ մեկ տարվա ընթացքում բարդ իրավիճակների եւ հիմնախնդիրների պակաս չկար: Ի՞նչ բնորոշում Դուք կտաք Ձեր նախագահության մեկ ամյակին, եւ ընդհանրապես, ո՞րն եք համարում այս ընթացքում ամենամեծ ձեռքբերումը եւ ամենամեծ բացթողումը:

Նախագահ Սարգսյան - Դուք իրավացի եք: Այս մեկ տարին լի էր իրադարձություններով, խնդիրներով, վայրիվերումներով, որոնք բավական կլինեին, որպեսզի մի քանի տարվա ժամանակագրություն կազմվեր: Միեւնույն ժամանակ, ես համարում եմ, որ այս մեկ տարին հնարավորությունների տարի էր, եւ կարծում եմ, մեր պետությունը, պետականությունն ու հասարակությունը այս ընթացքում բավականաչափ հասունացան` ավելին, քան հնարավոր էր սովորական պայմաններում: Ամենակարեւորն այն է, որ այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք խորացնել մեր հարաբերությունները մեր բարեկամների եւ գործընկերների հետ, կարողացանք սկսել եւ, իմ կարծիքով, բավականին առաջ գնալ Թուրքիայի հետ բանակցություններում, կարողացանք ավելի արդյունավետ դարձնել ղարաբաղյան բանակցությունները: Այս ընթացքում մենք կարողացանք ձեւակերպել լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումը էապես կփոխի մեր տարածաշրջանի դիրքավորումը եւ մեր դիրքավորումը տարածաշրջանում:

Կարծում եմ, այս մեկ տարվա ընթացքում կարողացանք որոշակի էլեմենտներ մտցնել մեր ներքաղաքական կյանք. նկատի ունեմ անվտանգության խորհրդի դերի բարձրացումը, քաղաքական ուժերի հետ պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցությունները, հանրային խորհրդի ձեւավորումը: Այսօր մեր հասարակության առջեւ ծառացած ամենահիմնական խնդիրն, իրոք, ճգնաժամի հետեւանքների հաղթահարումն է, եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք անել այնպես, որ այդ հետեւանքները մեր հասարակության համար լինեն ավելի մեղմ, քան կարող էին լինել:


“Հայաստանի Հանրապետություն” օրաթերթ - Պարոն Նախագահ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների մեղմացմանն ուղղված միջոցառումներ համատեքստում Դուք ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը: Գո՞հ եք, արդյոք, վարչապետի ու կառավարության աշխատանքից:

Նախագահ Սարգսյան - Աշխարհում հիմա չկա մի կառավարություն, որ կարծի, թե լավ ժամանակներ են, եւ սա, իհարկե, վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, ճգնաժամը միայն կառավարության խնդիրը չէ, ճգնաժամը հայաստանյան երեւույթ չէ, բոլորս պարտավոր ենք միակամ լինել, կանգնել կառավարության կողքին, որպեսզի նա կարողանա մեղմել հետեւանքները: Մեր կառավարության հակաճգնաժամային ծրագիրը մի կողմից համահունչ է այլ երկրների կառավարությունների ծրագրերին, մյուս կողմից, իհարկե, ունի յուրահատկություններ, որովհետեւ այս ճգնաժամը մեզ համար ավելի է խստանում այն պատճառով, որ, ինչպես գիտեք, մեր ժողովուրդը ֆինանսական աջակցություն է ստանում մեր Սփյուռքից: Ճգնաժամի հետեւանքով այդ աջակցությունն էլ պակասեց, քանի որ այն ազդեցություն է ունեցել եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի վրա, եւ այլուր: Երկրորդ, գիտեք, որ մեր հասուն բնակչության մի մասն իր ապրուստը վաստակում էր արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունում, եւ այնտեղ էլ աշխատատեղերի կրճատման պատճառով այս մարդկանց մի մեծ մաս մնաց Հայաստանում: Կարծում եմ, բոլորս պետք է ողջունենք վարչապետի թափանցիկ գործունեությունը, նրա հաստատակամությունն ու մեր կառավարության վստահությունը վաղվա օրվա նկատմամբ: Ես իմ ուրախությունն եմ հայտնում, որ մենք մինչ այս ճգնաժամը կարողացանք ձեւավորել քաղաքական դաշինք, կոալիցիա եւ կադրերի ճիշտ ընտրություն կատարել: Կարծում եմ, այն քննադատությունը, որ հնչում է կառավարության, իշխանությունների հասցեին, օրինաչափ է, այդպես էլ պետք է լինի: Յուրաքանչյուր կառավարություն, իշխանություն պետք է պատրաստ լինի քննադատություն լսելուն եւ դրանից պետք է ոչ թե նեղսրտի, վիրավորվի, այլ պետք է հետեւություններ անի: Մենք ընտրել ենք այս ճանապարհը, եւ, կարծում եմ, որ ավելի դյուրին ու ճշմարիտ ուղի չկա:


“Առկա” լրատվական գործակալություն - Պարոն Նախագահ, պետությունը շարունակելո՞ւ է Համահայկական բանկի ստեղծման, նոր ատոմակայանի, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրերի իրականացումը` հաշվի առնելով գլոբալ ֆինանսական-տնտեսական ճգնաժամի հարուցած բարդությունները:

Նախագահ Սարգսյան - Անպայման: Ճգնաժամը ոչ թե պակասեցրել է այս ծրագրերը իրականացնելու մեր հաստատակամությունն, այլ, ընդհակառակը, մեզ ստիպում է, ավելի շատ ջանքեր գործադրել այդ ծրագրերի իրականացման համար, որովհետեւ այս ծրագրերը հենց մեր հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մասն են: Դրանք պարունակում են շատ լուրջ հակաճգնաժամային ռեսուրս, սոցիալական խնդիրներ լուծող մեծ փաթեթ, այդ պատճառով էլ անպայման, իրականանալու են: Ես հասկանում եմ որոշ մարդկանց թերահավատությունը, որովհետեւ այս ծրագրերն աննախադեպ են Հայաստանի համար: Սրանք բազմամիլիարդանոց ծրագրեր են /նկատի ունեմ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով/, բայց մենք կարողանալու ենք դրանք իրականացնել: Եթե հետեւում եք պաշտոնական հաղորդագրություններին, ապա մի փոքր վերլուծությունից հետո առաջընթաց կտեսնեք: Ես կարծում եմ, ապրիլի ընթացքում այս առումով մենք նոր բան կունենանք ասելու մեր հասարակությանը:


“Ռիա Նովոստի” լրատվական գործակալություն- Պարոն Նախագահ, խնդիրներից մեկը, որն, անկասկած, շատերին է հուզում դրամի` շուրջ 25 տոկոսանոց անկման եւ ապրանքային շուկայում արձանագրված էական գնաճի հետեւանքով մարդկանց վճարունակության նվազումն է: Սրա հետ կապված` ի՞նչ խնդիրներ եք դնում կառավարության առջեւ:

Նախագահ Սարգսյան - Ձեր փոխարեն ես կասեի` շուրջ 20 տոկոս արժեզրկում, քանի որ այստեղ մեկ, երկու, երեք տոկոսն էական հանգամանք է: Միանգամից ասեմ, որ յուրաքանչյուր կառավարության գործունեության արդյունավետություն պետք է գնահատել նրա` սոցիալական ծրագրեր իրականացնելու կարողությամբ: Այս պարագայում կարծում եմ, կառավարության դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Մենք անցել ենք շատ խիստ բյուջետային խնայողական ռեժիմի, բայց դա չենք տարածել սոցիալական ծախսերի վրա: Հիշում եք, 2009թ. բյուջեն հաստատելու ժամանակ կառավարությունը քննադատության ենթարկվեց, եւ որքան էլ տարօրինակ է, նաեւ յուրայինների կողմից, այն բանի համար, որ ավելացնում է թոշակները, սոցիալական նպաստները, ուսուցիչների ու սպաների աշխատավարձերը: Կարծում եմ, դա ճիշտ քայլ, ճիշտ որոշում էր, քանի որ ճգնաժամն առաջին հերթին հարվածում է անապահով շերտերին:

Իհարկե, ես պարտավոր եմ ասել, որ դրամի արժեզրկումն ունի եւ դրական, եւ անշուշտ, բացասական կողմեր: Բացասականը գնաճն է եւ, այս առումով կառավարությունը խնդիր ունի չթույլատրել չհիմնավորված գնաճ: Այսինքն, կարգավորող մարմիններն այս հարցում պետք է լինեն շատ խիստ, հետեւողական եւ գործեն օրենքի տառին համահունչ: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ դրամի արժեզրկումն որոշակի հնարավորություններ է ստեղծում տեղական արտադրողների համար, արտահանումը խթանելու եւ ներդրումներ ներգրավելու գործում: Եթե հիշում եք, մեկ-երկու տարի առաջ կառավարությունն ու Կենտրոնական բանկը խիստ քննադատության էին ենթարկվում դրամի արժեւորման գործընթացի պատճառով: Մենք ականատեսն ենք, թե աշխարհում ամենակայուն տարադրամներն ինչպես են մեկ արժեզրկվում, մեկ արժեւորվում: Եթե հետեւել եք` այսօր ու երեկ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում դոլար-եվրո հարաբերություններում: Դրամի արժեզրկումն ինքնին ողբերգություն չէ, եթե կարողանանք զսպել գները, ապա սա մեծ խնդիր չի լինի: Ուզում եմ նաեւ ասել, որ բնակչության համար դժվար է ճիշտ կողմնորոշվել այս գործընթացներում: Ձեզանից շատ բան է կախված`պետական վիճակագրական տվյալները մեր բնակչության տարբեր շերտերին հասցնելու համար: Երբ նայում եմ մամուլը, շատ եմ զարմանում` տեսնելով միակողմանի մեկնաբանում, պոպուլիստական մոտեցում եւ հոդվածներ: Այստեղ նստածներից շատերը եւ մեր բնակչության անապահով խավի մեծ մասն իմ այս խոսքերը լսելով գուցե վրդովվեն, բայց եթե անկեղծ լինենք ու նայենք գներին, կտեսնենք, որ այդպես չէ, որ գները միայն աճել են: Մեր երկրում սպառողական ինդեքսը, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել է մեկ տոկոսով, ինչը նույնիսկ վատ եմ համարում, քանի որ դա խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Շատերը կարող են ասել, թե Նախագահը խանութ եւ շուկա չի գնում եւ դրա համար չգիտի գների իրական վիճակը: Ձեզ հավաստիացնում եմ, որ ես ամեն օր հետաքրքրվում եմ այս խնդրով, եւ եթե դուք հիմա փորձեք համեմատել, ենթադրենք, ալյուրի գինը 2009թ. եւ 2008թ. մարտ ամիսներն, ապա կտեսնենք, որ այստեղ գնաճ չի եղել: Այո, մսի, շաքարավազի, բրնձի գներն աճել են, բայց նայեք, թե ինչ վիճակում են կարտոֆիլի, մակարոնեղենի, բուսական յուղի գները: Նորից եմ կրկնում, ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ դրամի արեժզրկումը բերել է շատ ապրանքների, առաջին հերթին` Հայաստան ներմուծվողների գնաճին:


“Հայոց Աշխարհ” օրաթերթ - Պարոն Նախագահ, ճգնաժամի հետեւանքների հաղթահարման հետ կապված` տեսակետ կա, որ արժե որոշ ժամանակ զերծ մնալ հարկային դաշտում կարգուկանոն հաստատելուց, սպասել ու ճգնաժամի ավարտից հետո միայն անցնել վարչարարության խստացմանը: Այս համատեքստում շրջանառվում է նաեւ "հարկային արձակուրդի" գաղափարը: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

Նախագահ Սարգսյան - Լավ չեմ վերաբերում։ Վստահ եմ, որ եթե հիմա մենք քվեարկություն անցկացնենք, ապա մեծամասնությունը կքվեարկի հարկային դաշտը կանոնակարգելու օգտին։ Այդպիսի տեսակետներ հնչեցնողները մի փոքր ծռում են իրենց միտքը, որպեսզի ուղիղ չհասկանանք. քանի որ ճգնաժամ է, եկե՛ք հարկ չվճարենք։ Եթե հարկ չվճարենք, ապա ինչպե՞ս ենք մենք ապրելու։ Իրականության մեջ, եթե այս ճգնաժամը չլիներ, մենք կգնայինք էվոլյուցիոն ճանապարհով, կունենայինք մուտքերի մակարդակ, կկարողանայինք կատարել անհրաժեշտ ծախսերը, եւ 5-6-7 տարիների ընթացքում կփորձեինք կարգուկանոն հաստատել հարկային դաշտում։ Ճգնաժամը ստիպում է մեզ արագացնել այդ գործընթացները։ Կարգուկանոն հարկային դաշտում՝ նշանակում է ազատ մրցակցություն, քաղաքակիրթ հարաբերություններ, իսկ մենք դրան ենք ձգտում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, միտում ունեն։ Բնականաբար, այդ խոսակցություններին ես ծանոթ եմ, որոշակի ուսումնասիրություն ենք կատարել։ Դրանք գալիս են տնտեսավարող սուբյեկտներից, նրանցից, ովքեր այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն հարկային ու մաքսային մարմինների հետ, ինչպես նաեւ այդ համակարգերից ազատված աշխատողներից։ Այս տարվա ընթացքում 300-ից ավելի մարդ ազատվել է հարկային ծառայությունից, մի քանի տասնյակ աշխատող էլ՝ մաքսայինից։ Այս մարդիկ չեն կարող լինել այդ փոփոխությունների ջատագովները։ Վատ եմ վերաբերում այդ խոսակցություններին:


“Նովոյե Վրեմյա” թերթ - Պարոն Նախագահ, ի՞նչ չափով է ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել Ձեր նախընտրական ծրագրի իրականացման վրա: Արդյո՞ք կուզենայիք այսօր` մեկ տարի անց, որեւէ դրույթ փոփոխել այդ ծրագրում կամ գուցե համադրել նորով:

Նախագահ Սարգսյան - Եթե իմանայի, որ լինելու է նման ճգնաժամ, հավանաբար այլ ծրագիր կունենայի, որում կլինեին նոր գաղափարներ։ Բայց ես չէի կարող կանխատեսել համաշխարհային այդպիսի ճգնաժամ, սակայն դա ծրագրերից հրաժարվելու առիթ չէ։ Իմ նախընտրական ծրագիրը կազմված է, հաշվարկված է հինգ տարվա համար, եւ այս հինգ տարիների ընթացքում մեր թիմով կարողանալու ենք ամբողջովին իրականացնել այդ ծրագիրը։ Այս եւ միգուցե հաջորդ տարվա ծրագրերում կարող են ժամկետային փոփոխություններ լինել, բայց, համոզված եմ, որ ծրագիրն իրականացվելու է ամբողջությամբ։


"Արտաշատ" հեռուստաընկերություն- Պարոն Նախագահ, նախընտրական շրջանում Դուք խոստացաք օգնել նաեւ երիտասարդ ընտանքիներին` խնդիրները լուծելու եւ յուրաքանչյուրի համար բնակարան, ավտոմեքենա գնելու հնարավորություն ստեղծել։ Սա, բնականաբար, կապված է երկրի ֆինանսական հնարավորությունների հետ, իսկ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունն այս առումով, կարծես թե, լավատեսություն չի թողնում։ Առհասարակ, ճգնաժամն ի՞նչ վերանայումների է հանգեցրել Ձեր նախընտրական խոստումների առումով։

Նախագահ Սարգսյան- Իհարկե, ճգնաժամը որոշակի ազդեցություններ ունեցել է իմ բոլոր ծրագրերի, եւ մասնավորապես այս ծրագրի վրա։ Սակայն պետք է մեկ անգամ եւս կրկնեմ, որ ճգնաժամը երբեք չի կարող առիթ լինել, առավել եւս արդարացում լինել որեւէ ծրագիր չկատարելու համար։ Այդ ծրագիրը հիմա նույնպես մասնակիորեն գործում է, օրինակ՝ ԵՊՀ մի մեծ խումբ երիտասարդ դասախոսների համար իրականացվում է ծրագիր։ Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, որ այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն արդեն իսկ երիտասարդ ընտանիքների ցուցակներ է կազմում, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել, ներգրավել հիպոթեքային ծրագրերում։ Մենք այդ ծրագրերը շարունակելու ենք եւ դիտում ենք դրանք որպես հակաճգնաժամային ծրագրեր, որովհետեւ ճգնաժամը նաեւ շատ վատ ազդեցություն է ունենում երիտասարդների, երիտասարդ ընտանիքների վրա։


“Անկյուն +3” հեռուստաընկերություն, Լոռու մարզ - Պարոն Նախագահ, տնտեսական ճգնաժամի պայմաններում հատկապես մարզերում կարեւորվում է նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ձեռնարկությունների անխափան աշխատանքը: “Վալեքս” խումբը հայտատարում է, որ Լոռու մարզում տնտեսական վիճակը բարելավելու համար լուրջ խթան կհանդիսանա Թեղուտի հանքավայրի շահագործումը: Ի՞նչ եք կարծում, դա այդպե՞ս է, եւ եթե այո, ինչպե՞ս են պատրաստվում իշխանություններն աջակցել հանքարդյունաբերության զարգացմանը, մասնավորապես, վարկային միջոցների ներգրավման հարցում:

Նախագահ Սարգսյան - Յուրաքանչյուր մեծ ձեռնարկության ստեղծում հակաճգնաժամային քայլ է՝ ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը։ Այդ առումով Թեղուտը բացառություն չէ, եւ հենց այս պատճառով է, որ մենք բազմաթիվ խնդիրներ լուծել ենք, հիմա էլ պատրաստակամ ենք լուծել։ Դա հնարավորություն կտա կյանքի կոչել հանքարդյունաբերական այդ մեծ ձեռնարկության ծրագրերը։ Կարծում եմ, որ ձեր նշած ընկերությունն ի վիճակի է կոմբինատը գործարկել նախատեսված ժամկետներում եւ, որքանով տեղյակ եմ, այս օրերին ձեռնարկության սեփականատերը շատ ինտենսիվ բանակցություններ է վարում համապատասխան բանկի հետ, որպեսզի կարողանա ներգրավել միջոցներ, առանց որի անհնար է գործարկումը։ Խնդիր էր առաջացել նաեւ այն պատճառով, որ մեր բնապահպանական կազմակերպությունները խիստ մոտեցումներ էին ցուցաբերել, ծրագիրը դրանից թանկացել էր։ Ի դեպ, սա ես չեմ համարում ողբերգություն, միգուցե ճիշտ քայլ էր։ Հիմա լրագրողներից էլ ջանքեր են պահանջվում, որպեսզի այս գործարանի կառուցման գաղափարի ճիշտ լինելը տեղ հասցվի: Մենք օժանդակել ենք ու պետք է օժանդակենք։


“Ցայգ” հեռուստաընկերություն, Գյումրի - Պարոն Նախագահ, արդյո՞ք ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում փոփոխության չեն ենթարկվի աղետի գոտում, մասնավորապես` Գյումրու բնակարանաշինարարական ծրագրերը:

Նախագահ Սարգսյան - Ո՛չ, չեն ենթարկվի։ Ինչպես գիտեք, Հայաստանի բոլոր կառավարությունները մշտապես զբաղվել են աղետի գոտու խնդիրների լուծմամբ։ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարյա ամեն օր էր զբաղվում աղետի գոտու խնդիրների լուծմամբ, եւ նրա նախագահության տասը տարիների ընթացքում հսկայական առաջընթաց ենք ունեցել։ Բայց, ցավոք սրտի, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել։ Այդ պատճառով էլ 2007 թվականին ՀՀ կառավարությունն ուսումնասիրեց գործընթացը եւ եկավ այն եզրակացության, որ պետք է առնվազն հինգ ու կես հազար բնակարան կառուցել ավերիչ երկրաշարժի հետանքներն իսպառ վերացնելու համար։ Գիտեք, որ կառավարությունը նախատեսել է միայն Գյումրիում այս տարի կառուցել եւ շահագործման հանձնել 1000 բնակարան։ Այդ միջոցները կան, շինարարական աշխատանքներն սկսվել են, եւ դրանք անպայման ունենալու են դրական ավարտ։ Այս ծրագիրն ինքնին հակաճգնաժամային բնույթ ունի, այն ենթադրում է 9000 մարդու համար աշխատատեղերի ստեղծում։ Խոսքը շինարարների ու շինանյութեր արտադրողների մասին է. մի կողմից կստեղծվեն աշխատատեղեր, մյուս կողմից՝ կլուծվեն սոցիալական խնդրները։ Այնպես որ, մենք այս ծրագիրը շարունակելու ենք, կարող եք չկասկածել։ Ու ոչ միայն Գյումրիում, ամբողջ աղետի գոտում։


“Խուստուփ” հեռուստաընկերություն - Պարոն Նախագահ, Սյունիքի մարզում գործազրկության մակարդակը հանրապետական միջինից բարձր է: Մարզում նոր աշխատատեղեր ստեղծելու առումով տարբերակներից մեկը կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետության հետ նախանշված ծրագրերի իրագործումը, մասնավորապես` երկաթգծի եւ հիդրոէլեկտրոկայանի համատեղ կառուցումը, որոնց վերաբերյալ արդեն ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Գործնականում ե՞րբ է տրվելու այս ծրագրերի մեկնարկը:

Նախագահ Սարգսյան - Այո, Սյունիքում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան Հանրապետության միջին ցուցանիշը: Բայց եկեք ճշմարտությունն ասենք: Դա այն պատճառով չէ, որ այլ մարզերի համեմատ այստեղ քիչ են արտադրական ձեռնարկություններն, այլ այն պատճառով, որ Սյունիքում քաղաքային բնակչության թիվը մեծ է: Դուք գիտեք, որ վերջերս ես եղել եմ մարզում, եւ վստահ եմ, որ Սյունիքի առաջատար ձեռնարկություններն` առաջին հերթին հանքարդյունաբերական ձեռնարկությունները, ոչ միայն շարունակելու են աշխատել, այլ նաեւ իրականացնելու են զարգացման ծրագրեր: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 2009թ. վերջին կոնկրետ Քաջարանի կոմբինատում պետք է արդեն ունենանք 16 մլն տոննա հանքաքարի վերամշակում: Սա կրկնակի ավելի է, քան Սովետական Միության ժամանակ վերամշակվող հանքաքարը: Ձեռնարկությունները, որոնք այսօր աշխատում են, միանշանակ աշխատելու են: Այն ծրագրերը, որոնք մենք նախատեսել ենք, եւ որոնց մասին դուք ասում եք, անպայման իրականացնելու ենք: Եթե ոչ այս տարի, ապա կարծում եմ, հաջորդ տարի սկսելու ենք երկաթուղու շինարարությունը: Ես մեծ հույս ունեմ, որ այս տարի սկսելու ենք մեկ այլ խոշոր ծրագիր` Իրան-Հայաստան պատրաստի արտադրանքի խողովակաշարի կառուցումը, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրենք բենզին եւ դիզվառելիք: Արաքսի վրա ՀԷԿ-ի շինարարությունը եւս սկսելու ենք: Սա շատ մեծ սոցիալական խնդիրներ լուծող ծրագիր է` հզոր հիդրոկայան, որի նմանը չկա ողջ տարածաշրջանում: Վստահ եմ, որ այս ծրագրերն իրականացվելու են եւ լուծելու են սոցիալական խնդիրներ ոչ միայն Սյունիքի մարզում:


"Հ1" հեռուստաընկերություն - Պարոն Նախագահ, գաղտնիք չէ, որ երկրում ցանկացած հարց ու դրական տեղաշարժ ժողովուրդը կապում է անմիջապես իշխանության եւ երկրի նախագահի հետ: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ մեր ժողովուրդն առաջիկա մեկ տարվա ընթացքում, հատկապես եթե հաշվի առնենք, որ տարին մեր երկրի ու ամբողջ աշխարհի համար դժվար է լինելու:

Նախագահ Սարգսյան - Ես չեմ կասկածում, որ ցանկացած խնդիր մեր ժողովուրդը կապում է Հանրապետության ղեկավարության հետ։ Միգուցե ճիշտ համեմատություն չեմ անում, բայց վստահ եմ, որ եթե մեկի տանը հեռուստացույցը փչանում է, դժգոհում են հանրապետության նախագահից։ Դեռեւս բավական տեւական շրջան մեր հասարակությունում այդ իրավիճակն է լինելու, բայց գալու են ժամանակներ, երբ մեր հասակարությունը տարբերակելու է հանրապետության ղեկավարության գործառույթները։ Ես ասել եմ, ու ասում եմ, որ իմ ամենակարեւոր խնդիրն այն է, որ այս ճգնաժամի հետեւանքները մեր ժողովրդի համար չլինեն ավելի ծանր, քան ուրիշների համար։ Այստեղ ուզում եմ մի փոքր շեղում անել եւ ասել, որ, չգիտես ինչու, հանրապետության կառավարությանը եւ նախագահին քննադատում են այն բանի համար իբր ասել ենք, թե Հայաստանում ճգնաժամ չի լինելու, այն շրջանցելու է մեզ։ Իրականում մենք չենք կարող այսպիսի բան ասել, քանի որ նման կերպ կարող է մտածել միայն մտավոր խնդիրներ ունեցող մարդը։ Մենք ասել ենք ու հիմա էլ կրկնում ենք, որ մեր խնդիրը ճգնաժամի հետեւանքները մեր ժողովրդի համար մեղմելն է, եւ այն վիճակի ստեղծումը, որ դա ավելի ծանր չտանենք, քան ուրիշները։ Մենք այդպես ասացինք նաեւ համաշխարհային շուկայում շատ ապրանքների թանկացման հետ կապված, եւ տարեվերջին տեսաք, որ սղաճը Հայաստանում շատ ավելի ցածր էր, քանի մեր հարեւան երկրներում ու ԱՊՀ տարածքում։


“Ազատություն” ռադիոկայան - Պարոն Նախագահ, տարեսկզբին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարության համար այս տարվա առաջնահերթություններից է լինելու խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելը: Ձեր գնահատմամբ, կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարվել այս խոստումն իրականություն դարձնելու համար:

Նախագահ Սարգսյան -Կարծում եմ, որ նման հայտարարությունները չեն կարող գնահատականի արժանանալ կարճ ժամանակահատվածում, գոնե 1-1,5 տարի անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք գնահատել այդպիսի հայտարարության եւ աշխատանքի արդյունավետությունը։ Բայց այն քայլերը, որ հիմա ձեռնարկվում են, ճիշտ են՝ սկսած խոշոր ձեռնարկությունների համար արտաքին աուդիտի պահանջից մինչեւ ՀԴՄ-ների տեղադրումը, խոշոր ներկրողների պահեստներից հանվել են ՀԴՄ-ները եւ այլն։ Ես կարծում եմ, պետեկամուտների կոմիտեի ղեկավարը շատ բարեխղճորեն կկատարի իմ այն հանձնարարությունը, որ ամեն անգամ հրապարակային ելույթի ժամանակ պետք է նշի այն խոշոր գործարարի անուն-ազգանունը, ով ավելացրել է իր հարկերը։ Եվ դա պետք է անի ոչ միայն համեմատելով հարկերի ֆիզիկական ծավալները, գումարի չափը, այլ ելնելով նրա՝ տարբեր ժամանակահատվածներում ունեցած շրջանառությունից, տնտեսական գործունեությունից։ Կտեսնեք, որ տարբերություններ լինելու են։ Մենք չենք կարող կանոնակարգել հարկային դաշտը, եթե դրա առաջամարտիկները (ես սա գիտակցաբար եմ ասում) չլինեն խոշոր ձեռնարկությունները եւ հարկատուները։ Մենք մշտապես ասում ենք, որ խստացնելու ենք մեր վերաբերմունքը խոշոր հարկատուների ու բիզնեսի նկատմամբ։ Միգուցե որոշ պարագաներում մարդիկ մտածում են, որ մենք դա անում ենք պոպուլիստական դրդումներից ելնելով։ Ոչ, գոնե ես նման դրդում չունեմ։ Շատ լավ եմ վերաբերվում խոշոր բիզնեսին, այն հանդիսանում է մեր տնտեսության լոկոմոտիվը, բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, որ այն ուղղակի պարտավոր է լինել հարկային դաշտում։ Հատկապես ճգնաժամի պայմաններում խոշոր բիզնեսը պետք է համակերպվի խոշոր շահույթ չստանալու մտքի հետ։ Իհարկե, բիզնեսը պետք է լինի շահութաբեր, հակառակ պարագայում անիմաստ է նրա գործունեությունը։ Մենք այդ գնահատականը կտանք 2009 թ. արդյունքներով։


“Իտառ-Տասս” լրատվական գործակալություն - Պարոն Նախագահ, ՀԱՊԿ-ի մասին հնչում են տարբեր կարծիքներ. ոմանք պնդում են, որ հետխորհրդային պետությունների ինտեգրումն անհեռանկարային գործ է եւ ապագա չունի, մյուսներն էլ կարծում են, որ սա նախկին ԽՍՀՄ պետությունների գոյատեւման միակ ձեւաչափն է։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս հարցում, հատկապես, որ մեր երկիրը նախագահում է ՀԱՊԿ-ում։ Եւ երկրորդ հարցը` կարո՞ղ է գալ մեկ օր, որ Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին։

Նախագահ Սարգսյան - Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում են, որ այն լինի նրա անդամները։ Եթե այդպիսի կարծիքները գալիս են ՀԱՊԿ անդամներից, դա լավ չէ, իսկ եթե այդ կարծիքները տարածում են ուրիշները, ապա դա իրենց խնդիրն է։ ՀԱՊԿ-ն կայացող կազմակերպություն է եւ նրա առանցքային գաղափարն է` հարձակումն անդամ երկրներից մեկի վրա, նշանակում է հարձակում մյուսների վրա: Այսինքն՝ կոլեկտիվ պաշտպանություն։ Շատ կենսունակ գաղափար է։ Որքան մենք կարողանանք այս գաղափարն իրականացնել, դարձնել շոշափելի, այնքան կենսունակ կլինի այս կազմակերությունը։ Հայաստանի նախագահության օրոք լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել, եւ դրանց մասին բոլորդ տեղյակ եք, վկա եք, թե ինչպես ցավոտ արձագանքեցին մյուսները, ինչը նույնպես գնահատական է։ Այդ տեղաշարժերը շարունակվելու են, հունիսին տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդի հաջորդ նիստը, եւ այնտեղ մենք կընդունենք որոշումներ, որոնք համահունչ կլինեն այն մտքերին, ինչ ես արտահայտեցի։ ՀԱՊԿ անդամ երկրների հասարակություններն ավելի առարկայական ու շոշափելի կտեսնեն հարցի օգտակարությունը։

Մենք կարծում ենք, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեր անվտանգության բաղկացուցիչ մասն է, ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության երաշխավորն է, մենք եվրոպական պետություն ենք եւ պարտավոր ենք մեր ուժերի սահմաններում մասնակցություն ունենալ։ Լավ հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, համագործակցում ենք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչը ոչ թե մեր, այլ ՆԱՏՕ-ի կողմից մշտապես գնահատվել է դրական։ Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, բայց ինչպես հանրահայտ է, մենք մեր առջեւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խնդիր չենք դրել, մեր օրակարգում նման հարց չկա։


“Երկիր Մեդիա” հեռուստաընկերություն - Պարոն Նախագահ, վերջերս թուրքական կողմի քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում հաճախ տեսակետ է հնչում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ այլ երկրների խորհրդարաններում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս տեսակետին։

Նախագահ Սարգսյան - Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հաստատման գործընթացում չենք ենթադրում որեւէ նախապայմանի առկայություն։ Մենք Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը չենք համարում որպես հարաբերություններ ստեղծելու պայման, եւ ակնկալում ենք, որ թուրքերն էլ որպես նախապայման չեն դիտում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը։ Ամերիկացներն իրենք են ականատես եղել ցեղասպանությանը։ Ամերիկացիներն ունեցել են դիվանագետներ, միսիոներներ, բիզնեսմեններ, եւ նրանք մեր կարիքը չունեն՝ համոզվելու ցեղասպանության փաստի մեջ։ Ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների ընթացքում հազվագյուտ էին կամ գրեթե բացակայում էին ելույթները, որոնցում կասվեր, թե ցեղասպանություն չի եղել, ինչո՞ւ եք նման հարց բարձրացնում։ Ելույթ ունեցողների գերակշիռ մասն ասում էր, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, նրանց մի մասն ասում էր, որ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել, մյուսներն էլ ասում էին, որ հիմա ժամանակը չէ։ Այնպես որ, եթե ԱՄՆ-ը համարի, որ այսօր ցեղասպանության ճանաչումը կարող է գործոն լինել, որը կխոչընդոտի նոր ցեղասպանությունների կազմակերպմանը, կօգնի պայքարելու ահաբեկչության ու մյուս հանցագործությունների դեմ, դա կանի, իսկ եթե ոչ՝ ապա չի անի։ Չեմ կապում այս գործընթացը մեր հարաբերությունների հետ, քանի որ եթե սա կապենք մեր հարաբերությունների հետ, ապա ցեղասպանության յուրաքանչյուր ճանաչման դեպքում դրանք կարող են վատթարանալ։ Մենք չենք, որ Միացյալ Նահանգներին դրդում ենք ճանաչել ցեղասպանությունը։


“Իրավունք դե-Ֆակտո” թերթ - Պարոն Նախագահ, մյունխենյան ձեր հայտնի ելույթում դուք տեսակետ հայտնեցիք, որ առաջիկայում չի բացառվում տարածաշրջանում ականատես լինենք ոչ ստանդարտ լուծումների: Ի՞նչ նկատի ունեիք ոչ ստանդարտ լուծումներ ասելով:

Նախագահ Սարգսյան - Մենք պետք է խուսափենք կաղապարներից, մենք պետք է նոր լուծումներ գտնենք, ավելի շատ մտածենք կառուցողական քայլերի, քան հոխորտալու, ստատուս-քվոն պահպանելու, եղած խնդիրներն ապագային թողնելու մասին։ Շատ պարզ բան եմ ասել, իմ ասածի մեջ գաղտնի բան չկա։ Յուրաքանչյուր մարդ, ղեկավար պետք է պատրաստ լինի, եւ այս պարագայում տարածաշրջանում տեսնում եմ այն ղեկավարներին, ովքեր պատրաստ են այդ ստանդարտներից դուրս լուծումներ փնտրելուն եւ գտնելուն։


“Միր” հեռուստաընկերություն- Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությանը:

Նախագահ Սարգսյան - ՀԱՊԿ-ն բաց կազմակերպություն է եւ անդամ դառնալը ենթադրում է որոշակի իրավական գործընթաց: Ես տեղյակ չեմ Իրանի Իսլամական Հանրապետության հայտարարությանը, որ ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ: Եթե նման դիմում լինի Հայաստանի Հանրապետությանը, որպես ՀԱՊԿ անդամ եւ Իրանին բարեկամ երկիր, իր կարծիքն անպայման կհայտնի: Բայց նման հայտարարության ես տեղյակ չեմ:


«Արմենիան Ռիփորթեր» թերթ- Պարոն Նախագահ, Հայաստանի բոլոր երեք նախագահները ղարաբաղյան կարգավորման գործընթացում նշել են երեք նախապայման, որոնցից այն կողմ Հայաստանը փոխզիջումների տեղ չունի. Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, լինեն անվտանգության երաշխիքներ։ Հայ-թուրքական հարաբերությունների պարագայում ի՞նչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը։

Նախագահ Սարգսյան - Ստիպված պետք է կրկնեմ, որ մենք չենք տեսնում հնարավոր որեւէ նախապայմանի առկայություն մեր հարաբերություններն սկսելու գործում։ Մենք ասել ենք ու կրկնում ենք, որ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Հիմա, իմ կարծիքով, գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, ապա պետք է ասել, որ գնդակը հարատեւ չի կարող մի դաշտում մնալ, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլային խաղ ունի սահմանված ժամկետներ։ Հնարավո՞ր է, արդյոք, որ մենք մեր հաշվարկներում սխալված լինենք, ու հիմա թուրքերը այլ դիրքորոշում ընդունեն ու փորձեն որեւէ նախապայման առաջադրել։ Իհարկե, հնարավոր է, նման բանը չի կարելի հարյուր տոկոսով բացառել։ Կարծում եմ, որ մենք նույնիսկ այդ պարագայում գործընթացից դուրս կգանք ավելի ուժեղացած, դրանով մեկ անգամ եւս ընդգծեցինք եւ միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք, իրոք, պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն։ Եթե առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը դուք անվանում եք փոխզիջումներ կամ այդպես եք գնահատում, խնդիր չեմ տեսնում։ Կրկնում եմ, մենք կողմ ենք ու մեր դիրքորոշումն այն է, որ այլ կերպ լինել չի կարող՝ հարաբերություններ առանց նախապայմանների։


«Մեդիամաքս» լրատվական գործակալություն - Պարոն Նախագահ, եթե հայ-թուրքական երկխոսությունն այդքան հեշտ էր, ապա ինչո՞ւ դա չէր արվում նախկինում, ի՞նչն էր, որ թույլ տվեց Ձեզ՝ հայկական կողմին, սկսել այդ երկխոսությունը։

Նախագահ Սարգսյան - Ես իմ մասով կասեմ. խորապես համոզված եմ, եւ իմ համոզմունքը չի ձեւավորվել նախագահ ընտրվելուց հետո։ Բոլորդ տեղյակ եք, կարող եք վերցնել ազգային անվտանգության ռազմավարությունը, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իմ նախկին գնահատականները։ Ես անկեղծորեն համոզված եմ, որ մենք պարտավոր ենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատել, եւ կարծում եմ, որ այնպիսի հմուտ դիվանագիտական համակարգ, ինչպիսին թուրքականն է, ի վիճակի է գնահատել անկեղծության աստիճանը։ Սա մի հանգամանքն է, իսկ մյուսը, անշուշտ, միջազգային տարբեր գործոնների հանրագումարն է։ Ահա այս գործոններն են, որոնք մեզ հնարավորություն են տվել այսօր լինել այս վիճակում։


«Ազգ» օրաթերթ -Պարոն Նախագահ, թուրքական եւ ադրբեջանական կայքերում թուրք պաշտոնյաները հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կապում են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հետ։ Հայ-թուրքական հարաբերություններն այսօր ո՞ր հանգրվանում են։

Նախագահ Սարգսյան - Ես ցանկանում եմ, որ մեր հանրությունը առաջին հերթին անկեղծորեն հավատա պաշտոնապես հնչող հայտարարություններին։ Բազմիցս իմ խոսնակի, արտգործնախարարության խոսնակի, ԱԳ նախարարի միջոցով, իմ շուրթերով հնչեցվել է, որ մենք գնալու ենք հարաբերությունների հաստատման առանց նախապայմանների։ Բազմիցս հնչեցրել ենք, որ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել ո՛չ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ո՛չ էլ ցեղասպանության հարցը։ Վերջին անգամ նման հայտարարություն հնչեցրել ենք նախորդ կիրակի երեկոյան։ Կրկնեմ. հնարավոր է, որ թուրքերը փոխեն իրենց դիրքորոշումը, հետ կանգնեն մեր ձեռք բերած պայմանավորվածությունից, նրանց փոխարեն ես չեմ կարող պատասխանել ու պատասխանատու լինել։ Ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության եւ իմ վարկանիշի համար։ Մենք այլ դիրքորորշում չենք ունեցել եւ չենք ունենալու։ Մեր դիրքորոշումը միակն է՝ հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների։

Իսկ սահմանի բացումը հնարավո՞ր է։

Նախագահ Սարգսյան -Արտասահմանյան լրատվամիջոցներին վերջերս բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել եւ դրանցում ասել եմ բառացիորեն հետեւյալը՝ Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կա՛մ կանցնեմ բաց սահմաններով, կա՛մ էլ կլինի դրա նախօրյակին։ Սա կարելի է համարել լավատեսական մոտեցում, հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա։ Կրկնում եմ մենք այս գործընթացից տուժած դուրս չենք գալու։


«Հայաստանի զրուցակից» - Պարոն Նախագահ, հայ-թուրքական սահմանի բացումից եւ դրա հետեւանքներից անհանգստացած են հայրենական արտադրողները, ովքեր կարծում են, որ թուրքական էժան ապրանքի մուտքը կարող է խաթարել մեր տեղական արտադրությունը, ոմանք նույնիսկ դա համարում են թուրքական հատուկ ծրագիր։ Չե՞ք կիսում այս անհանգստությունը։

Նախագահ Սարգսյան - Ոչ, չեմ կիսում մի քանի պատճառներով։ Մի քանի հանդիպումներ եմ ունեցել մեր տեղական արտադրողների հետ, հարցրել եմ նրանց կարծիքը, եւ նրանք միանշանակ ասել են այն մասին, որ սահմանի բացումն իրենց համար նշանակում է նոր հնարավորություններ։ Թուրքական հսկայական շուկան մեծ հնարավորություն է Հայաստանի արտադրողի համար։ Խնդիրն այստեղ այլ է։ Այսօր ՀՀ-ում կարող են վաճառվել թուրքական ապրանքներ, որոնք բերվում են ոչ թե հայ-թուրքական սահմանով, այլ Վրաստանից։ Ի՞նչ կարող են նրանք անել։ Նրանց խանգարում են ոչ թե տրանսպորտային ծախսերը, այլ օրենսդրությունը, որը միշտ կարող է փոխվել։ Սա մեկ։ Երկրորդը՝ ես կողմ չեմ, որ այդ օրենսդրությունը մշտապես գործի, կողմ եմ մրցակցությանը։ Եթե մենք չենք կարողանալու մրցակցել թուրքական արտադրողների հետ, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում մրցակցել եվրոպական արտադրողների հետ։ Այդ դեպքում բոլոր մեր սահմանները փակենք, ասենք, որ ուզում ենք ինքնաբավ լինել ու փորձենք «Մերսեդես» կամ նմանատիպ մեքենա արտադրել... Ցանկությունը լավ բան է, բայց եթե չենք կարողանալու խաղող կամ պոմիդոր արտադրելով մրցակցել թուրքերի հետ, մենք ի՞նչ ենք ուզում։ Ինչո՞ւ թուրքերը պետք է կարողանան ավելի լավ կոնֆետ կամ ծխախոտ արտադրել, քան մենք։ Էժա՞ն։ Այդ դեպքում թող սպառողը որոշի, թե իրեն ինչն է ձեռնտու՝ էժան ու անորա՞կ, թեեւ կարող եմ ասել, որ կան թուրքական այնպիսի ապրանքներ, որոնք իրենց որակով ոչ մեկին չեն զիջում։ Ուզում եմ ասել, որ այստեղ մրցակցության խնդիր է, եւ պետք է կարողանանք այդ մրցակցությանը դիմանալ։ Բայց մյուս կողմից էլ մենք մեր տրամադրության տակ, ինչպես մնացած երկրները, ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք հանգիստ կարելի է օգտագործել։ Մի կողմից ասում ենք, որ ապրանքները պետք է լինեն էժան, մյուս կողմից՝ ասում ենք, որ այդ էժան ապրանքները պետք չեն... Ուզում եմ մի օրինակ բերել։ Մի քանի օր առաջ գյուղմթերք արտադրողները, ովքեր ջերմոցներ ունեն եւ լոլիկ են աճեցնում, կառավարությանը բողոքել են, որ Հայաստան է մտնում մեծ քանակությամբ իրանական էժան պոմիդոր, եւ գործադիրը պետք է միջոցներ ձեռնարկի։ Ինձ համար սա նոր ահազանգ էր, եւ որոշեցինք ստուգել։ Պարզվեց, ամբողջ 2009 թվականին ներմուծվել էր 100 տոննայից մի քիչ ավելի պոմիդոր, այսինքն՝ չնչին մի բան։ Հետո պարզվեց, որ այս մարդկանց կազմակերպել են, մտածում էին, թե հիմա տաքսիստները մեծ աղմուկ կբարձրացնեն, գյուղացիներին կբերեն եւ այլն, եւ այլն... Ինչպես են ռուսներն ասո՞ւմ. «Սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչպես կարծում ենք»։ Չեմ կարծում, թե էժան ապրանքը մեծ խնդիր կլինի։


«Երկիր» թերթ - Պարոն Նախագահ, տեղեկատվություն կա, որ Ամերիկայի հայկական լոբբին այս օրերին Հայաստանից ազդանշանի է սպասում Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խթանելու կամ դադարեցնելու համար։ Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։

Նախագահ Սարգսյան - Բոլորովին չի համապատասխանում եւ վիրավորում է այն մարդկանց արժանապատվությունը, ովքեր տարիների ու տասնամյակների ընթացքում ծառայել են մեր ժողովրդի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերին։ Այդ մարդիկ հասուն ու կայացած մարդիկ են, եւ Երեւանից որեւէ ցուցումի կարիք չունեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա այդպիսի միտք անգամ ունենալ, բնականաբար, մենք մշտապես խորհրդակցում ենք կառույցների ղեկավարների հետ, մշտապես քննարկում ենք հարցեր, բայց այդպիսի երեւույթ, չեմ կարծում, որ կարող է գոյություն ունենալ։ Այդ մարդիկ ԱՄՆ-ի շատ լավ քաղաքացիներ են, նրանք ազգային գործիչներ են, կայացած անհատներ, եւ նրանց ցուցում տալը ճիշտ վարմունք չէ։ Ներողություն, կարծում եմ, որ նման գաղափարներ տարածողներն ուղղակի ուզում են սեպ խրել, ասել, թե՝ այնտեղ ցանկանում են, Հայաստանից զսպում են կամ՝ ընդհակառակը։ Պա՞րզ է, թե նպատակը որն է։


«Արմնյուզ» հեռուստաընկերություն - Պարոն Նախագահ, մի քանի օրից ապրիլի 24-ին ուղերձով դիմելու եք հայությանն ու աշխարհին։ Հաշվի առնելով անցած տարվա արդյունքները Ձեր խոսքում այս անգամ ո՞րն է լինելու կարեւոր ուղերձը։

Նախագահ Սարգսյան - Չեմ կարծում, որ ինչ-որ բան պետք է փոխվի։ Իմ կարծիքն ու մոտեցումները չեմ կարող այդքան կարճ ժամանակի ընթացքում փոխել։ Ինչպես ասացի, մեր հարաբերությունների հաստատումը չի ենթադրում կասկածի տակ առնել ցեղասպանության հարցը։ Մենք պետք է ափսոսանք, որ եղել են միլիոնավոր անմեղ զոհեր, պետք է ցանկանանք, որ այլեւս որեւէ անգամ ու որեւէ տեղ նման բան չկրկնվի։


«Արմինֆո» լրատվական գործակալություն - Պարոն Նախագահ, ի՞նչ ակնկալիքներ եւ սպասելիքներ ունի Հայաստանը ԱՄՆ նոր նախագահից եւ նոր վարչակազմից:

Նախագահ Սարգսյան - Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ դրա մասին բազմիցս ասել ենք։ Ես կարծում եմ, որ առաջին իսկ նախանշանները կան, եւ նոր վարչակազմի հետ կարողանալու ենք հասնել լուրջ հաջողությունների։ Բնականաբար, մանրամասն տեղյակ ենք նոր ղեկավարության, նոր նախագահի դիրքորոշումներին՝ կապված արտաքին քաղաքականության ու, ընդհանրապես, հայերի հետ, եւ վստահ ենք, որ կան շատ լուրջ հիմքեր մեր հարաբերություններն առաջ տանելու համար։


«Նովոստի Արմենիի» լրատվական գործակալություն - Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն են հայ-ռուսական ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային համագործակցության հեռանկարները։

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ՝ շատ լավ։ Սա այն եզակի հարցերից մեկն է, որտեղ մեր ժողովուրդն ամբողջությամբ վստահում է իշխանություններին ու գոհ է մեր վարած քաղաքականությունից։ Ես ուրախ եմ, որ Ռուսաստանի հետ ունենք այնպիսի հարաբերություններ, որոնց ապագան տեսնում եմ միայն որպես զարգացող։ Ուրախ եմ, որ ունենք Ռուսաստանի նման ռազմավարական գործընկեր։ Ավելորդ չեմ համարում ասել, որ յուրաքանչյուր երկիր կարող է հպարտանալ նման գործընկեր ունենալով։ Ռուսական լրատվամիջոցներին ասել եմ, որ ինձ համար դժվար է ասել, թե ինչպիսի գործընկեր է Հայաստանը Ռուսաստանի համար, բայց Ռուսաստանը մեզ համար վստահելի ու լավ գործընկեր է։


«Ինտերֆաքս» լրատվական գործակալություն -Պարոն Նախագահ, ՀԱՊԿ անդամ երկրների որոշմամբ ստեղծվում են արագ արձագանքման հավաքական ուժերը։ Բաքուն մտավախություն ունի, որ դրանք կարող են օգտագործվել հ

← Վերադառնալ