17
01, 2011

Նախագահ Սարգսյանի խոսքը Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի Կիպրոս կատարած պետական այցի շրջանակում

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ Նախագահ Խրիստոֆիասին հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար: Շատ ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Կիպրոսում:

Նախագահ Խրիստոֆիասի հետ ունեցանք հետաքրքիր և բովանդակալից քննարկում։

Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջև հաստատվել են ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, իսկ նոր ժամանակներում` նաև ընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքները:

Հայ-կիպրական բարեկամությունն ունի զարգացման մեծ ներուժ: Այսօր ստորագրված չորս փաստաթղթերը կարևոր խթան են այդ ուղղությամբ:

Մենք պայմանավորվեցինք պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ինտենսիվությունը:

Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ զարգացում է ապրում համագործակցությունը մեր երկրների ռազմական գերատեսչությունների միջև: Ինձ համար սա նաև անձնական նշանակություն ունի, որովհետև այս համաձայնագիրը ես եմ ստորագրել 2002թ., երբ ՀՀ պաշտպանության նախարարն էի:

Քննարկելով առևտրատնտեսական հարաբերություններում առկա վիճակը` Նախագահ Խրիստոֆիասի հետ արձանագրեցինք, որ հավելյալ քայլեր կձեռնարկենք համագործակցության ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար: Կարծում եմ` դրան կնպաստի հենց այս այցի շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը, ինչպես նաև մի քանի օր առաջ Երևանում կայացած հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Հեռանկարային է համագործակցությունը զբոսաշրջության և սննդամթերքի վերամշակման ոլորտներում:

Բացառիկ կարևոր է մեր երկրների միջև ձևավորված ամուր մշակութային կապերի զարգացումը` մասնավորապես ակտիվ մշակութային փոխանակումների միջոցով: Ընդհանուր համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև կրթական կապերի ամրապնդումը, որտեղ էական գործոն է միջբուհական համագործակցության խորացումը:

Անշուշտ անդրադարձանք հայ-թուրքական և կիպրա-թուրքական հարաբերություններին։

Ինչպես և մեր բարեկամ Կիպրոսը, մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով։ Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

Հայաստանը դեմ չէ հարևան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի Եվրոպական Միություն առանց իր անցյալի հետ հաշտվելու և անմիջական հարևանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու:

Խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հեռանկարների մասին: Մենք համամիտ ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի` հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները՝ այդ հակամարտությունների կարգավորման առումով և չենք համարում, որ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունները փայլուն ապագա ունեն, և ուզում եմ վստահեցնել բոլորին, որ ես և պարոն Խրիստոֆիասը կանենք ամեն ինչ այդ ուղղությամբ:

Շնորհակալություն։

← Վերադառնալ