25
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ պետական այցի շրջանակներում Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

album picture

Շնորհակալություն, հարգարժան Դմիտրի Մեդվեդև,

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Նախքան քիչ առաջ ավարտված հանդիպումների արդյունքների մասին ձեզ հետ կիսվելը, կցանկանայի անկեղծ երախտագիտություն հայտնել իմ բարեկամին և գործընկերոջը` Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնություն պետական այցի հրավերի համար: Սա առաջին պետական այցն է մեր պետությունների միջև հարաբերությունների պատմության մեջ: Եվ մենք հասկանում ենք, որ այն ցույց է տալիս մեր հարաբերությունների բացառիկ բնույթը: Սա նշանակում է, որ մենք արդեն հատել ենք բարիդրացիական հարաբերությունների շեմը, և մեր հարաբերություններն այժմ կառուցում ենք ռազմավարական գործընկերության, դաշնակցային հարաբերությունների ոգով: Մեզ դա լիովին բավարարում է: Ինչ վերաբերում է հանդիպմանը, Դմիտրի Անատոլիի Մեդվեդևն արդեն ընդարձակ և բազմակողմանի ներկայացրեց մեր հանդիպման թեմատիկան, որով գործնականում մեկնարկեց պետական այցը Ռուսաստանի Դաշնություն:

Իմ կողմից նշեմ, որ մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում մեր երկու պետական այցերը, որոնց միջև ընկած հատվածում եղել են բազմաթիվ հանդիպումներ` ինչպես պետության և կառավարության ղեկավարների, այնպես էլ օրենսդիր իշխանության, մեր նախարարությունների և գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով, վկայում են այն դրական լիցքի մասին, որը հատուկ է միայն շատ մտերիմ երկրներին, որոնք իրենց հարաբերությունները կառուցում են իսկական դաշնակցային հարաբերությունների ոգով:

Մեզ հաջողվեց ապահովել զարգացման կայուն աճ բոլոր ուղղություններով. շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, մենք ձեռնամուխ ենք եղել տնտեսական նոր նախագծերի իրականացմանը, ընդլայնել ենք հումանիտար ոլորտում շփումները և միջտարածաշրջանային կապերը: Դա կարևոր է, քանի որ ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների ամրապնդման ընդհանուր տրամադրվածությունը: Այդ գործի շարունակությանը կծառայի հենց նոր ստորագրված հումանիտար մեծ Համաձայնագիրը, որը առաջիկա տասնամյակների հեռանկարով կստեղծի գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հնարավորություններ:

Դիտարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը: Իսկ այդպիսիք մեզ մոտ շատ-շատ են:

Տնտեսական ոլորտում մենք ունենք ընդհանուր մեծ նախագծեր: Պետք է նկատել, որ այդ ոլորտում մեր համագործակցությունն այնպիսին է, որ մենք կարողացանք նույնիսկ ճգնաժամի ժամանակահատվածում որակական փոխություններ թույլ չտալ:

Ռուսաստանը եղել և վստահորեն մնում է Հայաստանի առաջին գործընկերը և՛ ապրանքաշրջանառության, և՛ ներդրումների, և՛ համատեղ ձեռնարկությունների քանակի առումով:

Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք ձեռք բերվածով: Պետք է բազմազանեցնել մեր առևտրատնտեսական կապերը, օգտագործել բոլոր հնարավորությունները էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում, գյուղատնտեսության, շինարարության մեջ, լրացուցիչ խթան հաղորդել միջտարածաշրջանային համագործակցությանն ու զբոսաշրջությանը, զարգացնել ներդրումային նախագծերը և համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, բժշկության գծով և այլ ոլորտներում: Դրան է ուղղված այնպիսի կարևոր համակարգող մեխանիզմի գործունեությունը, ինչպիսին է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որից մենք սպասում ենք ինչպես պայմանավորվածությունների ժամանակին իրականացում, այնպես էլ հետագա փոխգործակցության վերաբերյալ նոր առաջարկություններ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմի համանախագահին` պարոն Լևիտինին լավ աշխատանքի համար:

Ես նաև ուրախ եմ, որ այցի շրջանակներում մենք ստորագրեցինք մի շարք համաձայնագրեր և փաստաթղթեր: Չնայած կարող է թվալ, թե ունենալով այնպիսի իրավապայմանագրային բազա, որում հաշվվում են մոտավորապես 200 միջպետական, միջկառավարական և այլ փաստաթղթեր, դժվար է մտածել դրա հետագա ընդլայնման մասին: Բայց հենց այն փաստը, որ մենք դրանք այսօր ստորագրեցինք, խոսում է այն մասին, որ նոր հորիզոններ դուրս գալու, երկարաժամկետ հեռանկարներ ունեցող նախագծեր համատեղ իրականացնելու հնարավորություններ կան:

Բնականաբար, մենք խոսել ենք միջազգային ասպարեզում մեր համագործակցության մասին, խոսել ենք տարածաշրջանային գործերի մասին, հանգամանորեն մտքեր ենք փոխանակել ղարաբաղյան կարգավորման մասին:

Դրա կապակցությամբ ես ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի Ռուսաստանի Դաշնության նախագահին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին` հետևողական միջնորդական ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ երկրների հետ սերտ փոխգործակցությամբ: Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ և անձամբ իր մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տասը հանդիպում, ստորագրվել է երեք հայտարարություն, որոնք ոչ միայն օգնեցին պահպանել փխրուն խաղաղությունը, այլ նաև ստեղծեցին հնարավորություններ, դժվար է ասել, կողմերի միջև վստահության չափի ամրապնդման, բայց, ամեն դեպքում` վստահության ինչ-որ նշանների առաջացման համար:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների կողմից Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունվել է երեք հայտարարություն, որոնք նշմարում էին խաղաղ կարգավորման ուրվագծերը:

Մեր այսօրվա հանդիպման ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի նվիրվածությունը` բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա հակամարտության շուտափույթ լուծմանը: Հենց այս ոգով ենք տեսնում հարցի կարգավորումը, երաշխավորված խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման հնարավորությունները:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ջերմ ընդունելության և ընդգծված ուշադրության համար:



← Վերադառնալ