25
06, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ Լեհաստանի Նախագահ պարոն Բրոնիսլավ Կոմորովսկու հրավերով գտնվել բարեկամ Լեհաստանում և խորապես զգացված եմ լեհական ջերմ հյուրընկալությունից։

Այսօր մենք Նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական միջպետական հարաբերությունների պատմության մեջ նշանավորվեցին երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ և բարձրաստիճան պաշտոնական` այդ թվում և նախագահական մակարդակով այցերի ու հանդիպումների հաճախակիությամբ։

Անդրադարձանք 2011թ. Լեհաստանի Նախագահի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկված ուղղություններով մենք տեսնում ենք առաջընթաց, ինչը վկայում է հայ-լեհական համագործակցությունը զարգացնելու մեր փոխադարձ շահագրգռվածության և հանձնառության մասին։

Նախագահ Կոմորովսկու հետ լիովին համակարծիք էինք, որ համագործակցության լավ հիմքեր են դրվել քաղաքական, տնտեսական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության, ռազմատեխնիկական, կրթամշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միևնույն ժամանակ դրանց ոլորտային ընդլայնման ներուժն ընդգծելով։ Այսօր ստորագրված փաստաթղթերը դրա վկայությունն են:

Չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը Լեհաստանի տնտեսական առաջընթացի կապակցությամբ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է և ուսանելի:

Հայաստանի համար էական է առևտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվարանում եմ բավարար կոչել: Այս առումով մենք որոշակի հույսեր ենք կապում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի և Հայաստան-Լեհաստան առևտրաարդյունաբերական պալատ-հիմնադրամի գործունեության հետ:

Մենք երկուստեք նշեցինք մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին, և պարոն Նախագահն ասաց, որ մենք համաձայնություն ձեռք բերեցինք հաջորդ տարվա մեր միջոցառումների մասով: Քննարկեցինք, իհարկե, նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր: Քննարկեցինք համագործակցության հեռանկարները ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի համահեղինակը և անշեղ իրականացնողը, աջակիցը նաև Լեհաստանն է:

Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն Նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին՝ Լեհաստանի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին, ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Իսկ հարցին, թե Լեհաստանն արդյո՞ք աջակցելու է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, Նախագահը պատասխանել է՝ այո՛, Լեհաստանն աջակցում և օժանդակում է մեզ: Մենք այդ աջակցության և օժանդակության կարիքն ունենք:

Սերժ Սարգսյանին ուղղված հաջորդ հարցը վերաբերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին միջազգային աջակցության կարևորությանը և հեռանկարին՝ հատկապես այժմ, երբ Հայաստանը, ցածր եկամուտներով պետությունների շարքից տեղափոխվելով միջին եկամուտներով պետությունների շարքը, կորցրել է միջազգային դոնորական հանրության աջակցության զգալի մասը:

Պատասխանելով այդ հարցին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն օժանդակության կարիք ունի՝ և՛ տեխնիկական, և՛ նյութական, փորձի փոխանակման և այլն ու ակնկալում է այդ օժանդակությունը: Սերժ Սարգսյանը խոսել է մաքսային և հարկային համակարգերում ձեռնարկված լայնամասշտաբ բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման մասին՝ ընդգծելով, որ առանց էական ներդրումների անհնար է իրականացնել այդ բոլոր բարեփոխումները: Նախագահն անդրադարձել է նաև 2014թ. հունվարի 1-ից մեկնարկելիք լայնամասշտաբ այն ծրագրին, որը ենթադրում է պետական բյուջեից վարձատրվող պաշտոնատար անձանց, ծառայողների և ընդհանրապես բոլոր վարձատրվողների համար մրցունակ աշխատավարձերի ապահովում: Ընդգծելով, որ վերոնշյալ բարեփոխումների իրագործման հիմնական ծանրությունը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի իշխանությունների վրա, Նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է ներդրումները և օժանդակությունն այդ գործընթացին:
 

 

← Վերադառնալ