02
12, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահի Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 

Հարգարժա´ն Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Քիչ առաջ մենք ավարտեցինք շատ արգասաբեր բանակցություններ, որոնք կայացան Ռուսաստանի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերի վերաբերյալ: Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից:

Մենք ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման և սերտ համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները և հաստատեցինք «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը:

Ես տեղեկացրեցի Ռուսաստանի Նախագահին Հայաստանի` Մաքսային միություն և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին: Ռուսաստանի Նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման: Հենց այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որի բացմանը մենք մասնակցեցինք Գյումրի քաղաքում:

Ընդգծվել է իր պատասխանատվության գոտում անվտանգության և խաղաղության գլխավոր երաշխավորը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Մենք մտադրություն ենք հայտնել ամրապնդել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներուժը և գործնական քայլեր ձեռնարկել դրանց մոբիլիզացման, տեղափոխման և արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման համար:

Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի Նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Մենք պայմանավորվել ենք շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարևոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի՛ ընկերներ,

Ռուսաստանի Դաշնության Նախագահի պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները:

Վլադիմիր Վլադիմիրի, մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն ուշադրության համար: Խոսքը հաճույքով փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահին:

 

***

Հարց – Հարցն ուղղված է երկու նախագահներին: Միջազգային հանրությունը Իրանի միջուկային ծրագրի հարցում բեկում է նկատում, ինչն արձանագրվեց Ժնևում, որի ձեռքբերմանը նպաստեց նաև Ռուսաստանը: Ձեր կարծիքով, ձեռքբերված համաձայնությունը ինչպե՞ս կազդի տրանսպորտային հաղորդակցության կառուցվածքների զարգացման վրա, մասնավորապես, մեր տարածաշրջանում՝ նկատի առնելով, թե այն ինչպիսի կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարի համար:

Սերժ Սարգսյան – Ինչպես հայտնի է, Իրանը Հայաստանի համար կարևոր երկիր է, այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության և եվրոպական հանրության, Միացյալ Նահանգների միջև գոյություն ունեցող վիճելի հարցերի խաղաղ ճանապարհով լուծումը մենք միայն դրական ենք գնահատում:

Դուք գործնականում կարող եք համոզվել, որ ամեն տարի, ցավոք, Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գնալով նվազում է: Ես կարծում եմ, որ երբ հարաբերությունները հարթվեն, այն միայն մեզ ձեռնտու կլինի, իսկ այստեղ հիմնական դերը Ռուսաստանինն է: Վլադիմիր Պուտինը մանրամասնորեն կպատասխանի հարցին:

Վլադիմիր Պուտին – Ռուսաստանը, իհարկե, ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների հիմքում դրված են ռուսաստանյան առաջարկները: Մենք միշտ առաջնորդվել ենք նրանով, որ այդ բարդագույն հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա՝ Իրանին խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման իրավունք վերապահելով, բայց տարածաշրջանի բոլոր երկրների անվերապահ անվտանգության պարտադիր ապահովմամբ:

Դա առաջին փուլն է, մեզ անհրաժեշտ է առաջ շարժվել: Մենք մեծ հույս ունենք, որ միջազգային հանրությունը այդ գործընթացի բոլոր մասնակիցների հետ մոտակա ժամանակներում պայմանավորվածություններ ձեռք կբերի համատեղ աշխատանքը շարունակելու և նոր արդյունքների հասնելու ուղղությամբ: Դրա համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծված են:

Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքին, ապա, իհարկե, նկատի առնելով, որ Իրանի միջոցով, հնարավոր է, կարելի է համապատասխան հաղորդակցություն կազմակերպել, մենք որոշակի ծրագրեր ունենք երկաթուղային տրանսպորտի զարգացման ուղղությամբ: Ֆինանսական ապահովման տեսանկյունից դրանք հեշտ նախագծեր չեն, բայց միանգամայն իրագործելի են:

Այդուհանդերձ, ինձ թվում է, որ մենք բոլորս միասին, այդ թվում՝ Անդրկովկասի տարածաշրջանում, պետք է ինչպես հարկն է աշխատենք, որպեսզի վերականգնենք այն կորցրածը, որն արդյունավետորեն գործում էր դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանում: Նկատի ունեմ ԱՊՀ շրջանակներում նման հաղորդակցության կազմակերպման հնարավորությունը: Կան որոշակի խնդիրներ, բայց ինձ թվում է, որ դրանց լուծման շուրջ նույնպես կարելի է պայմանավորվել: Ամեն դեպքում, այսօր դրա համար անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվում:

Հարց – Հարցն ուղղված է ՌԴ Նախագահին: Պարոն Պուտին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության գործունեությունը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ: Հայաստանը նույնպես խաղաղության և անվտանգության պահպանմանն այլընտրանք չի տեսնում: Ադրբեջանի իշխանությունները հաճախ սուր են ճոճում՝ սպառնալով վերսկսել ռազմական գործողությունները: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի, եթե Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները կյանքի կոչվեն:

Վլադիմիր Պուտին – Դուք հաճախ դրա մասին բարձրաձայն կրկնեք, և այդ ժամանակ խաղաղ կարգավորման պայմանները կկրճատվեն, իսկ խնդրի լուծման մյուս միջոցները կամրապնդվեն:

Մենք կցանկանայինք, որպեսզի ռուսական սահմաններին այդքան մոտ և Ռուսաստանի Դաշնության հետ այդքան սերտ կապեր ունեցող աշխարհի այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի՝ ո՛չ հայ քաղաքացիների, ո՛չ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների: Հենց այդ ուղղությամբ էլ մենք աշխատում ենք:

Հիմա ենթադրաբար խոսել այն մասին, թե ինչ կանեինք մենք, եթե պատերազմ սկսվեր, իմ կարծիքով, բացարձակորեն հակաարդյունավետ է: Դա կդիտվեր այնպես՝ թե մենք պատերազմի ենք պատրաստվում, իսկ մենք պետք է, ինչպես արդեն Հայաստանի Նախագահն ասաց, հասնենք նրան, որպեսզի բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Մենք հենց դրան էլ կձգտենք:

Հարց – Ռուսական գազի գնագոյացման բանաձևը, որքանով կարելի է ենթադրել, հայկական կողմի համար բավականին շահավետ կլինի, և, երևի, դա կարելի է դիտել առաջին գործնական քայլը Մաքսային միությանը միանալու Հայաստանի ձգտման ուղղությամբ: Վլադիմիր Վլադիմիրի, Դուք ասացիք, որ երկու երկրների ինտեգրացիայի «ճանապարհային քարտեզ» է մշակվում: Ե՞րբ այն պատրաստ կլինի և, առհասարակ, ինչպիսի՞ն կլինի ինտեգրացիոն այդ գործընթացների արագությունը:

Վլադիմիր Պուտին – Ես արդեն ասացի այն մասին, որ մենք Մինսկում պայմանավորվել ենք Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ համատեղ աշխատանքներն սկսելու մասին: Մենք ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խմբեր և՛ երկկողմ հիմքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև, և՛ բազմակողմ հիմքով. նկատի ունեմ Հայաստանի և Մաքսային միության հանձնաժողովի միջև աշխատանքային խումբը: Չեմ թաքցնում՝ ի զարմանս մեզ, հնարավոր է դա նաև բնական է, հայկական կողմը շատ եռանդուն է գործում և ցուցաբերում է պրոֆեսիոնալության բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ նույնիսկ բարդ վիճակում է դնում, մենք չենք հասնում մեր հայկական գործընկերների հետևից: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ իրադարձությունը (լայնմասշտաբ ձևաչափով Մաքսային միությանը Հայաստանի միանալը) որքան հնարավոր է շուտ կայանա: Ես հիմա վախենում եմ որոշակի ժամկետներ նշել, քանի որ դա կախված է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այն կախված է նաև մեր գործընկերներից՝ և՛ Ղազախստանից, և՛ Բելառուսից, բայց Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը կայանա հնարավորինս արագ:

Արդեն հիմա, ինչպես դուք, հավանաբար, նկատեցիք, մենք գործնական քայլեր ենք նախաձեռնել, որպեսզի հայկական տնտեսության համար իրավիճակը բարենպաստ լինի՝ նույնիսկ մինչև Մաքսային միություն լիարժեքորեն մտնելը: Գների այն բանաձևը, որը Դուք հիշատակեցիք, մեզ հնարավորություն է տալիս, որպես օրինակներից մեկը, բնական գազը Հայաստանի համար վաճառել 1000խմ 189 ԱՄՆ դոլարով: Դե, պատկերացրեք՝ Եվրոպայում այն վաճառվում է 500-ով: Սա առաջին: Երկրորդ՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, Հայաստանը զենք կստանա Ռուսաստանի Դաշնության ներքին գներով: Բայց սա ևս ոչ միայն անվտանգության հարց է, սա բյուջետային ծախսերի հետ կապված տնտեսական հարց է: Նույնը վերաբերում է նաև նավթին, նավթամթերքին: Մենք միակողմանիորեն հանում ենք արտահանման 30 տոկոսանոց մաքսատուրքը Ռուսաստանի կողմից: Ռուսական բյուջեն չի ստանա կոնկրետ և զգալի գումարներ, բայց դա այսօրվա դրությամբ բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի համար, տնտեսության նորմալ գործունեության և Մաքսային միությանը սահուն, բայց բավականին արագ միանալու համար:

Հարց – Բարի երեկո, ես հասկանում եմ, որ մենք հիմա գտնվում ենք եղբայրական հանրապետության մայրաքաղաքում, իմ սիրելի քաղաք Երևանում, բայց ես կցանկանայի հարց տալ այլ մայրաքաղաքի մասին՝ ինձ համար ոչ պակաս սիրելի Կիևի մասին: Այնտեղից վերջին ժամանակներս ավելի ու ավելի անհանգիստ տեղեկություններ են հնչում, հնչում են նույնիսկ հեղափոխության կոչեր: Համապատասխանաբար՝ գրավվում են պետական հաստատությունները, ապակիներ են կոտրվում, և այլն, և այլն: Դուք ինչպե՞ս կբնութագրեիք կամ կմեկնաբանեիք վերջին օրերի իրադարձությունները:

Վլադիմիր Պուտին – Ինչ վերաբերում է Ուկրաինայի իրադարձություններին, ապա այն ինձ ավելի շատ հիշեցնում է ոչ թե հեղափոխություն, այլ ավերում: Եվ որքան էլ տարօրինակ թվա, դա քիչ է կապված Ուկրաինայի և Եվրամիության միջև փոխհարաբերությունների հետ: Չէ՞որ, ուշադրություն դարձրեք, այդ համաձայնագրերի նախագծերի մեջ ոչ ոք չի խորանում, ոչ ոք ոչինչ չի տեսնում և ոչ ոք ոչինչ չի լսում:

Ասում են, որ ուկրաինացի ժողովրդից խլում են երազանքը, բայց եթե նայենք այդ համաձայնագրերի բովանդակությանը, ապա մինչև այդ երազանքը, իսկ երազանքը, ըստ էության լավն է, շատերը կարող են չապրել, չհասնել, քանի որ պայմանները շատ խիստ են:

Իմ կարծիքով, այն ամենը, ինչ տեղի է ունենում, ինչպես ես արդեն ասացի, ուղիղ կապ չունի Ուկրաինայի և Եվրամիության փոխգործակցության հետ: Դա ներքաղաքական գործընթաց է, ընդդիմության փորձը՝ խարխլել գործող, ուզում եմ ընդգծել՝ օրինական իշխանությունը երկրում: Ավելին՝ այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, խոսում է այն մասին, որ դա ամենևին էլ հեղափոխություն չէ, այլ լավ նախապատրաստված գործողություններ: Եվ այդ գործողությունները, իմ կարծիքով, պատրաստվել են ոչ այս օրվա համար: Դրանք պատրաստվել են 2015թ. գարնանը կայանալիք նախագահական ընտրարշավի համար: Պարզապես դա մի փոքր կեղծ սկիզբ էր՝ կապված որոշակի հանգամանքների հետ, բայց այդ ամենը նախապատրաստություններ են նախագահական ընտրությունների համար: Այն, որ դրանք նախապատրաստություններ են՝ բոլոր օբյեկտիվ դիտորդների համար ակնհայտ իրողություն է, նկատի ունեմ այն, ինչ մենք տեսնում ենք հեռուստաէկրաններից, թե ինչպես են գործում լավ պատրաստված «քաջամարտիկների խմբերը» իրականում: Ահա իմ գնահատականը:

Ընդդիմությունը կամ միշտ չէ, որ կարողանում է վերահսկել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, կամ էլ որոշակի քաղաքական «քող» է ծայրահեղական գործողությունների համար: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ իրավիճակը, այնուհանդերձ, կկարգավորվի, և ուկրաինական ղեկավարությունը, ուկրաինացի ժողովուրդն ինքը, վերջիվերջո, կորոշի իր քայլերը մոտ ժամանակների և պատմական հեռանկարի համար: Կրկնում եմ ևս մեկ անգամ, ցանկանում եմ դա ընդգծել՝ ինչպիսին էլ լինի ուկրաինացի ժողովրդի ընտրությունը, մենք ամեն դեպքում դրան հարգանքով կվերաբերենք:

 

← Վերադառնալ