16
11, 2016

«Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը ՀՀ Նախագահի հարցազրույցը

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը:

Ձե՛րդ Գերազանցություն, մենք ողջունում ենք Ձեզ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելու կապակցությամբ: Հարցս այսպիսին է. Եվրոպայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները, Միացյալ Նահանգներում Թրամփի հաղթանակը ինչպե՞ս կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա, հատկապես տնտեսական տեսակետից, ինչպիսի՞ ազդեցություն կարող են թողնել ընդհանուր տարածաշրջանի զարգացումների վրա:

 Ժամանակակից աշխարհում կարծում եմ բոլոր պետությունները փոխկապակցված են, իսկ փոքր տնտեսություն ունեցող երկրներն ավելի շատ են կախված արտաքին ազդակներից: Բայց այս առումով մենք որևէ մտավախություն չունենք, որովհետև Միացյալ Նահանգների հետ մենք ունենք շատ լավ բարեկամական հարաբերություններ, և անցած 25 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են վերընթաց ճանապարհով: Մենք հավասարաչափ լավ հարաբերություններ ունենք ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր հասել են մեծ հաջողությունների, և Միացյալ Նահանգների կոնգրեսականներն ունեն հայ բարեկամներ, հայերն ունեն կոնգրեսական բարեկամներ՝ մարդիկ, ովքեր մաս են կազմում Միացյալ Նահանգների և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում ձևավորված բարեկամական խմբերի, որոնց հետ մեր հարաբերությունները մշտապես լավ են: Ես որևէ էական փոփոխություն հայ-ամերիկյան հարաբերություններում չեմ կանխագուշակում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները լավ են զարգանալու: Մեր ներքաղաքական իրավիճակի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, որովհետև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին անմիջապես մասնակից են մեր հայրենակիցները, ովքեր ապրում են այստեղ, և այս առումով, իհարկե, այս իրադարձությունները շատ ավելի զգայուն են մեզ համար:

Ինչպես գիտենք, Երևանը և արաբական մի շարք մայրաքաղաքներ հարյուրավոր տարիներ կապված են եղել միմյանց հետ, այսօր և՛ Հայաստանից, և՛ արաբական երկրներից փոխադարձ շատ այցելություններ են տեղի ունենում, այդ թվում նաև՝ Ծոցի երկրներից. ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ինչպե՞ս եք գնահատում այսօր ձեր հարաբերությունները:

Կան հարաբերություններ, որոնց մասին հնարավոր չէ խոսել առանց ջերմության, և այդպիսի դեպքերից մեկն էլ հենց հայ-արաբական հարաբերություններն են ու նաև մեր հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Հայերն ու արաբները իրար ճանաչում են, համագործակցել են շատ երկար տարիներ, և պատահական չէ, որ հայ ժողովրդի մասին մենք պատմական տեղեկություններ ենք քաղում շատ պարագաներում արաբ հեղինակներից և հակառակը: Եվ Հայաստանի անկախացումից հետո հաստատված միջպետական հարաբերությունները շատ կայուն են և զարգանում են մեզ համար ցանկալի հունով: Այս առումով կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի տարբերակել երկու հարթություն, այսինքն՝ հասարակական և միջպետական: Եվ պետք է ասել, որ մեր միջպետական հարաբերությունները կառուցվում են մեր երկու ժողովուրդների ամուր բարեկամության հիմքերի վրա: Շատ օրինակներ կարելի է պատմությունից բերել, բայց ես ընդամենը մեկ օրինակ եմ ուզում բերել և ասել, որ հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկի ժամանակ՝ 1915 թվականին և ընդհանրապես դրանից առաջ էլ, հետո էլ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ժամանակ մեր արաբ քույրերն ու եղբայրներն իրենց դրսևորեցին շատ դրական կողմերով՝ ձգտելով ամեն անգամ փրկել հայերի կյանքը: Բացի դրանից, նրանք հնարավորություն տվեցին հայերին բնակվելու իրենց երկրներում և այդ հնարավորության հետ միասին նաև խրախուսեցին նրանց զարգացումը: Մենք այս առումով մշտապես երախտապարտ ենք: Եվ հիմա էլ մեր հարաբերու¬թյունները շատ լավ են զարգանում: Արաբական աշխարհը և առաջին հերթին Էմիրություններն ունեն հսկայական ներդրումային ներուժ: Մենք ունենք ներդրումները կլանելու ներուժ: Եվ այս ներուժերը միացնելու, շատ ամուր իրար կապելու արդյունքը կարող է լինել շատ դրական: Ունենք արդեն առաջին արդյունքները: Շատ ուրախ եմ, որ այսօր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շատ բարձր մակարդակով տեսանելի ապագայում Միացյալ Էմիրություններում անցկացնել ներդրումային մի մեծ ժողով, որպեսզի արաբ ներդրողները տեսնեն Հայաստանի ներդրումային առավելությունները: Մենք բազմաթիվ այլ պայմանավորվածություններ ենք այսօր ձեռք բերել, որ աշխատելու են ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարեկամության:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը այնպիսին է, որ հաջողված հարաբերություններ է հաստատել հարևան երկրների հետ, այդ թվում նաև՝ Թեհրանի, բայց վերջին զարգացումների ժամանակ Թեհրանն ավելի մոտ, ավելի սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և փորձում են այդ հարաբերությունները որոշակի ձևով նաև իրենց ազդեցությունը թողնել հայ-իրանական հարաբերությունների վրա: Դուք ինչպե՞ս կբնութագրեիք այս վերջին մերձեցումը Թեհրանի և Ադրբեջանի միջև, և ինչ-որ ձևով դա կարո՞ղ է ազդել այդ հարաբերութունների վրա:

Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ և՛ հարևան ենք, և՛ բարեկամ և դարեր-հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք կողքի, և մեր բարեկամությունը շատ երկար ժամանակվա պատմություն ունի, և չեմ կարծում, որ որոշակի դեպքեր, իրադարձություններ կարող են խաթարել այդ բարեկամությունը: Առավել ևս, որ ես այնքան էլ համաձայն չեմ, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններն այսօր շատ ավելի ամուր են և բարիդրացիական, քան Հայաստան-Իրան հարաբերությունները: Եվ, ընդհանրապես, ես վստահ եմ, որ մենք մեր իրանցի բարեկամների հետ որևէ մտահոգություն չունենք մեր երկրներից որևէ մեկի հարաբերու-թյունների հետ կապված՝ երրորդ երկրների հետ. երրորդ երկրների հետ հարաբերություններն իրենց գործն են, մեր գործն է շարունակել զարգացնել մեր հարաբերությունները տնտեսության ոլորտում, մշակութի ոլորտում, գիտության, կրթության ոլորտներում: Ես խորապես համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները ևս, բազմաթիվ թելերով կապված լինելով հանդերձ, հիմա էլ ունեն շատ մեծ ներուժ և այդ ներուժը մենք պետք է զարգացնենք: Գիտեք՝ մենք և Ադրբեջանը տարբեր քաղաքականություն ենք վարում: Բոլորի համար հասկանալի է, որ մեր խնդիրը, մեր կոնֆլիկտը կապված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հետ: Քանի որ մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքին: Այստեղ մենք չենք փորձում ներքաշել կոնֆլիկտի մեջ կամ գրավել մեր կողմը մեր բարեկամներին կամ գործընկերներին: Մենք վստահ ենք, ուղղակի վստահ ենք, որ մենք արդար ենք, և ի վերջո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հենց այնպես, ինչպես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես ցանկանում են համանախա¬գահները, միջնորդները: Ադրբեջանը փորձում է ներքաշել այլ երկրների, այլ կառույցների, որովհետև զգում է, որ ինքը իրավացի չէ այս հարցում, այնպես որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները որքան էլ ջերմ լինեն, որքան էլ ամուր լինեն, դրանք վնաս չեն հայ-իրանական հարաբերություններին:

Նաև որոշակի հաջողություն էր ժամանակին արձանագրվել հայ-թուրքական հարաբերություններում: Հիմա՝ վերջին ժամանակաշրջանում գիտեք, որ իրավիճակը բավական փոխվել է ավելի արյունահեղություններ են լինում տարածաշրջանում: Հիմա՝ ներկա դրությամբ, ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Անկարայի հարաբերությունները:

Կբնութագրեի որպես հարաբերությունների բացակայություն: Մենք այսօր փաստորեն որևէ հարաբերություններ չունենք Անկարայի հետ, որովհետև, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, մենք մի քանի տարի առաջ հանդես եկանք նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Տևական բանակցություններից հետո մենք Շվեյցարիայում փաստաթուղթ ստորագրեցինք, ընդ որում փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարները՝ գրեթե ամբողջական կազմով: Նրանք վկա էին այդ փաստաթղթի ստորագրմանը: Բայց այդ փաստաթուղթը ենթադրում էր վավերացում զգային խորհրդարանների կողմից: Սակայն, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց այդ փաստաթուղթը վավերացնել: Մենք շատ ջանք էինք ներդրել, որպեսզի այդ փաստաթուղթը իրականություն դառնա: Ես մեկ շաբաթվա ընթացքում շրջել եմ գրեթե ամբողջ աշխարհով մեկ, հանդիպել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես, մինչև Նյու Յորք, մինչև Դոնի Ռոստով, բայց այնուհանդերձ թուրքական ղեկավարության՝ չգիտեմ ինչ-ինչ պատճառով բռնած դիրքորոշումը բերեց նրան, որ այդ փաստաթուղթը մինչև հիմա այնտեղ որոշակի դարակներում է: Մենք այլևս քայլ անելու որևէ առիթ կամ հնարավորություն չունենք, որովհետև գնդակը գտնվում է թուրքերի դաշտում, և նրանք են, կարծում եմ, որ հիմա պետք է քայլ կատարեն:

Նաև Երևանը շատ ամուր հարաբերություններ ունի Դաշնային Մոսկվայի հետ. այսօր գիտեք, որ Արևմուտքից նաև բավականին ճնշումներ են գալիս, և այդ քաղաքականության արդյունքում այդ ճնշումներն իրենց դրսևորումն են ունենում Արևելքում: Ինչպե՞ս կխոսեք նաև այդ հարաբերությունների մասին:

Մեզ համար լավագույն ժամանակներն այն ժամանակներն են, երբ հակասություն և հակադրություն չկա Արևելքի և Արևմուտքի միջև: Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, Ռուսաստանի և Եվրոպայի, Եվրամիության միջև, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, որովհետև մենք համարում ենք, որ շահ փնտրել հակասությունների վրա, շատ վտանգավոր է: Մենք մեր շահը տեսնում ենք համագործակցության մեջ և մշտապես ցանկանում ենք, որ այս իրավիճակը տիրապետող լինի, բայց, այնուհանդերձ, կյանքն այնպիսին է, քաղաքականությունն այնպիսին է, որ մերթ ընդ մերթ սրացումներ են լինում, և այս պարագայում, բնական է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ինչպես ասացի մենք՝ դաշնակիցներ ենք, բայց այս հանգամանքը չի խոչընդոտում կամ չի խանգարում, որպեսզի մենք ունենանք հարաբերություններ, նորմալ հարաբերություններ Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ: Օրինակ՝ այս օրերին մենք շարունակում ենք բանակցությունները Եվրամիության հետ՝ մեր հարաբերությունների հիմք հանդիսացող նոր իրավական փաստաթուղթ ձևավորելու շուրջ: Եվ վստահ եմ, որ տեսանելի ապագայում այդ փաստաթուղթը պատրաստ կլինի և մենք կստորագրենք այդ փաստաթուղթը:

Արդեն մոտ քառորդ դար է՝ 90-ականների վերջից, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, բնականաբար, տնտեսական որոշ դժվարություններ եք ապրել և այսօր տնտեսությունը գնացել է դեպի ավելի բաց տնտեսական քաղաքականություն: Ինչպե՞ս է հիմա Հայաստանի տնտեսական վիճակը, ի՞նչ հեռանկարներ կան:

Գիտեք՝ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր տնտեսությունն արձանագրել է միջին հաշվով չորս տոկոս տնտեսական աճ: Բայց, քանի որ մեր ելքային տվյալները ցածր են, ցածր է մեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, այդ չափով աճը մեզ չի բավարարում, և մենք ակնկալում ենք ավելին: Մենք ցանկանում ենք ունենալ ոչ միայն կայուն, երկարատև, այլ նաև բարձր տնտեսական աճ: Եվ կարծում եմ՝ այդ հնարավորությունները մենք ունենք: Իհարկե, արտաքին բացասական ազդեցությունները պրոբլեմատիկ են, ինչպես ասացի, փոքր տնտեսությունների համար, բայց անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ կարծում եմ, որ մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել Հայաստանի տնտեսության զարգացման համար: Մենք ունենք բարենպաստ առևտրային ռեժիմ Եվրամիության հետ, մենք ունենք բարենպաստ առևտրային ռեժիմներ շատ խոշոր երկրների հետ և մեր երկրում ստեղծված են ներդրումային լավ պայմաններ: Այսօր էլ, բանակցությունների ընթացքում, մենք խոսում էինք դրա մասին և կարծում եմ՝ մոտակա երկու-երեք տարիների ընթացքում մենք կարողանալու ենք հասնել ավելի լավ ցուցանիշների: Վերջերս մենք ձևավորել ենք նոր կառավարություն, և այդ նոր կառավարությունը եռանդով ձեռնամուխ է եղել մեր երկրում համակարգային և համընդգրկուն բարեփոխումների: Վստահ եմ, որ արդյունքները լինելու են դրական:

Ձեր պատվիրակության կազմում կան տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ, և այսօր Դուք Աբու Դաբիում հանդիպումներ եք ունեցել ու քննարկումները հիմնականում միտված են եղել տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կա ի՞նչ-որ պլան, ինչպե՞ս եք Դուք ներդրողներին հրավիրում Հայաստան, ինչպե՞ս ներդրումներ կատարեն, ի՞նչ ոլորտներում:

Այո՛, մենք պայմանավորվել ենք և ամենայն հավանականությամբ մարտ ամսին հենց այստեղ անցկացնելու ներդրումներին նվիրված համաժողով, և վստահ եմ, որ այդ համաժողովն ունենալու է իր արդյունքները: Մենք մեզ հետ բերել ենք բազմաթիվ ներդրումային ծրագրեր, և մեր արաբ գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրերի նկատմամբ: Կարծում եմ՝ այս ծրագրերն իրականանալի են և այս ծրագրերն աշխատելու են հօգուտ մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ասել է թե՝ հօգուտ մեր ժողովուրդների բարեկեցության: Այդ ծրագրերից մեկը ենթադրում է, օրինակ՝ ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ: Ինչպես ասացի, Հայաստանում շատ մեծ ներուժ կա որակյալ գյուղատնտեսական մթերքներ արտադրելու: Արաբական Միացյալ Էմիրությունները սննդամթերքը հիմնականում ներկրում է դրսից, իսկ ինչու՞ ոչ՝ Հայաստանում աճեցնել և իրացնել այստեղ: Մեր երկրում մեծ թափով զարգանում են ժամանակակից տեխնոլոգիաները, և մեր ընկերությունները, օրինակ, ծրագրեր են գրում, ծրագրեր են մշակում, որոնք հայտնի ընկերությունները վաճառում են միջազգային շուկաներում շատ ավելի բարձր գներով: Իսկ ինչու՞ ոչ՝ առանց միջնորդների ծրագրեր գրել: Մենք շատ բազմաթիվ այդպիսի անելիքներ ունենք: Եվ կարծում եմ, որ շատ տեսանելի ապագայում՝ մեկ-մեկուկես տարում, մեր առևտրաշրջանառությունն էապես աճելու է:

Ինչպես գիտենք, ամեն հայ ինչ-որ ոլորտում շատ արհեստավարժ մասնագետ է, դա նաև հայտնի է ողջ աշխարհում, սփյուռքում ցրված հայերի մոտ: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ներդրումներ Հայաստանում կարվեն և ինչպիսի՞ արդյունք կտա:

Մեր առավելություններից մեկը հենց այդ է, որ աշխարհով մեկ սփռված քույրեր ու եղբայրներ ունենք, որոնցից շատ շատերը հասել են մեծ հաջողությունների տարբեր ոլորտներում, և նրանցից շատերն իրենց ներդրումն են բերում Հայաստանը զարգացնելու գործում: Եվ հենց որ ես խոսում եմ մեր ներդրումային առավելությունների մասին, նաև դա նկատի ունեմ: Տեսե՛ք, ինչքան շատ գեղեցիկ գիծ կարող է դառնալ Արաբական Միացյալ Էմիրությունների որևէ գործարարի կամ հիմնադրամի ներդրումը Հայաստանում և այդ արտադրանքի իրացումը, օրինակ՝ Ռուսաստանում կամ Եվրասիական տնտեսական միության ողջ տարածում, և այնտեղ՝ Ռուսաստանում, մեր գործընկերը կարող է լինել մեր հայրենակիցը: Այնպես որ՝ դա մեր ուժն է: Հայաստանը մի պետություն է, մի երկիր է՝ երեք միլիոն բնակչությամբ և սակավ բնական ռեսուրսներով, և բոլորովին մի այլ պետություն է իր տասը միլիոնանոց աշխարհասփյուռ հայերով և նրանց հնարավորություններով: Այնպես որ, մենք հպարտանում ենք մեր քույրերով ու եղբայրներով: Եվ այսօր ես Աբու Դաբիում գտնվող եկեղեցում շատ ջերմ հանդիպում ունեցա մեր համայնքի մի մասի ներկայացու¬ցիչների հետ, և հիմա Ձեզ հետ այս քննարկումն ավարտելուց հետո ևս մեկ հանդիպում կունենամ: Այնպես որ՝ դա մեր ներուժն է:

Գիտեք, այս բաց քաղաքականությունը, որը կա ձեզ մոտ՝ բաց տնտեսական քաղաքականությունը, այսօր Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրավիճակը, Թրամփի ընտրվելը, կարո՞ղ են ինչ-որ ձևով խանգարել այդ հարաբերություններին:

Ես որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում մեր հարաբերություններում, մենք շահագրգռված ենք և նպատակաուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում: Եվ վստահ եմ, որ չկա որևէ խանգարող լուրջ հանգամանք: Իհարկե, անկայունությունն ամենից վտանգավոր հանգամանքն է, բայց ես վստահ եմ, որ Էմիրությունների ղեկավարությունը, իշխող ընտանիքը, ողջ թիմն ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի Արաբական Միացյալ Էմիրությունների անվտանգությունը, նրա կայունությունը: Մենք պատրաստակամ ենք շարունակելու և խորացնելու մեր հարաբերությունները: Մեր հարաբերությունները, նորից եմ ասում, կառուցվում են մեր պատմական առնչությունների վրա, իսկ այդ հիմքը շատ ամուր է:

Ցանկացած երկիր իր տնտեսությունը պահպանելու համար ունի այսպես ասած՝ տնտեսական պլան, ճանապարհային քարտեզ 25-30 տարվա համար՝ պաշտպանելու իր ներդրումները, տնտեսությունը զարգացնելու համար: Նմանատիպ ինչ-որ պլան Հայաստանի Հանրապետությունն ո՞ւնի որդեգրած:

Բնականաբար, մենք ունենք ծրագրեր և շարժվում ենք երկու ուղղություններով. Հայաստանում ցանկացած նոր կառավարություն ձևավորվելուց հետո իր ծրագիրն է ներկայացնում Ազգային ժողով: Ազգային ժողովը հաստատում է այդ ծրագիրը և առաջ ենք գնում: Բացի դրանից, իհարկե, մենք ունենք հեռանկարային ծրագրեր: Եթե մի քանի բառով ասելու լինեմ, հետևյալն է՝ մեր տնտեսության թույլ կողմերն էին փոքր լինելու հանգամանքը՝ որպես շուկա, և ենթակառուցվածքների այսպես չզարգացած լինելը: Մենք երկիր ենք, որը չունի ելք դեպի ծով: Խնդիրներից մեկն այն է, որ մեր շուկան մեծացնենք. ուստի անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ մենք այս խնդիրը լուծեցինք: Հիմա զգալի աշխատանք ենք տանում ենթակառուցվածքները զարգացնելու և կարծում եմ՝ սրանք այն երկու հենարաններն են, որոնց վրա զարգանալու է մեր տնտեսությունը: Կա երրորդ հանգամանքը. ես վստահ եմ, որ մեր կառավարումն արդյունավետ չէ, և նոր կառավարության առջև հենց այդ խնդիրն է դրվել՝ բարձրացնել կառավարման արդյունավետությունը: Սա բերելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Այս խոհեմ քաղաքականությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունը վարում է Արևելքի, Արևմուտքի, Հյուսիս-Հարավի միջև՝ քաղաքակրթությունների երկխոսությունը կլինի, թե հանդուրժողականությունը ապագայում ինչպիսի՞ն կլինի, ըստ Ձեզ, այդ համագործակցությունը:

Մենք շատ երկար տարիներ, դարեր ու հազարամյակներ Արևելքի համար եղել ենք Արևմուտք, Արևմուտքի համար եղել ենք Արևելք: Եվ նաև սա է մեզ հնարավորություն տվել այդքան երկար ժամանակ գոյատևել այս բարդ տարածաշրջանում: Անցնել պատմության խաչմերուկները՝ միշտ ընտրելով ճիշտ ճանապարհ և հաղթահարելով բոլոր կեռմանները: Ես կարծում եմ, որ մենք այդպես էլ պետք է շարունակենք: Մենք փոքր երկիր ենք, մեզ որևէ կոնֆլիկտ, որևէ հակասություն պետք չէ և մենք երբեք նախաձեռնողը չենք այդ կոնֆլիկտի: Այն խնդիրը, որ մենք ունենք Թուրքիայի հետ, դա մեզնից կախված չէ. մեզ էին ցանկանում ցեղասպանության ենթարկել և ոչ թե մենք էինք փորձում ուրիշներին սպանել: Եվ երկրորդ լուրջ խնդիրը, որ ունենք Ադրբեջանի հետ, էլի կախված չէ մեզնից. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է իր տարածքում, ունեցել է իր հավատքը, մշակել է իր հողը և նրանց միակ ցանկությունն է հաջորդ հազարամյակներում ևս այդ նույն գործով զբաղվել: Եթե որևէ մեկը փորձում է խլել նրանց ազատությունը, առավել ևս՝ կյանքը, ապա նրանք դրա հետ համաձայն չեն և մեղավորը նրանք չեն, մեղավորը մենք չենք, մենք ուզում ենք խաղաղ գոյակցել, մեզ համար համակեցությունը, հանդուրժողականությունը սկզբունքային խնդիրներ են և մենք այդ սկզբունքներին անդավաճան ենք:

Շնորհակալություն, Ձերդ Գերազանցություն, հատուկ թողարկման համար:

Շնորհակալ եմ:

 

← Վերադառնալ