24
04, 2020

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը»․ լիբանանյան «L'Orient-Le Jour» պարբերականը հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը

Լիբանանյան հեղինակավոր «L'Orient-Le Jour» ֆրանսալեզու պարբերականն այսօր հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով.

Հայաստանի Հանրապետության նախագահ. «Անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից»

Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած հայ բնակչության տեղահանությունների, զանգվածային ջարդերի, բռնությունների, սովի եւ հիվանդությունների հետեւանքով:

Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետեւանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս եւ կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը:

Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96թթ. Սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազ. հայ: Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը եւ նշանավոր անհատները՝ որոնց մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը եւ ուրիշներ, թեեւ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ, եւ պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արեւմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեր հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի եւ գույքի անձեռմխելությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ-Համիդին:

Ոչ էլ Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը՝ հասցնելով այն պետականորեն ծրագրված եւ իրականացված ցեղասպանության: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ Երիտթուրքական կառավարությունը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի եւ անեւերակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ եւ սպանություններ: (Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ այն բնորոշեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Հետագայում, 1944 թվականին, Ռաֆայել Լեմկինը հենց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրավունքում ներդրեց «ցեղասպանություն» տերմինը):

Անհերքելի վկայություններ

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը՝ Կիլիկիայում եւ Արեւմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդներին եւ սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ:

Ցեղասպանության ակտի եւ այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացվել է, ականատեսները՝ դիվանագետներ, զինվորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ եւ այլն, անհերքելի վկայություններ են թողել: Հետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները եւ ցեղասպանագետները, հենվելով արխիվային փաստաթղթերի վրա, դա մանրամասն նկարագրել եւ հաստատել են: Աշխարհը քաջատեղյակ է դրան:

Կուզենայի կենտրոնանալ ցեղասպանության պատճառների եւ հետեւանքների վրա: Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը:

Առաջինը քաղաքական էր: 1878թ. Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված «Հայկական հարցը» իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախության, ինչը օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից եւ Առաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության Եվրոպական եւ Միջինարեւելյան հատվածներում:

Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետեւ՝ հանրապետական Թուրքիան, որովհետեւ Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարեւորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս եւ Միջինասիական երկրներ:

Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաեւ ժամանակի գերտերությունները, այլապես նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարվի 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրա՝ դեպի Սեւ ծով ելքով:

Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաեւ 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք: Հայաստանը մասնատվեց՝ Կարսի եւ Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին: Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տեւական վեճի եւ կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր:

Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր:

Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ եւ բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան եւ մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի եւ Միջին Ասիայի ընդարձակ եւ հարուստ տարածքները:

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջեւ, ինչպես նաեւ Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների եւ հայերի էթնիկական զտումը այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար:

Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են Բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը:

Ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է

Ոմանք էլ ասում են, թե արդեն ավելի քան մեկ դար է անցել ցեղասպանությունից, եւ ինքան էլ կորուստները ծանր լինեն, դա անցյալ է եւ պետք է նայել ապագային:

Ես էլ ասում եմ, մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա եւ այսօրվա շարունակությունն է:

Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային եւ նյութական վիթխարի կորուստների մասին: Եւ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստը էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Մեկ այլ կարեւոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլեւս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձեւավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ:

Այսինքն, հայերը Ցեղասպանության հետեւանքով զրկվել են իրենց պապենական հողի վրա ապրելու եւ իրենց կյանքն ու սեփական ապագան տնօրինելու իրավունքից:

Եվ նկատի առեք, հայերը նոր ձեւավորվող էթնիկական խումբ չէին, որ ձգտում էին անկախության, այլ աշխարհի հին պետականություն եւ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ:

Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետեւողականորեն ոչնչացվել են հայերի եւ հայկական քաղաքակրթության հետքերը:

Եվ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքան խստությամբ պետք է դատապարտենք, եւ ժամանակին դատապարտած լինեինք, առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը:

Հիմա պատկերացրեք աշխարհով մեկ սփռված փրկված հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ, նույնիսկ մինչեւ անցյալ դարի 40-50-ական թվականները մնացին անհայրենիք՝ ապատրիդ:

Այսօր հայերի գրեթե երեք-քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի եւ դավանանքների պայմաններում: Ամենուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու եւ իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են ցեղասպանության հետեւանքով:

Ճանաչումը կարեւոր է մարդկության համար

Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Եւ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանություների:

Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը եւ այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային եւ միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2008թ. սկսած ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւեր, իսկ 2015թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը:

Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության եւ Թուրքիայի առջեւ, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում եւ կրկնության բացառում, հետեւանքների վերացում:

Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջին ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Վատիկանը, արաբական աշխարհում՝ Լիբանանը, Սիրիան: Նրանց թիվը գնալով ավելանում է:

«Դիվանագիտություն չխաղալ»

Այսօր միջազգային հանրությունը բացարձակ մեծամասնությամբ չի կասկածում Ցեղասպանության եղելության մեջ: Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Այդ դեպքում մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ արդյունավետ պայքարի մասին, և մյուս կողմից Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի հետ «դիվանագիտություն բանեցնել»:

Համոզված եմ, որ գլխավորապես հենց այդ սկզբունքներով են առաջնորդվել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները եւ միջազգային կազմակերպությունները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց:

Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել եւ ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին:

Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, դիվանագետներին, որբախնամ կազմակերպություններին, դժբախտության մեջ մեր եղբայրներին՝ հույներին, ասորիներին, հրեաներին ու եզիդներին, ինչպես նաեւ թուրք, քուրդ եւ արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք հաճախ իրենց կյանքն ու ապահովությունը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Այլ հարց է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը՝ խուսափել ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանել ժխտողականության քաղաքականությունը:

Այսօր միջազգային հանրությունը, քաղաքական և հասարական գործիչներ, որոնց մեջ նաև բազմաթիվ թուրք մտավորականներ և հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հուսալով, որ Թուրքիայի իշխանությունները կառերեսվեն սեփական պատմության ողբերգական էջերի հետ և կշրջեն դրանք:

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից եւ դրա հետեւանքների վերացումը անվտանգության երաշխիք է Հայաստանի եւ հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետեւանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի եւ վերապրածների տառապանքները եւ նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա:

← Վերադառնալ