24
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից։ Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հազարամյակներ շարունակ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է։ Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ:

Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին։

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ։ Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն եւ հնչեղություն. ուրեմն եւ՝ պետք է ստանա համամարդկային արձա�անք։ Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ։ Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի։

Սիրելի հայրենակիցներ,

Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել։ Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրապարակմանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայմաններում։

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց պետականության բացառիկ նշանակությունը։ Համայն հայությունը պետք է զարգանա եւ հզորանա՝ փարված իր պետությանը, որ մեր ժողովրդի անվտանգության գրավականն է։

← Վերադառնալ