07
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների

album picture
Դիմելով վետերաններն, Հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ` Հաղթանակի տոնի առթիվ եւ ի դեմս ձեզ` բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել հաղթանակի կռման գործում:
Իհարկե, այսպիսի դեպքերում, առաջին հերթին, մենք խոսքն ուղղում ենք այն մարդկանց, ովքեր անմիջապես խրամատներում լինելով զինվոր, սպա, գեներալ, կարողացել են պայքարել եւ այդ չարիքի դեմ, եւ հաղթանակ բերել մեզ բոլորիս, եւ անշուշտ նաեւ նրանց, ովքեր թիկունքում իրենց ջերմությամբ, իրենց հույսով ու հավատով, նաեւ հարվածային աշխատանքով նպաստել են, որպեսզի զինվորն ու սպան կարողանան հասնեն այդ հաղթանակին:

Մենք բազմիցս հանդիպել ենք, դուք գիտեք իմ կարծիքը, ես մշտապես ասում եմ, որ եթե չլիներ ձեր օրինակը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, չլիներ մեր պապերի օրինակը, մենք, ամենայն հավանականությամբ, չէինք կարողանա մեր նորօրյա պատմության մեջ պաշտպանել մեր հայրենիքը, պաշտպանել մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:
Այնպես որ, շատ շնորհակալ եմ ձեզ ե՛ւ ծառայության համար, ե՛ւ այն աշխատանքի համար, որ պատերազմից հետո, մինչեւ հիմա իրականացնում եք մեր երիտասարդ սերնդին կրթելու, դաստիարակելու ուղղությամբ: Ձեր անձնական օրինակը շատ կարեւոր է նրանց հայրենասիրական դաստիարակության գործում»:

Ծավալված անմիջական զրույցի ընթացքում վետերաններն երկրի ղեկավարի հետ քննարկել են իրենց սոցիալական ապահովությանն առնչվող մի շարք խնդիրներ: Նրանք փաստել են, որ վերջին տարիներին պետության ուշադրությունն ու հոգածությունը վետերանների նկատմամբ զգալիորեն մեծացել է: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ բարձրացված հարցերը եւս արագորեն լուծում կստանան:

Մեծ հայրենականի մասնակիցները Հանրապետության նախագահի հետ զրուցել են նաեւ համապետական խնդիրների մասին եւ ասել, որ դրանց աստիճանական լուծումը տեսնում են միայն կայուն, համախմբված եւ լավ պաշտպանված Հայաստանի առկայությամբ:
Կարեւորելով ազգային միասնությունն ու համերաշխությունը, նրանք նշել են, որ «հաստատակամորեն կանգնած են իշխանությունների թիկունքին, գտնում են, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ եւ լիովին պաշտպանում են Նախագահի վարած քաղաքականությունը»:

← Վերադառնալ