30
05, 2008

Խորհրդակցություն համատիրության խնդիրների վերաբերյալ

Արձագանքելով Երեւանի տարբեր համայնքների համատիրությունների կողմից հնչած առաջարկներին, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի համատիրությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագահը առանցքային խնդիր է դիտել համատիրությունների կայացումը, համայնքապետարան եւ բնակչություն կապի սերտացումը: «Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի կառավարության, քաղաքապետարանի մակարդակով կայացված որոշումները իրականացվեն, ընդունված օրենքները կատարվեն»,- նշել է երկրի ղեկավարը եւ որպես առաջին հիմնահարց կարեւորել է մեր բնակիչների ինքնակազմակերպման, համերաշխ ապրելու, ընդհանուր նպատակ ունենալու խնդիրը` շենքի, փողոցի, համայնքի մակարդակում: Երկրորդ հիմնահարցը, ըստ Սերժ Սարգսյանի, մեր անխնա վերաբերմունքն է բնակարանային ֆոնդի նկատմամբ: Նա մտավախություն է հայտնել, որ եթե բազմաբնակարան շենքերի բնակարանատերերը չհասկանան, որ իրենք միասին հանդիսանում են այդ շենքի սեփականատերը, լուրջ խնդիրներ ենք ունենալու: Նախագահը կոչ է արել այս հիմնահարցերի շուրջ անկեղծ խոսակցության եւ նշել, որ «սա ոչ միայն փողոցի կամ բակի խնդիր է, սա մեր քաղաքի, Երեւանի խնդիրն է: Առանց համատիրությունների, առանց դրանց կարեւորության գիտակցման, մենք չենք կարող Երեւանը դարձնել ավելի հարմար, ավելի գրավիչ ուրիշների համար»:

Նախագահին հետաքրքրում է, թե ինչու չի կայանում այս ինստիտուտը, որը գոյություն ունի արդեն տասներեք տարի: Նա խնդիրը հրատապ է համարել, «որովհետեւ գնալով ոչ միայն բնակարանային ֆոնդն է հնանում, խնամքի կարիք ունենում, գնալով այդ շենքերի բակերն էլ ավելի են ծանրաբեռնվում, ինչի արդյունքում երեխաները տնից դուրս գալու եւ հետաքրքիր զբաղմունք գտնելու խնդիր են ունենում»: Նշելով, որ որոշակի առաջարկություններ կան, թե ինչպես կարելի է բակերը բեռնաթափել, ավտոտնակները, եղած կառույցները քչացնել, Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ սրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է բոլորիս ցանկությունն ու պատրաստակամությունը:

Շահագրգիռ քննարկման ընթացքում համատիրությունների կայացման համար խորհրդակցության մասնակիցները կարեւոր նախապայման են համարվել դրանց խոշորացումը, համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործումը: Համատիրությունների ներկայացուցիչները ողջունել են դեռեւս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նախաձեռնած Երեւանի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման ծրագիրը, որը ընթացքի մեջ է եւ կավարտվի տարեվերջին:

Ամփոփելով խորհրդակցությունը, Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնչած առաջարկությունները մանրամասն կքննարկվեն եւ հնարավորության սահմաններում կտրվեն լուծումներ: «Մենք պետք է խրախուսենք, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան ինքնակազմակերպվել եւ սոցիալական վիճակի բարելավմանը զուգընթաց, լուծել նաեւ այլ խնդիրներ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

← Վերադառնալ