24
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նյու-Յորքում

album picture
album picture
album picture
album picture
album picture
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը եւ երկուստեք շահագրգռվածություն հայտնել հարաբերությունների հետագա խորացման համար:

Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հոլանդիայի կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար եւ ասել, որ տնտեսական փոխգործակցությունը լավ հեռանկարներ ունի, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է առաջիկայում աշխատանքներ տանել: Հոլանդիան Եվրամիության անդամ երկրների շարքում երրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով, իսկ Հայաստանը Համաշխարհային բանկի ՙՀոլանդական խմբի՚ անդամ է:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների վարչապետին` ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում դրսեւորած հավասարակշռված մոտեցման համար:

Սերժ Սարգսյանը Յան Պիտեր Բալկենենդեին տեղեկացրել է նաեւ իր հրավերով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի մասին: Նիդերլանդների վարչապետը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացիկ երկխոսությունը: Անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումներին, Հոլանդիայի վարչապետը նշել է: "Մենք, իհարկե, շատ լավ տեղյակ ենք ցեղասպանության խնդրին, կարեւոր է անկեղծ եւ ազնիվ լինել պատմության հետ":

Հոլանդիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` վրաց-օսական ճգնաժամի շրջանում Հոլանդիայի քաղաքացիներին ցուցաբերած աջակցության համար, ինչի շնորհիվ Վրաստանում գտնվող Հոլադիայի հարյուրավոր քաղաքացիներ հնարավորություն են ունեցել Հայաստանի տարածքով վերադառնալ հայրենիք:

Նախագահը Հոլանդիայի վարչապետին հրավիրել է այցելելու Հայաստան, ինչը հնարավորություն կտա առավել հանգամանալից քննարկելու երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացման եւ տնտեսական փոխգործակցության հեռանակարները:

* * *
Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցեր:

* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Նախագահները կարևորել են Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության հետագա խորացումը եւ նշել, որ այդ ուղղությամբ առկա է բավականին մեծ ներուժ, ինչի արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր:

Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը նկատել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` հայ և սերբ ժողովուրդները պատմամշակութային շատ ընդհանրություններ և փոխադարձաբար ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ:

Սերբիայի նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ- թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը համակարծիք են եղել, որ առկա խնդիրների բանակցային ճանապարհով հանգուցալուծումը, խաղաղության ու կայունության հաստատումը տարածաշրջանում կարևոր նախապայման է առաջընթացի, զարգացման և տարածաշրջանային նախաձեռնությունների կյանքի կոչման համար:

Սերբիայի նախագահն ընդգծել է այն առանձնահատուկ դերը, որ Սերբիայի հայ համայնքը կարող է ունենալ հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Բորիս Տադիչը Սերժ Սարգսյանին հրավիրել է` պաշտոնական այց կատարել Սերբիա:

* * *
Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լատվիայի միջև առկա հարաբերությունների ներկա մակարդակի առթիվ: Սերժ Սարգսյանը և Վալդիս Զատլերսը կարևորել են համագործակցությունը Եվրամիության Նոր հարևանության քաղաքականության շրջանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը ուսանելի է համարել եվրաինտեգրման ուղղությամբ Լատվիայի փորձը: Վալդիս Զատլերսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ օժանդակել Հայաստանին:
Հայաստանի և Լատվիայի նախագահները ընդգծել են երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների: Վալդիս Զատլերսը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է` այցելելու Ռիգա:

* * *
Սեպտեմբերի 24-ին նախագահ Սերժ Սարգյանն այցելել է Նյու Յորքի "Մետրոպոլիտեն" թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է վաղ քրիստոնեության և բյուզանդական արվեստի ցուցասրահում, որտեղ Նախագահին ներկայացվել է ցուցադրվող միջնադարյան հայկական խաչքարը:

* * *
Օրվա երկրորդ կեսին իր կեցավայրում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հար¬ցերի լայն շրջանակ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ի պատասխան, պետքարտուղարը նշել է, որ Հայաստանը քաղաքական բարեփոխումներում արձանագրում է առաջընթաց, ինչը լավ հիմք է նման օժանդակության շարունակականության ապահովման համար:

Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամար¬տու¬թյան խաղաղ, բանակցային ճանապարհով փոխզիջումային լուծման հարցում: Քոնդո¬լիզա Ռայսը կարևորել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, և ընդգծել, որ հիմնախնդրի նման հանգուցալուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանը:

Պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Նախագահին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար և հույս հայտնել, որ Թուրքիայի Նախագահի այցը Հայաստան և հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում:

← Վերադառնալ