15
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, միջազգային կառույցներում արդյունավետ աշխատանքը եւ տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան:

Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը եւ Բելառուսը իրենց հարաբերությունները կառուցելիս հաշվի են առնում նաեւ այն հանգամանքը, որ երկու երկրները միեւնույն անվտանգության համակարգի մաս են, անդամակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն, ինչն առանձնակի նշանակություն է տալիս նրանց հարաբերություններին:

Դեսպան Սուխորենկոն ասել է, որ Հայաստան է եկել դրական մեծ զգացումներով եւ իր գերխնդիրն է համարում երկկողմ կապերի ամրապնդումը: Նա նշել է, որ մտադիր է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործմանը: "Բելառուսը հուսալի եւ կայուն գործընկեր է Հայաստանի համար",- ընդգծել է դիվանագետը:

Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ դեսպանն իր նախաձեռնություններում կարող է ակնկալել հայկական կողմի ամենայն աջակցությունը:

← Վերադառնալ