02
12, 2008

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին /Գերմանիա/:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանն ուղղված պարոն Բիրկհոֆերի ջանքերը եւ շեշտել, որ տասներկու տարի անընդմեջ նա չափազանց կարեւոր աշխատանք է կատարում:

Նշելով, որ էներգետիկ անվտանգության խնդիրներն ընդհանրապես, եւ միջուկային անվտանգությունը` մասնավորապես, հատուկ նշանակություն ունեն, երկրի ղեկավարն ասել է, որ դրանք մշտապես իր եւ կառավարության ուշադրության կենտրոնում են: Նա ընդգծել է ատոմային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով զարգացնելու, եղած ջերմային հզորություններն արդիականացնելու, նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու Հայաստանի մտադրությունը, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքը:

Խոսելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մասին, Ադոլֆ Բիրկհոֆերն ասել է. "Դուք կարող եք հպարտանալ ատոմակայանի անվտանգ շահագործման ուղղությամբ վերջին տարիներին կատարած աշխատանքով: Ձեր կառավարության ջանքերի, մասնագետների հմտությունների եւ գիտելիքների շնորհիվ, իրականացվել է այնպիսի կառավարում, որի արդյունքում ներկայումս Հայկական ԱԷԿ-ը լիովին թարմացվել է, ունի անվտագության բարձր մակարդակ, եւ այլ երկրների նմանատիպ կայանների համեմատ, լավագույնս է պահպանվել":

Կողմերը քննարկել են նաեւ ԱԷԿ-ի հետագա շահագործմանն, նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ