16
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ մշտական աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումերին, Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը, որպես անդամ պետություն, շահագրգռված է ընդլայնել փոխգործակցության շրջանակը` ներգրավելով նոր ոլորտներ ու խնդիրներ: Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ հետ փոգործակցությունը կարեւորել է, նկատի առնելով նաեւ, որ այդ Կազմակերպության շրջանակում է ընթանում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը:

Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հնարավորությունների եւ հանգուցալուծման գործընթացում ԵԱՀԿ դերակատարության մասին: Սերժ Սարգսյանը եւ Մարկ Պերեն դը Բրիշամբոն մեծ նշանակություն են տվել Հելսինկիում ընդունված ԵԱՀԿ ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարություններին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ ռազմատենչ հայտարարությունները որեւէ ձեւով չեն կարող նպաստել առկա խնդիրների կարգավորմանը, եւ օգոստոսյան իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին հակամարտությունները բռնի ուժով լուծելու վտանգավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: Նշելով, որ նախագահ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում համարձակ եւ լայնախոհ քայլեր է ձեռնարկել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հետաքրքրվել է, թե որ ոլորտներում Կազմակերպությունը կարող է օգտակար լինել: Երկրի ղեկավարն ասել է, որ իշխանությունները վճռական են եւ հետեւողականորեն շարունակելու են բարեփոխումները, որոնք ամրագրված են Նախագահի նախընտրական ծրագրում եւ համահունչ են քաղաքական կոալիցիայի հռչակած առաջնահերթություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղեկ նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող անձանց խնդրին:

← Վերադառնալ