17
01, 2009

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը

album picture
Մոսկվայում այսօր կայացած` գազային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ էներգետիկ հարաբերությունները` այն բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցությանը:

ՌԴ նախագահը նկատել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում: Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին կարեւորել է էներգետիկ բանգավառում Ռուսաստանի եւ "Գազպրոմ" ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ողջ աշխարհում:

Նախագահներ Ս. Սարգսյանն ու Դ. Մեդվեդեւը համակարծիք էին, որ բարձր մակարդակի հաճախակի շփումներն ու հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալ եւ լուծումներ տալ նույնիսկ ամենափոքր խնդիրներին:

← Վերադառնալ