19
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարին

album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին:

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ առկա համագործակցության օրակարգի ընդլայնման տեսանկյունից նպաստավոր համարելով երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության արդյունավետ շարունակականությունը` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է նոյեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ կառույցների ղեկավարների հետ իր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության կողմից Հայաստանին "Ընդհանրացված արտոնությունների համալրված համակարգ" (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորություն շնորհելու համար եւ շեշտել, որ մեր երկիրն անելու է իրենից կախված հնարավորը` մյուս պայմանավորվածություններն օր առաջ իրողություն դարձնելու համար:

Սերժ Սարգսյանը եւ տիկին Ֆեռերո-Վալդները քննարկել են "Արեւելյան գործընկերություն" նախաձեռնության շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցային հնարավորությունների ավելացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաեւ տարածաշրջանային ու ներհայաստանյան զարգացումներին:

← Վերադառնալ