28
01, 2009

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ցյուրիխում

album picture
album picture
Այսօր Ցյուրիխի "Ռադիսոն" հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետեւ երկու երկրների Նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:

Հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իրենց տեսակետները: Երկու երկրների Նախագահները բանակցությունների արդյունքում հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ շարունակելու բանակցային գործընթացը: Նախագահները ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ:

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը բանակցությունների ավարտից հետո մեկնել է Դավոս, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

← Վերադառնալ