07
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ

album picture
Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մյունխենում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Հանդիպումն ընթացել է ջերմ, կառուցողական եւ գործնական մթնոլորտում: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ համագործակցության ներկա մակարդակը. երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է շուրջ 350 մլն դոլարի, Հայաստանում գերմանական կապիտալով գործում է շուրջ 100 համատեղ ձեռնարկություն: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Եվրամիության "Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգում" (GSP+) Հայաստանի ներգրավումը կխթանի առեւտրատնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, անդրադարձել արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի մոսկովյան որոշմանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ջերմությամբ է հիշել 1980-ական թվականներին իր այցելությունը Հայաստան եւ հրավիրել Հայաստանի Հանրապետության Նախագահին` պաշտոնական այցով մեկնելու Գերմանիա:

← Վերադառնալ