18
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռընե Լեւոնյանին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու հոգեւոր խորհրդի պատվիրակությանը, եկեղեցու նախագահ վերապատվելի Ռընե Լեւոնյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացվել է Ավետարանական եկեղեցու վերջին տարիների գործունեության, քրիստոնեական եւ հայեցի դաստիարակության, սոցիալական, մշակութային, կրթական ու զարգացման այլ ուղղություններով Հայաստանում իրականացված եւ ընթացիկ ծրագրերի մասին: Ներկայացնելով Հայաստանում ու Արցախում եկեղեցու կողմից 2009թ. նախանշված ծրագրերը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատվիրակության անդամները շեշտել են, որ բարեսիրական նախաձեռնությունների հետ մեկտեղ, եկեղեցին փորձում է աստիճանաբար անցում կատարել զարգացման ծրագրերի:

Հանրապետության Նախագահը կարեւորել է համայն հայության ներուժի օգտագործումն ի շահ Հայրենիքի ու մեր ժողովրդի, արժեւորել հայկական բոլոր կազմակերպությունների գործունեությունը հայապահպանության բնագավառում, ինչպես նաեւ նրանց ներգրավումը հայաստանյան կյանքում: "Որպես ժողովուրդ, մեր հաջողության գրավականը մեր միասնականությունն է, իսկ մեր ուժը նաեւ մեր բազմազանության մեջ է: Այդ բազմազանության մեջ մեր նպատակը մեկն է` Հայաստանի եւ հայ ժողովրդի զարգացումն ու բարգավաճումը",- նշել է Հանրապետության Նախագահը:

← Վերադառնալ