18
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

album picture
album picture
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպմանը մասնակցել են Լեհաստանի` մեր երկրում արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաշ Կնոտեն, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը, ինչպես նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:

Հանրապետության Նախագահը, կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության հետագա խորացումը, վստահություն է հայտնել, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված 2009-2011 թթ գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել այդ ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության "Արեւելյան գործընկերության" նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաեւ մեր երկրում բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցերի: Կարեւորելով մեկնարկող "Արեւելյան գործընկերության" տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հետեւողական կլինի ապահովելու նախաձեռնության մեջ ներգրավված բոլոր երկրների հավատարմությունն այդ առաջնահերթությանը:

Պիտեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` առաջիկայում Հայաստան այցելելու մտադրությունը, Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

← Վերադառնալ