27
02, 2009

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ի երեկոյան հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին:

Նշելով, որ նման կազմով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Մյուռոնօրհնության արարողությունից օրեր անց, Նախագահն ասել է, որ ուրախ է կրկին հյուրընկալելու եւ պատրաստ է շարունակել խոսակցությունը պետություն-եկեղեցի փոխգործակցության, ինչպես նաեւ հետաքրքրող այլ հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ շեշտել է, որ օրեցօր ամրապնդվում է այն սերտ համագործակցությունը, որ գոյություն ունի պետության եւ Սուրբ Էջմիածնի միջեւ, ինչի համար ինքն ուրախ է, եւ կարծում է, այդպես պետք է լինի միշտ: "Դա որեւէ ժամանակաշրջանի հետ կապված չէ",- ասել է երկրի ղեկավարը,-"դա եկեղեցու եւ պետության առաքելությունն է: Եւ եկեղեցին, եւ պետությունը փոխադարձաբար միմյանց լրացնելու կարիք ունեն": Նախագահի խոսքով` "նոր հասարակություն ձեւավորելու ընթացքում, իսկ մեր հասարակությունը դեռեւս ձեւավորման փուլում է, այս հարաբերությունները չափազանց կարեւոր են":

Նշելով, որ դժվարությունների պահին մեր ժողովրդի վերջին հույսը միշտ եղել է հավատն առ Աստված, Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովրդի աղոթքի ու մեր եկեղեցու շատ մեծ վաստակի շնորհիվ է, որ կարողացել ենք անցնել դարերի խաչմերուկներով եւ 20-րդ դարեվերջին ինքնուրույն պետականություն ունենալ ու շարժվել առաջ:

Նախագահը նաեւ համոզմունք է հայտնել, որ պետականություն ունենալով, ժողովրդին մի հանգրվանի հասցնելով` եկեղեցու դերը բնավ չի նվազում, այլ ընդհակառակը, քանի որ առաջանում են նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, եւ այդ խնդիրների լուծման ընթացքում, եթե մեր պետությունն ու եկեղեցին առանցքային հարցերում միակարծիք լինեն, կարող ենք շատ ավելի մեծ հաջողությունների հասնել:

Սերժ Սարգսյանի խոսքով` "հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին հաստատություններից մեկն է, որ անընդհատ գործել է 1700 տարուց ավելի: Դա նաեւ մեր ամենահին մշակութային, կրթական հաստատությունն է: Հայաստանի Հանրապետության պետական կառույցների համար ավելի փորձառու եւ ազդեցիկ դաշնակից անհնար է պատկերացնել":

Նախագահը կարեւորել է Գերագույն հոգեւոր խորհրդի առաքելությունը Հայ առաքելական եւ քույր եկեղեցիների հարաբերությունների օրինաչափ զարգացման եւ հայ եկեղեցու միասնականության պահպանման գործում:

Ըստ Սերժ Սարգսյանի, այսօրվա ֆինանսական-տնտեսական ճգնաժամը չի սահմանափակվում զուտ ֆինանսատնտեսական խնդիրներով, եւ չի բացառվում, որ այն կարող է վերածվել նաեւ հոգեւոր ճգնաժամի: Ակնհայտ է, որ փորձության ժամին օգնության ակնկալիքը մեծանում է: Իսկ մարդիկ տեսել են, որ եւ պետությունը, եւ եկեղեցին արհավիրքի պահերին մշտապես օգնում, օժանդակում են: Նախագահի խոսքով, "այսօր մեր կառավարության ձեռնարկած միջոցառումները, հույս են ներշնչում, որ կարողանալու ենք, ի վերջո նվազագույնի հասցնել ճգնաժամի հետեւանքները, բայց պետք է կարողանանք ոչ միայն նվազագույնի հասցնել, այլեւ զուգահեռաբար քաջալերել հայրենասիրությունը, բարոյականությունը: Միայն այս ճանապարհով մենք կարող ենք առաջ շարժվել":

Երկրի ղեկավարը նաեւ նշել է, որ "դեռ երկար տարիներ մեր պետությունը ի վիճակի չի լինելու դիվանագիտական եւ այլ պաշտոնական մակարդակներով աշխարհով մեկ ունենալ այնպիսի ներկայացվածություն, ինչպիսին այսօր ունի մեր եկեղեցին: Հետեւաբար թե Հայաստանի խնդիրներն ու շահերը ներկայացնելու, թե Սփյուռքի հետ գործակցության նախաձեռնություններում պետությունը մեծապես կարիք է ունենալու մեր եկեղեցու աջակցությանը եւ այս խնդիրներում համատեղ աշխատանքի առավել արդյունավետ մեխանիզմներ ապահովելու համար մենք դեռ անելիք ունենք":

Հանրապետության Նախագահը կրկին անգամ հավաստել է, որ ապագայում եւս Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատվության տակ գտնվող հոգեւոր մշակույթի, կրթական եւ բարեսիրական հաստատությունների եւ հուշարձանների պահպանմանն ու զարգացմանը:

Նշելով, որ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված նիստերը տեղի են ունենում տարին երկու անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ այսօր տարվա առաջին նիստն է, որի օրակարգում ընդգրկված են ինչպես եկեղեցու ներքին կյանքի կազմակերպմանը, այնպես էլ նվիրապետական աթոռների, քույր եկեղեցիների հետ հարաբերություններին առնչվող հարցեր, մեր ազգային կյանքում դրսեւորվող առանձին երեւույթներ:

Վեհափառ Հայրապետի խոսքով` ճեմարանական աթոռին նստած յուրաքանչյուր եկեղեցական կրթվում է այն ոգով եւ գիտակցությամբ, որ իր ծառայությունը իմաստավորված է Աստծուն եւ հայրենիքին ծառայությամբ` Հայոց պետականության ամրացմամբ, Հայոց պետականության անվտանգությանն իր համեստ լուման ու նպաստը ապահովելով: Նա նաեւ ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին իր թեմերով ամենայն ջանք գործադրում է, որպեսզի իր առաքելությունն ու զորակցությունը լինի լիարժեք եւ ամբողջական` ի շահ հայրենիքի զորացման ու շենության, վաղվա լուսավոր օրվա:

Այնուհետեւ շահագրգիռ քննարկում է ծավալվել բարձրաստիճան հոգեւորականներին հուզող խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, կարեւորվել է Ազգային ժողովում հիշատակելի տոների շարքում ազգային ինքնության տոնի քննարկումը, անդրադարձ է եղել Վիրահայոց թեմի առջեւ ծառացած խնդիրներին, խոսվել է Հայաստանում եւ Սփյուռքում այլակրոն եւ դավանափոխ հայերի շրջանում հայ ինքնության լիարժեք արմատավորման եւ տարբեր դավանանքների հայկական համայնքների արդյունավետ համագործակցության մասին:

Սրբազան հայրերը ողջունել են Հանրապետության Նախագահի նախանձախնդրությունը ազգային խնդիրների հանդեպ եւ նրա ընդառաջող վերաբերմունքը դեպի մեր եկեղեցին ու եկեղեցուն հուզող հարցերը:

← Վերադառնալ