13
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մանուչեհր Մոթթաքիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշել, որ Իրանը Հայաստանի համար լավ հարեւան ու վստահելի գործընկեր է: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա տարբեր բնագավառներում անընդհատ զարգացող համագործակցության համար:

Մանուչեհր Մոթթաքին Հայաստանի ղեկավարին հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանի նախագահի առաջիկա պաշտոնական այցը Իրան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում եւ կդառնա լայնամասշտաբ ծրագրերի սկիզբ: Դարերի խորքից եկող բարեկամությունը համարելով երկու երկրների մեծ կապիտալը, Իրանի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների ապագային, դրանք համարում է տրամաբանված եւ ի շահ երկու ժողովուրդների:

Նշելով, որ հայ-իրանական հարաբերությունները ներառում են բազմաթիվ ոլորտներ, կողմերը համակարծիք են եղել, որ վերջին տարիներին դրանք ձեռք են բերել ռազմավարական բնույթ եւ նոր որակ` անցնելով ենթակառուցվածքային երկարաժամկետ ծրագրերի: Հեռանկարային նախագծերի շարքում նրանք առանձնահատուկ կարեւորություն են տվել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, որը էական նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ընդգծվել է նաեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը տնտեսական ոլորտում համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:

Զրուցակիցները տեսակետներ են փոխանակել նաեւ կովկասյան տարածաշրջանի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

← Վերադառնալ