08
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության նախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանի համար սկզբունքային խնդիր համարելով, Սերժ Սարգսյանը տեղեկացրել է եվրոպական կառույցների հետ աշխատանքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2009-2011թթ. առաջնահերթությունների ծրագրի մշակման մասին, որը ենթադրում է երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի արդիականացում: Նախագահն ասել է, որ այդ ճանապարհին Հայաստանը մտադիր է օգտվել այլ երկրների փորձից եւ արդեն իսկ մեր երկրում են Եվրամիության խորհրդատվական խմբի անդամները:

Եվս մեկ անգամ շեշտելով Հայաստանի ձգտումը դեպի եվրոպական ընտանիք, երկրի ղեկավարն ընդգծել է."Սա մեզ համար գիտակցված ընտրություն է, մենք կամովին ենք պարտավորություններ ստանձնել, մեր նպատակն է ապրել քաղաքակիրթ կանոններով եւ եվրոպական կառույցների աջակցությունն մեզ անհրաժեշտ է մեր երկիրն ավելի ժողովրդավար, մեր տնտեսությունն ավելի մրցունակ, մեր զավակների ապագան ավելի ապահով դարձնելու համար”:

Սերժ Սարգսյանը ողջունել է նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եւ նշել, որ Հայաստանն առավելագույնս կօգտագործի փոխգործակցության նոր հնարավորությունները:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ տիկին Մարի Անն Իզլեր Բեգենը ընդգծել է Եվրախորհրդարանի հատուկ ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Շնորհակալություն հայտնելով հինգ տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար, տիկին Բեգենը տեղեկացրել է, որ ամռանը Եվրոպայում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքում փոխվելու է եվրոպական խորհրդարանի կազմը եւ ձեւավորվելու է Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր հանձնաժողով:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի հնգամյա աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ եւ համալրվել նոր բովանդակությամբ:

Նախագահ Սարգսյանը պարզաբանումներ է տվել նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Նա մեկ անգամ եւս ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

← Վերադառնալ