13
04, 2009

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, ապրիլի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է Իրան:

Թեհրանի "Մեհրաբադ" օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նախագահներ Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել և հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման իրենց պատրաստակամությունը` նկատելով, որ նման այցելություններն ու բարձր մակարդակի շփումները հնարավորություն են տալիս քննարկելու և լուծումներ տալու հայ-իրանական հագեցած օրակարգին վերաբերող տարբեր խնդիրների:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանը, նրան դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող հարևան և "դժվար օրերի բարեկամ"` շնորհակալություն հայտնելով ինչպես անկախության առաջին տարիներին, այնպես էլ օգոստոսյան իրադարձությունների օրերին Իրանի տարածքով առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հարցում ցուցաբերած բարեկամական աջակցության համար: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարևոր առաջանահերթություններից մեկը: "Անհրաժեշտ է պահպանել և ընդլայնել մեր ձեռքբերումները",-նշել է Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: "Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումը լավագույն վկայությունն է բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման մեր տեսլականի: Վստահ եմ, որ քննարկված խնդիրների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն փաստաթղթերի, որոնց իրականացումը կբերի մեր բարեկամության հետագա էլ ավելի խորացմանը",- ընգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են Իրանի հայկական համայնքի լուրջ դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում:

Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ առևտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցմանը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցմանը, էներգետիկ, տրանսպորտի և առևտրի բնագավառներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:

Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Զրուցակիցները կարևորել են առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարևոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մշտապես ցուցաբերված հավասարակշռված մոտեցման համար:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը դրական են գնահատել բանակցությունների արդյունքները:

Նույն օրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Զրուցակիցներրը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամության պատգամավորական խմբի աշխատանքները` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու զարգացման հարցում: Անդրադառնալով բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում քննարկվող ծրագրերին, Իրանի Մեջլիսի նախագահը նկատել է, որ դրանք իրատեսական են և իրագործելի: Ալի Լարիջանիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայաստանյան իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների մասին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ:

Ապրիլի 13-ի ուշ երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

← Վերադառնալ