14
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Իրան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 14-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Նախագահ Սարգսյանն ու Սաիդ Ջալիլին գոհունակությամբ ընդգծել են անկախությունից ի վեր երկու բարեկամ երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտում դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը:

Զրուցակիցները բարձր են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության ու այլ ոլորտներում արձանագրված հաջողությունները եւ վստահություն հայտնել, որ նախատեսվող խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-իրանական բարեկամության հետագա խորացմանը: Սերժ Սարգսյանն ու Սաիդ Ջալիլին կարեւորել են սերտ համագործակցությունը երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների միջեւ:

Թեհրանում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Իրանի Հոգեւոր առաջնորդը վստահություն են հայտնել, որ միայն խաղաղության, կայունության եւ փոխշահավետ համագործակցության վրա խարսխված տարածաշրջանը կարող է բարգավաճում ու զարգացում բերել այնտեղ ապրող բոլոր ժողովուրդներին: Բարձր գնահատելով Սեյյեդ Ալի Խամենեիի ավանդը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Հոգեւոր առաջնորդին` մեր հարեւան երկրում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանման հարցում ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար:

Այնուհետեւ Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը, ամփոփելով երկօրյա քննարկումները, հրավիրված մամուլի ասուլիսում բարձր են գնահատել պաշտոնական այցի արդյունքները, ինչի վկայությունը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, առեւտրի եւ բանկային ոլորտներում համագործակցության ու խոշորածավալ ծրագրերի իրականացման մասին երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված համաձայնագրերն են:

Պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան, ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին ու գրառում կատարել դամբարանի պատվավոր հյուրերի մատյանում:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցըն ավարտվել է իրանահայ համայնքի շուրջ 3000 ներկայացուցիչների հետ Թեհրանի "Արարատ" մարզավանում տեղի ունեցած ջերմ հանդիպմամբ ու ելույթով:

← Վերադառնալ