27
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակիցների կազմակերպությունների պատվիրակներին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երեւանում անցկացված Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակիցների կազմակերպությունների երրորդ տարածաշրջանային համաժողովի մասնակիցների պատվիրակությանը:

Ողջունելով համաժողովի պատվիրակներին, Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հսկայական Սփյուռք ունեցող երկիր է, եւ այստեղ շատ լավ են հասկանում հայրենակիցների կազմակերպությունների դերն ու նշանակությունը, նրանց ներուժը: Սերժ Սարգսյանն նշել է, որ իր գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ես մշտապես ասում եմ, որ լավ հայ լինելու համար, նրանք առաջին հերթին պետք է լինեն լավ քաղաքացի այն երկրներում, որտեղ ապրում են» ,-շեշտել է երկրի ղեկավարը: Նրա խոսքով, միայն ինտեգրված համայնքները, որոնք կրում են սոցիալական ու քաղաքացիական պատասխանատվության իրենց բաժինը, կարող են լինել հարգված եւ օգտակար իրենց պատմական հայրենիքի համար:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներին Ռուսաստանը լուրջ ուշադրություն է դարձնում հայրենակիցների խնդիրներին, իրականացվում են աջակցության տարբեր ծրագրեր: Մասնավորապես` խոսվել է ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:

Զրուցակիցները հատուկ ընդգծել են հումանիտար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության բարձր մակարդակը: Նրանք համակարծիք են եղել, որ նման կազմակերպությունները յուրօրինակ կամուրջ են, եւ իրենց նպաստն են բերում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

← Վերադառնալ