29
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում:

Հանրապետության ղեկավարը դիտել է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքները, լճի ափամերձ հատվածներում տեղադրված եւ կառուցված ինքնակամ շինությունները: Կարճատև քննարկում է տեղի ունեցել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:

Այնուհետեւ երկրի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները քննարկել է մարզպետ Նվեր Պողոսյանի հետ:

Մարզպետը Նախագահին զեկուցել է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքը, մարզային այլ սոցիալ-տնտեսական հարցեր: Սերժ Սարգսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Գեղարքունիքի մարզպետարանում Նախագահ Սարգսյանն անցկացրել է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաեւ բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները:

Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում մասնավորապես ասել է. “Ինչպես պայմանավորվել էինք անցյալ տարվա դեկտեմբերին, Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը մենք անցկացնում ենք հենց այստեղ` Սեւանի ափին:

Սեւանի` տարիներով, տասնամյակներով կարծրացած, փոխկապակցված խնդիրները մեզանից հետեւողական աշխատանք են պահանջում, եւ կարծում եմ, այստեղ կարեւորն այն է, որ չհուսահատվենք, տեսնենք, դեպի ուր ենք շարժվում, որովհետեւ շատ պարագաներում այս խնդիրները պարզապես արագ լուծումներ չունեն: Մեր աշխատանքի արդյունքը կարող է երեւալ տարիներ հետո: Երբ ասում եմ չհուսահատվենք եւ չվհատվենք, այստեղ շատ կարեւոր, մշտապես գործող շարժիչ ուժ կա` դա մեր սերն է Սեւանի նկատմամբ ու նաեւ մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ: Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին:

Հանձնաժողովի ստեղծումից հետո անցել է չորս ամիս: Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ հանձնաժողովի նախագահի հետ. ամբողջովին տեղյակ եմ կատարված աշխատանքին եւ կարծում եմ, այսօր պատրաստ ենք բաց քննարկել բոլոր հարցերը, խնդիրները:

Սեւանի հետ կապված ծրագրերում մենք փոփոխությունների չենք գնալու: Թեեւ գիտեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` մենք որոշակի ուղղումներ ենք մտցնում պետական բյուջեում, այնուհանդերձ Սեւանին առնչվող խնդիրներում լինելու ենք, այո, խնայող, բայց ծրագրերը երբեք չենք դադարեցնելու”:

Վստահություն հայտնելով, որ բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել, Նախագահն առաջարկել է քննարկել ցանկացած հարց` սկսած հողահատկացման վատ պրակտիկայից մինչեւ նախկինում ընդունված որոշումների թղթի վրա մնալու հանգամանքը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացնելով կատարված եւ իրականացվելիք աշխատանքն, ասել է, որ Հանրապետության Նախագահի կողմից դեռեւս 2008թ.դեկտեմբերին տրված բոլոր հանձնարարականները ներառված են հանձնաժողովի աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ: Նրա խոսքով, առանձնացվել են 16 կարեւորագույն կետեր, որոնցից 10-ի վերաբերյալ առաջարկություններն արդեն պատրաստ են, իսկ 6-ի վերաբերյալ կներկայացվեն առաջիկայում` սահմանաված ժամանակացույցին համապատասխան: Նշելով, որ ներկայացված առաջարկությունները հանձնաժողովի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանի համատեղ գործունեության արդյունք են, Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ Սեւանի հետ կապված բարդ ու բազմապիսի խնդիրները պահանջում են լուրջ աշխատանք, համակողմանի ու հավաստի ուսումնասիրություններ:

Նիստի ընթացքում շահրագրգիռ քննարկում է ծավալվել հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան հանդիսացող խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` անդրադարձ է եղել ջրածածկվող տարածքների, ինքնակամ շինությունների, անտառային տարածքների, ջրային պաշարների կորստի, ջրի որակի, ձկնային պաշարների վերականգնման, պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունությունը համակարգելու հետ կապված խնդիրներին:

Երկրի ղեկավարը կարեւորելով կանոնակարգված աշխատանքն, ասել է. "Ներգրավելով բոլոր կարող ուժերին մենք պետք է կարողանանք պլանավորված, հստակ ու հիմնավորված քայլերով առաջ շարժվել":

← Վերադառնալ