13
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներին: Համահայկական հերթական խաղերը կանցկացվեն առաջիկա օգոստոսին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է խոսել մի այնպիսի կարեւոր ու գեղեցիկ միջոցառման մասին, ինչպիսին համահայկական խաղերն են: “Անկեղծորեն ուրախանում եմ, երբ տարբեր մարդկանցից լսում եմ հերթական համահայկական խաղերի մասին: Դա նշանակում է, որ համահայկական խաղերն արդեն կայացած իրողություն են եւ պատմություն ունեն”, -ընդգծել է երկրի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ դրանք շարունակական կլինեն: Ըստ Սերժ Սարգսյանի, այդ խաղերը նախաձեռնվել են մի շատ կարեւոր գաղափարի ներքո. այն է` ՙմիասնություն սպորտի միջոցով՚: Նշելով, որ սա չափազանց էական հանգամանք է, Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներից յուրաքանչյուրին` ներդրած ջանքերի համար եւ ընդգծել, որ Հայրենիք-Սփյուռք կապերն առարկայանում են նաեւ այսպիսի միջոցառումների շնորհիվ:

Հիշելով վերջին համահայկական խաղերը, Նախագահն ասել է. “Կարծես մի նոր ոգի, եռանդ է մտնում Հայաստան, Երեւան եւ դա նկատելի է նույնիսկ փողոցներում: Ուրախալի է, որ մենք օլիմպիական կարգախոսից արդեն անցնում ենք նաեւ սպորտային ցուցանիշների: Տարեցտարի մրցումները դառնում են շատ ավելի սկզբունքային, մասնակիցները ցանկանում են նաեւ սպորտային արդյունքների հասնել: Սա մեր ազգին բնորոշ հատկանիշ է. եթե մի գործով զբաղվում ես, ապա այդ գործում պետք է հաջողության հասնես: Այս խաղերը շատ լավ խթան ու հարթակ են նաեւ մեր այն մարզիկների համար, ովքեր շատ են սիրում սպորտը, զբաղվում են սպորտով, բայց ի վիճակի չեն միջազգային ասպարեզում մեր երկիրն ու ժողովրդին ավելի ճանաչելի դարձնել”:

Հանրապետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել լսել նաեւ հանդիպման մասնակիցների առաջարկություններն ու ցանկությունները: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը նշել է, որ համահայկական խաղերի հետ կապված կազմակերպական բոլոր խնդիրները լուծված են:

Զրուցակիցները հատկապես կարեւորել են սպորտի մասսայականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Երկրի ղեկավարը նշել է, որ Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին այդ առումով հսկայական գործ է արվել, Երեւանում եւ Հանրապետության մարզերում վերանորոգվել են մարզադպրոցները եւ այդ աշխատանքները շարունակվելու են:

Սփյուռքի մեր հայրենակիցների խնդրանքով Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ծավալված քաղաքական երկխոսությանը:

← Վերադառնալ