04
06, 2009

Սանկտ Պետերբուրգում կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը

album picture
album picture
album picture
Այսօր Սանկտ Պետերբուրգի “Բալթիկայի աստղ” հյուրանոցում կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում սանկտպետերբուրգյան հանդիպումը հինգերորդն էր ՍԵրժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Հանդիպումը սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Մոտ 2.5 ժամ տեւած բանակցություններն այնուհետեւ կրկին շարունակվել են ընդլայնված կազմով:

Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել բանակցային գործընթացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման եւ Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում կունենա նաեւ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախատեսվում է նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Նախագահների ընթրիքը: Վաղը Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կվերադառնա Երեւան:

← Վերադառնալ