17
06, 2009

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի ելույթը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկնոջ հրավիրած պաշտոնական ընթրիքին

album picture
Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի ելույթը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկնոջ հրավիրած պաշտոնական ընթրիքին

/թարգմանություն արաբերենից/


Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ձերդ Գերազանցություն պարոն Սերժ Սարգսյան
եւ տիկին Ռիտա Սարգսյան,
Տիկնայք եւ պարոնայք

Սկզբում թույլ տվեք առիթից օգտվել եւ Ձերդ Գերազանցությանը հայտնել իմ շնորհակալությունը` Հայաստան այցելելու Ձեր կողմից ինձ ուղղված հրավերի համար, եւ արտահայտել իմ մեծ ուրախությունը այսօր այստեղ` բարեկամ եւ գեղեցիկ երկրում գտնվելու համար:

Գտնվելով Ձեր երկրի գրկում, որն ունի պատմության ընթացքում արմատներ տված բազմադարյան քաղաքակրթություն եւ ժողովուրդ, ուրախ եմ հավաստիացնել, որ մեր այցը Ձեր երկիր ընդամենը մեկ քայլ է` մեր երկու երկրների միջեւ բոլոր բնագավառներում հարաբերություններն ամրապնդելու, սերտացնելու եւ խորացնելու ճանապարհին` ակնկալելով, որ այն սկիզբ կլինի արգասաբեր համագործակցության մեր երկու երկրների միջեւ: Այս քայլը առաջինը չէ, այլ այն պատմական հարաբերությունների եւ ընդհանուր արժեքների շարունակությունն է, որոնք միավորել են մեր երկու ժողովուրդներին, եւ այս հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայի կողմից հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներին գրկաբաց ընդունելով, այլ հայ ժողովուրդը դարերի ընթացքում ապացուցել է, որ հինավուրց ժողովուրդ է, որն օժտված է մարդկության արժեքների ամենավեհ իմաստներով, որոնք ժառանգվում են սերնդեսերունդ, ինչը դյուրին դարձրեց իր զավակների միաձուլումը հավասարապես այն բոլոր հասարակություններին, որտեղ նրանք ապրեցին: Սիրիայում նրանք քաղաքացիության պատվին արժանացան եւ իրենց ներդրումն ունեցան մեր ժառանգության, մշակույթի ու ավանդույթների հարստացման գործում, նրանք անբաժանելի մասը դարձան Սիրիայի հասարակության հյուսվածքի, որը մարդկային արժեքների վրա կառուցված քաղաքակրթական միաձուլման եւ զանազանության օրինակ է հանդիսանում` հեռու ծայրահեղությունից ու ռասիզմից: Այսօր մենք հպարտանում ենք հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներով, որոնք ակնառու դեր են խաղում Սիրիայի ընդհանուր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես` արվեստի, երաժշտության, բժկության, արհեստագործության եւ այլ բնագավառներում: Այս անքակտելի մշակութային միաձուլումը պատասխանն է քարոզվող այն մտքերին, գաղափարախոսություններին եւ ռասսայական գործողություններին, որոնք ի հայտ բերեցին քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների եւ ազգերի հակամարտության ակունքը, ինչը հանգեցրեց համաշխարհային անվտանգության եւ խաղաղության ապակայունացմանը աշխարհի բազմաթիվ վայրերում, հատկապես` Միջին Արեւելքի, Կովկասի եւ Ասիայի տարածաշրջաններում: Այս կողմնակալ եւ անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների եւ հակամարտությունների ծագմանը, որոնց բռնկումն անհեթեթ է քսանմեկերորդ դարում իրավունքի, արդարության, հավասարության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների տարածման համար ժողովուրդների մղած երկար պայքարից հետո: Այստեղ ի հայտ են գալիս որոշ երկրների եւ ժողովուրդների փորձությունները, ինչպիսիք են արաբ ժողովուրդի պայքարը Իսրայելի կողմից արաբական տարածքների օկուպացիայի դեմ, հատկապես Սիրիայում մեր ժողովուրդի պայքարը` Իսրայելի կողմից շարունակվող սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիայի դեմ, ինչպես նաեւ հայ ժողովրդի փորձությունը, լինի դա բարձր պատասխանատվության ոգով իր իրավունքները պաշտպանելով, թե աշխարհի տարբեր երկրներում նրա զավակների միաձուլման ու շաղկապմամբ: Այս երկու փորձությունները կրում են հանդուրժողականության արժեքներ` ապացուցելով, որ մշակույթների եւ կրոնների միջեւ երկխոսությունը, միաձուլումը, զանազանությունն ու համերաշխությունը հարստացնում են համամարդկային արժեքները:

Ձերդ Գերազանցություն,

Մեր երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները համագործակցության բազմադարյան ավանդությներ ունեն, եւ մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները կառուցված են սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա, եւ մենք առաջ ենք նայում, ակնկալելով, որ միասին կաշխատենք այս հարաբերությունները բոլոր բնագավառներում` քաղաքական, տնտեսական ու առեւտրային, ցանկանալի մակարդակի բարձրացնելու համար: Այս շրջանակներում մեր այսօրվա բանակցությունները հաստատեցին, որ երկկողմ հարաբերություններն աճելու են, զարգանալու են եւ ծաղկելու են անընդհատ` ի շահ երկու ժողովուրդների, երկու երկրների եւ երկու տարածաշրջանների, նաեւ պետք է ընդգծենք տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման կարեւորությունը` հույս ունենալով, որ մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մակարդակը կհասնի մեր միջեւ առկա քաղաքական, հասարակական եւ մշակութային հարաբերությունների մակարդակին:



Ձեր Գերազանցություն,

Մենք ակնկալում ենք միասին աշխատել, նաեւ` գործող եւ համապատասխան կողմերի հետ` Միջին Արեւելքի, Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման համար, քանի որ այս ամենն ազդեցություն ունի աշխարհում կայունության եւ անվտանգության հաստատման գործում, եւ մենք վստահ ենք, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգեը, ինչպես նաեւ միջազգային որոշումներն ու միջազգային իրավունքը հարգելը եւ երկխոսության կարեւորության համատեղ համոզմունքի վրա հիմնված իրավական կամքը բավարար հիմք է աշխարհում բոլոր ճգնաժամերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այսպիսով մենք խրախուսում ենք այն դրական քայլերը, որոնց ականատես են եղել հայ-թուրքական հարաբերությունները, եւ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը այս հարաբերությունների ամրապնդմանը նպաստող որեւէ ջանք գործադրելու համար: Այսօր մենք հույս ունենք, որ կանգնած ենք նոր փուլի առջեւ, փուլ, որտեղ տեսնում ենք հույսի շող, այն բանից հետո, երբ լսեցինք փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության կոչ անող մի նոր ձայն, սակայն մենք սպասում ենք, որ խոսքը ուղեկցվի գործով, եւ լուրջ աշխատանք սկսվի Ձեր տարածաշրջանի եւ մեր տարածաշրջանի խնդիրների արդար լուծմանը հասնելու համար:

Ձերդ Գերազանցություն,

Վերջում մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը առողջություն եւ երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին` առավել բարօրություն, զարգացում եւ բարգավաճում:

← Վերադառնալ