03
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին, Նախագահ Սարգսյանն ասել է, որ նրա այցը լավ առիթ է` տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ օրակարգային հարցերը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:

“Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը շարունակում է մեր տարածաշրջանում մնալ որպես կայունության ու խաղաղության ամրապնդող գործոն, ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացման գործընթացի ակտիվ դերակատար”,- ընդգծել է Հանրապետության Նախագահը` վստահություն հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը լրացուցիչ խթան կլինի համագործակցության զարգացման համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությունը որպես Հայաստանի հետ բարեկամ երկիր:

Նշելով, որ Հայաստանը եւ Հունաստանը երկարատեւ բարեկամություն եւ պատմական ընդհանուր անցյալ ունեն, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ երկու երկրների միջեւ առկա է շատ լավ փոխըմբռնում եւ քաղաքական համագործակցություն: Որպես ԵԱՀԿ նախագահող նա բարձր է գնահատել Հայաստանի կառավարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխգործակցությունը եւ այն արդյունքները, որոնց հաջողվել է հասնել: Ըստ Դորա Բակոյանիսի, հայ գործընկերոջ հետ այսօր ստորագրած համաձայնագիրը համագործակցության եւ արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը մեր երկրի կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում ադրբեջանական կողմը վերջին ժամանակներս սկսել է ավելի հազվադեպ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին: “Համարելով հանդերձ, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշակիորեն դրական ընթացք է ստացել, ես, սակայն, գոհ չեմ բանակցությունների ընթացքից, որովհետեւ ադրբեջանական կողմը փորձում է ձեւախեղել ինչպես բանակցությունների ընթացքը, այնպես էլ բուն հակամարտության էությունը”, - նշել է երկրի ղեկավարը:

ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր երկրի պատրաստակամությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է նաեւ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ ԱԺ կողմից վերջերս հայտարարված համաներումը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար տիկին Բակոյանիսի առանձնազրույցը:

← Վերադառնալ