14
07, 2009

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսահայ արվեստագետ, հայտնի կինոգործիչ Ալեն Թերզյանին

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի ֆիլմարտադրողների միության նախագահ, Ֆրանսիայի Կինոարվեստի Ակադեմիայի նախագահ, "Սեզար" մրցանակաբաշխության նախագահ, Կաննի կինոփառատոնի տնօրեն Ալեն Թերզյանին եւ նրա տիկնոջը:

Հանրապետության Նախագահի հուլիսի 13-ի հրամանագրով Ալեն Թերզյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով` կինոարվեստի բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաեւ` հայրենիքի հետ մշակութային սերտ համագործակցության ու հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը նպաստող գործունեության համար:

Հանձնելով պետական բարձր պարգեւը` Նախագահ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի առաջին այցը Հայաստան եւ ասել. "Մեր ժողովրդի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ նրա մի զգալի հատվածը սփռված է աշխարհով մեկ: Բայց սա մեզ համար նաեւ առավելություն է, եւ ես հաճախ եմ պնդում, որ Հայաստանը մի երկիր է առանց Սփյուռքի ու բոլորովին այլ երկիր` Սփյուռքով":

Նշելով, որ Հայաստանը հպարտ է Ալեն Թերզյանի պես հայրենակից ունենալու հանգամանքով` Սերժ Սարգսյանն ընդգծել է. "Ձեր նմանների շնորհիվ է նաեւ Հայաստանն ավելի ճանաչելի դառնում աշխարհում: Մեր նպատակն է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները լինելով տվյալ երկրի լավ քաղաքացի` միաժամանակ Հայաստանը համարեն իրենց պատմական հայրենիքը":

Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի մասնակցությունը "Ոսկե ծիրան" կինոփառատոնին:

"Անչափ ուրախ եմ, հպարտ ու հուզված, որ Հայաստանում եմ` իմ պատմական հայրենիքում: Երբ ոտք դրեցի հայկական հողին, տարօրինակ զգացում ապրեցի: Դա մի բան է, որ կարող է հասկանալ միայն այն հայը, ով ամբողջ կյանքում երազել էր լինել Հայաստանում, եւ այդ երազանքը վերջապես իրականություն դարձավ",- ասել է Ալեն Թերզյանը: Ֆրանսահայ արվեստագետը նշել է, որ տպավորված է "Ոսկե ծիրան" փառատոնով, որը տարեցտարի ավելի ու ավելի մեծ համբավ է ձեռք բերում:

← Վերադառնալ