08
08, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ջերմուկ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում:

Նախագահը մարզի եւ քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային եւ զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների եւ քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը:

Չգործող օդանավակայանի եւ դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի եւ զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի եւ ձմեռային սպորտաձեւերի մարզադաշտերի) գոտիներ: Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային եւ մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաեւ` համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի: Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին:

Գլխավոր ճարտարապետը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է եւ կավարտվի 2011թ.: Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Երկրի ղեկավարին են ներկայացվել նաեւ քաղաքի մուտք հանդիսացող խճուղում անվտանգ երթեւեկություն ապահովելու համար կառուցվելիք տրանսպորտային նոր հանգույցի եւ ավտոճանապարհի նախագծերը:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Ջերմուկի ճոպանուղի, ծանոթացել տարածքի բարեկարգման աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" Ջերմուկ-2009 միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին:

Երկրի ղեկավարը հանդիպել է նաեւ "Հայ ասպետ" հեռուստատեսային խաղի հաղթող Ջերմուկի թիվ 1 դպրոցի հավաքականի անդամներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է երեխաներին եւ ասել, որ հիացած է ուսման եւ գիտելիքի հանդեպ նրանց սիրով ու տարած գեղեցիկ հաղթանակով: Նախագահը նշել է, որ նաեւ այսպիսի օրինակները կոգեւորեն դպրոցականներին ու կօգնեն գիտակցելու լավ սովորելու եւ կյանքում իրենց արժանի տեղը գտնելու համար գիտելիքին ապավինելու անհրաժեշտությունը:

Հավաքականի անդամները երկրի ղեկավարին պատմել են մրցույթի ընթացքում իրենց ունեցած զգացումների եւ տպավորությունների, նաեւ` հայրենի քաղաքում որպես փոքրիկ հերոսներ ընդունվելու մասին:

Սերժ Սարգսյանը բարի ճանապարհ է մաղթել երեխաներին, ովքեր նույն օրվա երեկոյան ուղեւորվում էին դեպի պատմական Արեւմտյան Հայաստան, նշելով, որ այդ ուղեւորությունը յուրօրինակ հնարավորություն է` համալրելու հայոց պատմության մասին նրանց գիտելիքները:

Երեխաները երկրի Նախագահի եւ "Փյունիկ" հիմնադրամի կողմից որպես պարգեւ ստացել են նոութբուք համակարգիչներ:

← Վերադառնալ