04
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ:

Նշելով, որ նման ձեւաչափով վերջին հանդիպումից հետո շուրջ մեկ տարի է անցել, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ ժամանակը հնարավորություն է տալիս խոսելու ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին: Ըստ երկրի ղեկավարի, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին, տարբեր ծրագրեր իրականացվել եւ իրականացվում են:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել արտերկրում բնակվող հայ գործարարների դերը ինչպես մեր երկրի ու ժողովրդի հեղինակության եւ ճանաչելիության բարձրացման, այնպես էլ հայապահպանության ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպմանը մասնակից հայ գործարարների մշտական պատրաստակամությունը` ներդրումային տարբեր ծրագրերի միջոցով իրենց նպաստը բերելու Հայաստանի տնտեսական առաջընթացին ու զարգացմանը:

Սերժ Սարգսյանը նման պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ տեղի են ունենում մեր երկրի ու ժողովրդի կյանքին առնչվող կարեւորագույն իրադարձություններ եւ գործարարներին տեղեկացրել է արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Սփյուռքի, մասնավորապես` ռուսահայության ներուժի առավել արդյունավետ համադրման եւ օգտագործման հնարավորություններին, գործող կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման հետ կապված հարցեր:

← Վերադառնալ