22
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել հայաստանյան ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներին

album picture
album picture
album picture
album picture
Ծավալվող հանրային քննարկումների համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպման է հրավիրել հայաստանյան ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներին` մտքեր փոխանակելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարներին ասել է, որ ակնկալում է բաց եւ անկեղծ խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլի վերաբերյալ` կարեւորելով նրանց տեսակետը թե՛ որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ, թե՛ որպես մարդիկ, ովքեր հասարակական կարծիք են ձեւավորում: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ այս գործընթացին երկու երկրների հասարակությունների մասնակցության եւ աջակցության կարեւորությունը եւ նշել, որ առանց դրա անհնարին է հասնել խնդրի լուծմանը:

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս կարեւորել է գործընթացի ու դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետների բազմակողմ լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում:

Ավելի քան երկու ժամ տեւած շահագրգիռ ու անկաշկանդ քննարկման ընթացքում զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները ներկայացրել են գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքը եւ նկատառումները, մտքեր փոխանակել հնարավոր ռիսկերի ու մտահոգությունների վերաբերյալ:

Հանրապետության Նախագահը պարզաբանումներ է տվել հանդիպման մասնակիցներին գործընթացի վերաբերյալ լրատվության միջոցներում հնչեցված հիմնական կարծիքների ու արծարծվող հարցերի մասին: Նա ասել է, որ Հայաստանը մտել է դժվարին, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ գործընթացի մեջ: Հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը երկրի ղեկավարը դիտարկել է որպես հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր, որոնց հիմնական նպատակն է ապահովել նվազագույն մի միջավայր, հարթակ, որը հնարավորություն կտա Թուրքիայի հետ սկսել երկխոսություն եւ քննարկել տնտեսականից, քաղաքականից սկսած մինչեւ պատմամշակութային բազմաթիվ հարցեր:

← Վերադառնալ