05
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ

Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նախագահի նախաձեռնությամբ:

Նախագահ Օբաման իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի համար: ԱՄՆ-ի Նախագահը եւս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց որեւէ նախապայմանի եւ չպետք է փոխշաղկապվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների Նախագահին` հայ-թուրքական գործընթացին ցուցաբերվող աջակցության համար եւ կիսվել իր համահայկական ուղեւորությունից ստացած տպավորություններով: Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ աշխարհասփյուռ հայության մտահոգությունները եւ մտավախությունները գործընթացի վերաբերյալ բնական են` հաշվի առնելով այն փաստը, որ հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայի կողմից ենթարկվել է Ցեղասպանության, ինչի մասին Նախագահ Օբաման բազմիցս է նշել իր ելույթներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Օբամային` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի կողմից կատարված հսկայական միջնորդական աշխատանքի համար եւ ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը` առաջ շարժվելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի առանցը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը եւ ընկած է Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների հիմքում:

← Վերադառնալ