07
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ

album picture
album picture
album picture
album picture
Հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հայաշատ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների ավելի քան 250 մասնակիցների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին նվիրված հանդիպմամբ ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը: Նույն օրն ուշ երեկոյան երկրի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:



***


Դոնի Ռոստովում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը դիմելով արտերկրաբնակ մեր հայրենակիցներին` ասել է. "Սա մեր համահայկական ուղեւորության վերջին կանգառն է: Մենք այստեղ ենք եկել Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպումներից ստացած հարուստ տպավորություններով: Բնականաբար տարբեր երկրներում կան տեղական առանձնահատկություններ, բայց ամենուրեք ես տեսել եմ Հայրենիքի կարոտով ու հոգսերով ապրող մեր հայրենակիցների. այդ թվում` նաեւ ինձ քննադատողների մեջ: Ամենուրեք նրանց կոչ եմ արել բազմապատկել ջանքերը Հայաստանին քաղաքականապես, տնտեսապես ու ամեն կերպ զորակցելու ուղղությամբ, չթուլացնել, ընդհակառակն ավելացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Աշխարհում չկա մեկ հայ, որ երկրորդ կարծիք ունենա ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այսպիսի միասնականությունը կարող է սարեր շարժել եւ, որքան էլ որոշ թուրք ղեկավարներ փորձեն մեր հայրենակիցների շահագրգիռ վերաբերմունքը, սրտացավությունը մեր երկրի նկատմամբ ներկայացնել որպես պարտադրանքի փորձ, դա նրանց չի հաջողվի: Նրանց չի հաջողվի սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

Ես նախաձեռնեցի այս ուղեւորությունը, որովհետեւ ունեմ աշխարհասփյուռ մեր քույրերի եւ եղբայրների սատարման կարիքը: Ընդ որում այդ սատարումը պարտադիր չէ, որ արտահայտվի նախաստորագրված արձանագրություններին միաձայն հավանություն տալու ձեւով: Շատ ավելի կարեւոր է մեր ժողովրդի ոգին, հավաքական հիշողությունն ու գործելու պատրաստակամությունը:

Ես այս մեկ շաբաթվա ընթացքում տեսա բազմաթիվ հայերի, ովքեր ապրում են աշխարհի ամենատարբեր անկյուններում, անդամակցում տարբեր կուսակցությունների, կամ` անկուսակցական են, ովքեր սովորում են կամ ավարտել են աշխարհի լավագույն բուհերը, եւ նրանց, ում ուսումը միջնակարգ է կամ նույնիսկ թերի միջնակարգ: Կային տարբեր կարողության, տարբեր աշխարհընկալման, տարբեր համոզմունքների տեր մարդիկ: Կային ինձ սատարողներ եւ համոզված ընդդիմախոսներ: Բայց մեզ բոլորիս միավորում էր մեկ բան` անսահման սերը դեպի մեր Հայրենիքը, մեր անկեղծ ցանկությունը, որ մեր երկիրը ներկայանա արժանապատիվ կերպով, լինի պաշտպանված բոլոր վտանգներից, եւ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ դրա ճանապարհը առաջընթացն է:

Եթե հետադարձ հայացք գցեք պատմությանը, կտեսնեք, որ աշխարհում որեւէ կարեւոր բան տեղի չի ունենում լճացման պայմաններում: Ուրեմն եւ մեր Հայրենիքի առաջխաղացումը կախված է արդիականանալու, զարգանալու, ջանք ներդնելու մեր պատրաստակամությունից: Եվ դա հանուն, եւ ոչ թե ընդդեմ ինչ-որ մի բանի գործընթաց է:

Հատկապես այս դահլիճում ես ուզում եմ կանգ առնել մի կարեւոր հարցի վրա: Ոմանք այս օրերին փորձում են կարծիք տարածել, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է: Անհիմն, թյուր եւ անտեղյակության գոհարներ են իրականում նման մտքեր, որոնք երբեմն հրամցվում են նաեւ որպես վերլուծությունների արդյունք: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում նաեւ ՀԱՊկ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, ես կարծում եմ, դուք բոլորդ ականատեսը կլինեք զարգացումների, որոնք վերջակետ կդնենք նույնիսկ ամենաթերահավատների կասկածանքներին:

Ես ընդունում եմ, որ յուրաքանչյուր նորի մեջ կա ռիսկի գործոն: Երբ մենք անկախություն էինք հռչակում, այն ժամանակ էլ կային մտավախություններ Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանապարհի վերաբերյալ: Երբ մենք սկսում էինք Արցախյան շարժումը, որ պիտի հանգեցներ նոր իրողությունների, մենք կրկին ունեինք լուրջ մտահոգություններ: Բայց մենք երկու դեպքում էլ որոշում ենք ընդունել եւ շարժվել ենք առաջ: Որոշում ենք ընդունել հավատալով մեր ուժերին, հավատալով, որ մենք ճիշտ ենք արձագանքում ժամանակի հրամայականին: Այսօր էլ պիտի կարողանանք որոշում ընդունել ու շարժվել առաջ: Գիտակցել վտանգները չի նշանակում հետ կանգնել ճիշտ ճանապարհից, ընդհակառակը` նշանակում է առաջ ընթանալ զգույշ, բայց հաստատակամ, խոչընդոտները հաղթահարելով կամ խելամտորեն շրջանցելով:

Այս օրերին, իմ ուղեւորության շրջանակներում եւ հայրենիքում շատ է խոսվել նախաստորագրված արձանագրությունների դրական ու բացասական կողմերի մասին: Չեմ ուզում կրկնվել, որովհետեւ լսել եք փաստարկներն ու դիրքորոշումները: Ես մեծ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: Բայց ունեմ մի խնդրանք` բավական է առաջնորդվենք նրանով, թե ինչ է ուզում տեսնել այս արձանագրություններում թուրքական կողմը: Ի վերջո, այս նախաձեռնության մեկնարկը մենք ենք տվել, եւ մենք պետք է լինենք այս գործընթացն առաջնորդողը: Իհարկե՛, հնարավոր են, եղել են եւ լինելու են սադրանքներ, գործընթացը վիժեցնելու փորձեր, բազմաթիվ թաքնված եւ ակնհայտ վտանգներ: Բայց եթե այդ ամենը չլիներ, չէր լինի եւ մեր այս ջանքերի կարիքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք թեւակոխում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության նոր` ավելի բազմաշերտ փուլ: Ցանկացած նոր գաղափար կամ իրողություն հանդիպում է դիմադրության: Դա բնական է: Իսկ խնդիրները, որոնք կապ ունեն տասնամյակներով մեզ ուղեկցող ցավին, հատկապես զգայուն եւ զգացական մոտեցում են պահանջում:

Այսօր մենք գտնվում ենք Դոնի Ռոստովում, կարելի է ասել` Նոր Նախիջանում, որ հիմնել են հիմնականում արեւմտահայերը: Նրանց, այսինքն` մեզանից շատերի պատմական հայրենիքը Արարատից այն կողմն է, Հայաստան-Թուրքիա սահմանագծից այն կողմ: Տեսնել այդ սահմանը` չի նշանակում մոռանալ կամ ուրանալ իրողությունը:

Այս օրերի ընթացքում ես ողջ աշխարհից հավաքված հայորդիների հետ եմ շփվել, բազում լուրջ աչքեր եմ տեսել` խելամիտ, խոսուն ու խիզախ հայացքներ եմ տարբերել, վստահություն ու կայացած մարդու խորություն եմ տեսել, հայոց հավաքական ոգին ու ուժն եմ շոշափել: Նայե՛ք խնդրում եմ միմյանց: Մենք ուժեղ ենք: Սրանք լոկ խոսքեր չեն: Սա պետք է զգալ: Հենց մենք զգացինք, այլ կերպ կգործենք: Վստահեցնում եմ: Պետք չէ թերահավատ լինել սեփական ուժերի նկատմամբ:

Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռքձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը":

Բացման խոսքից հետո Հանրապետության Նախագահը լսել է հանդիպման մասնակիցների կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, պատասխանել նրանց բարձրացրած հարցերին:

Ներկաները ողջունել են Նախագահ Սարգսյանի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը եւ նշել, որ նման հանդիպումը լավ հնարավորություն է առաջին ձեռքից լրացուցիչ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու գործընթացի ու հարաբերությունների կարգավորումից Հայաստանի Հանրապետության ակնկալիքների մասին:

← Վերադառնալ