08
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

album picture
album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր օրվա առաջին կեսին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ մեր երկրի առաջիկա անելիքները, ամփոփվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի համահայկական ուղևորությունը:

Բացելով Ազգային անվտանգության խորհրդի նիստը` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.

"Հարգելի՛ գործընկերներ,

Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ունենք ընդամենը մեկ հարց` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր նախաձեռնության ներկա վիճակն ու դրա հետ կապված մեր առաջիկա անելիքները:

Եկել է ժամանակն ամփոփելու շուրջ վեց շաբաթ տևած հանրային քննարկումները: Ավարտվել է նաև իմ համահայկական ուղեւորությունը, որի ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքներին, մտահոգություններին ու առաջարկություններին: Այսօր ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ այդ ուղևորությունից ստացած իմ տպավորություններն ու եզրակացությունները: Այնուհետև կանդրադառնանք Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունների ստորագրման խնդիրներին և գործընթացի հաջորդ փուլերին:

Մեկ շաբաթվա ընթացքում ես այցելեցի հայկական սփյուռքի առանցքային կենտրոններ` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով: Յուրքանչյուր վայրում կայացան տարածաշրջանային հանդիպումներ, որոնց ներկա էին յուրաքանչյուր տարածաշրջանում գործող հայկական ազգային կառույցների և առանձին համայնքների ներկայացուցիչներ:

Ի սկզբանե մենք գիտակցում էինք, որ անհնար կլինի ապահովել ներկայացվածության այնպիսի մակարդակ, որը կբավարարի բոլորին: Բայցևայնպես, կարծում եմ, մեզ հաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովել կարծիքների ու մոտեցումների լայն սպեկտր: Քանի որ այցիս նպատակը բնավ Սփյուռքի հավաքական կարծիքին թվային վերլուծության տեսք տալը չէր, չենք կարևորել դահլիճի ներսում յուրաքանչյուր մոտեցման կողմնակիցների համաչափ ներկայացվածության ապահովումը: Մեզ համար շատ ավելի կարևոր էր լսել բոլոր հնարավոր մոտեցումները և ստանալ ողջ հնարավոր խորհրդատվությունն այս հարցում: Կարծում եմ դա մեզ հաջողվեց:

Ուղևորության ընթացքում հաճախ էր հնչում այն հարցը, թե արդյո՞ք այս խորհրդակցություններն ուշացած չեն, հաշվի առնելով, որ արձանագրություններն արդեն նախաստորագրված են: Կարծում եմ` այդպես կարող են մտածել միայն այն մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ավարտվում է արձանագրությունների նախաստորագրմամբ: Իհարկե, դա այդպես չէ: Ինձ համար Սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարևոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում և վավերացումից իրագործում բարդ և աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով:

Հանդիպումների ժամանակ հաճախ էր հնչում այն մտահոգությունը, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ` մարդկային, ֆինանսատնտեսական, քաղաքական այդ հարաբերությունները որպես հավասարը հավասարի հետ կազմակերպելու առումով: Կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է: Այո, մենք ունենք մեր ռեսուրսները մոբիլիզացնելու, նաև Սփյուռքի ներուժը լիարժեք կերպով օգտագործելու անհրաժեշտություն: Բայց այդ փաստարկը չի կարող, ըստ ինձ, բավարար լինել մեր երկրի ներսում ինքնամփոփվելու համար:

Կային մտահոգություններ, որ հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կարող են բերել տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիայի: Կարծում եմ դա նույնն է, ինչ ենթադրել, որ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատումն է:

Ես առիթ ունեցա վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ մենք չենք համարում, որ արձանագրությունները կարող են ընթերցվել որպես Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի բանակցային դիրքերը կաշկանդող փաստաթղթեր: Ավելին, ես վերահաստատեցի մեր մոտեցումը հնարավոր կարգավորման պայմաններին` առանց որևէ սահմանափակման ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր իրավական կարգավիճակի որոշում: Կարևորում եմ, որ դա ևս մեկ անգամ վերահաստատեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, ում հետ հեռախոսազրույց եմ ունեցել Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ: Այս հարցում հասկանալի են և՛ մեր հայրենակիցների մտահոգությունները, և՛ Թուրքիայի ղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Իհարկե՛, մեր փոքր տարածաշրջանում բոլոր գործընթացները կարող են իրար վրա ազդեցություն ունենալ: Խոսքն այլ բանի մասին է` մենք պատրաստ չենք և երբևէ չենք գնալու միակողմանի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում` անկախ այն բանից, թե դրա դիմաց մեզ ինչ կարող է առաջարկվել:

Հիմնական մտահոգություններից հաջորդը Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում իբր հնարավոր նահանջն է: Կարծում եմ` ակնհայտ է, որ որևէ հայ մարդ երբևէ չի կարող չբարձրաձայնել մեր` աշխարհասփյուռ և սեփական կենսատարածքից զրկված ժողովուրդ լինելու պատճառները: Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում մենք պարտականություն ունենք և այդ պարտականությունը կատարելու ենք մինչև վերջ:

Ինձ համար ցավալի էր, որ զգացմունքների ալիքի վրա մեր քույրերից և եղբայրներից մի քանիսը կորցրեցին իրենց քայլերի գաղափարական հենքը: Եթե մեր բոլորի արդար պահանջը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Ցեղասպանության փաստի ընդունման կարևորության բարձրաձայնումն է, ապա հենց դրան էր, որպես խորհրդանիշ, ուղղված իմ համահայկական ուղևորությունը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց սկսելու նպատակը: Ակնկալում էի, որ պետք է ոչ թե 100 հոգանոց սադրանքով, այլ բազմահազարանոց ցույցով ի հայտ դնեինք մեր համախմբվածությունն ու դիրքորոշումն այս հարցում:

Եվ, վերջապես, կար մտահոգություն առկա սահմանների ճանաչման հարցում: Իմ պատասխանը նույնն էր` տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: Կան 21-րդ դարի քաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ես նաև առիթ ունեցա ընդգծելու, և բազմիցս լսեցի նաև սփյուռքահայ մեր քույրերի և եղբայրների այն արդար մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լայն են, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Հարգելի՛ գործընկերներ,

Սփյուռքի համայնքներով իմ այս կարճատև, բայց չափազանց հագեցած ուղևորությունն ինձ շատ կարևոր ազդակներ հաղորդեց: Ես առիթ ունեցա ևս մեկ անգամ գնահատելու մեր հավաքական ինքնության ներուժը: Ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ զգալու, թե որքան տարբեր ենք մենք` կախված մեր ծննդատեղից, բնակության համայնքից, անդամակցած կազմակերպությունից և, միաժամանակ, որքան նման ենք` շնորհիվ հայկական հավաքական մեր ինքնության:

Սփյուռքում ես լսեցի նաև սատարման և խրախուսման բազում խոսքեր: Չեմ ուզում դրանց առանձին անդրադառնալ, քանի որ ստորագրման ողջ պատասխանատվությունը կրում ենք մենք, որպես պետություն և պետական այրեր, և մենք չենք պատրաստվում պաասխանատվության բեռը դնել որևէ մեկի վրա: Իմ նպատակը բնավ այն չէր, որ վերադառնալով համահայկական ուղևորությունից ասեմ, որ ողջ Սփյուռքը կողմ է Հայաստան-Թուրքիա առկա արձանագրությունների ստորագրմանը":

Այնուհետև Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը: Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել նախաստորագրված փաստաթղթերին:

← Վերադառնալ