08
10, 2009

Քիշնեւում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը

album picture
album picture
album picture
Հոկտեմբերի 8-ին Քիշինեւում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները:

Երեք ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:

Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում:

Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ-թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են:

← Վերադառնալ