30
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտիին:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա:

"Ըմբշամարտը Հայաստանում ավանդաբար հարգված եւ հաջողության հասած մարզաձեւերից մեկն է, որն այսօր էլ բավականաչափ ուշադրության է արժանանում, թեեւ, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում եւս, մենք, իհարկե, կցանկանայինք շատ ավելի լավ արդյունքներ ունենալ",- ասել է երկրի ղեկավարը եւ հավելել. "այդ է պատճառը, որ մեր ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը, ըմբշամարտի ֆեդերացիայի փորձում են շատ ավելի մեծ ուշադրություն հրավիրել այս մարզաձեւին. մենք ցանկանում ենք, որպեսզի ավելի շատ երեխաներ զբաղվեն ըմբշամարտով, բարելավվում ենք պայմանները, ձգտում ենք Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնել, որովհետեւ այդ ամենն են, որ, ի վերջո, կբերեն լավ արդյունքների":

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը նշել է, որ երեսուն տարուց ավելի զբաղվում է այդ մարզաձեւով եւ մշտապես ուշադրությամբ հետեւել է հայ մարզիկներին, ովքեր լուրջ հաջողությունների են հասել, նաեւ անձամբ ճանաչում է վերջին հայ չեմպիոններին:

Ռաֆայել Մարտինետտին ասել է, որ հանդիպումների ընթացքում քննարկել է Երեւանում մարզչական դպրոց հիմնելու հարցը, քանի որ Հայաստանը տվել է ըմբշամարտի բազմաթիվ լավ մարզիչներ: "Այս մարզաձեւի ապագան Հայաստանում հուսալի ձեռքերում է",- ընդգծել է նա:

Քննարկվել է նաեւ 2010թ. հունահռոմեական ըմբշամարտի համաշխարհային առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է մեր երկրում նման բարձրակարգ մրցաշարի անցկացմամբ եւ կանի հնարավորն`այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: "Դա տոն կլինի ըմբշամարտի Հայաստանի երկրպագուների, պատանի մարզիկների համար, քանի որ նրանք հնարավորություն կունենա անձամբ տեսնել հայտնի շատ մարզիկների, հետեւել նրանց ելույթներին",-նշել է Սերժ Սարգսյանը:

Ռաֆայել Մարտինետտին նաեւ ասել է, որ ուշադրությամբ հետեւում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: "Լինելով Շվեյցարիայի քաղաքացի, ես ուրախ եմ, որ իմ երկիրը կարողացել է աջակցել այդ գործընթացին",- ընդգծել է նա:

← Վերադառնալ