02
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մասահարու Կոնոն (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացմամբ: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող աջակցության եւ զարգացման ծրագրերին սատարելու համար: "Այն դրամաշնորհները, տեխնիկական օժանդակությունը եւ արտոնյալ վարկերը, որ տրամադրում է Ճապոնիայի կառավարությունը, մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունեն: Ես առանձնապես կարեւորում եմ, եւ կարծում եմ, որ այն շատ հաջողված է, Երեւանի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ծրագիրը, ինչը Հայաստանի տնտեսությանը զարգանալու հնարավորություն կտա, նաեւ որոշ չափով կթուլացնի սոցիալական լարվածությունը",- ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում դեռեւս բավականաչափ աշխատանք կա կատարելու: Սերժ Սարգսյանն այդ առումով կարեւորել է ՀՀ արտգործնախարարի այցելությունը Տոկիո` նշելով, որ այն հնարավորություն կտա շարունակելու քաղաքական երկխոսությունը եւ քննարկելու համագործակցության խորացման հնարավորությունները տարբեր բնագավառներում:Նախագահը վստահեցրել է նորանշանակ դեսպանին, որ իր գործունեության ընթացքում նա մշտապես կարող ակնկալել մեր պետական կառավարման մարմինների օժանդակությունը:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը պետք է լիարժեքորեն օգտագործել:

Դեսպան Կոնոն ասել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Նշելով, որ այսօր Ճապոնիայի կառավարության կողմից Երեւանի կոնսերվատորիային հանձնվել են երաժշտական գործիքներ` դեսպանն ասել է. "Սա ի ցույց է դնում Ճապոնիայի հարգանքը հայկական երաժշտարվեստի ավանդույթների նկատմամբ":

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ: Դեսպանն ասել է, որ Ճապոնիայի կառավարությունն ամբողջովին աջակցում է այդ գործընթացին:

← Վերադառնալ