13
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Ուիլյամ Շաբասին

Հարգելի պարոն Շաբաս,

Շնորհակալ եմ Ձեր նամակի և դրանում արծարծած մտավախությունների համար:

Հայաստանում քաջատեղյակ են Ձեր ասոցիացիայի կողմից տարիներ շարունակ ցեղասպանության հանցագործության, այդ թվում` Հայոց ցեղասպանության անկողմնակալ, գիտական ուսումնասիրություններին և մեծապես կարևորում են դրանք: Անգնահատելի է Ձեր ներդրումը խնդրի միջազգային ճանաչման և միջազգային հանրության իրազեկման գործում:

Հայաստանն այսօր ընտրել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ կառուցելու ճանապարհը: Այդուհանդերձ, ցանկացած հարաբերություն հարևան Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունը հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններում տեղ գտած պատմական հարթությամբ զբաղվող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, ապա ձեզ հավաստիացնում եմ, որ այն պատմաբանների հանձնաժողով չէ: Այդ հանձնաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ և թուրք ժողովուրդներին փոխվստահության և երկխոսության եզրեր գտնել միմյանց հանդեպ: Միանշանակ համամիտ եմ Ձեր այն ակնարկին, որ այդ ենթահանձնաժողովն իր գործունեությամբ պետք է նպաստի ցեղասպանության հետևանքների վերացմանը, և ցեղասպանության եղելության հարցը որևէ կերպ չի կարող հանձնաժողովի գործունեության օրակարգային հարց դիտվել:

Հենց այս ընկալմամբ ենք մենք ստորագրել արձանագրությունները թուրքական կողմի հետ, ինչի մասին ես մինչև ստորագրումը հայտարարել եմ ժողովրդին ուղղված իմ ուղերձում:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Ձեզ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային սկզբունքային, անշահախնդիր և անաչառ գործունեություն ծավալելու համար` վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջին շարքերում` ձեր և այդ խնդրով զբաղվող բազմաթիվ հասարակական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին: Մենք համարում ենք, որ դա ցեղասպանություն վերապրած յուրաքանչյուր ժողովրդի բարոյական պարտքն է մարդկության առջև:

← Վերադառնալ