16
11, 2009

Նախագահ Սարգսյանն ընդունել է ռուսական հեռուստա եւ ռադիո ընկերությունների պատվիրակությանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական հեռուստատեսության օրերի շրջանակում Երեւանում գտնվող մի շարք ռուսական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների պատվիրակությանը: Պատվիրակությունը գլխավորում է "Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա " հիմնադրամի նախագահ, միջպետական մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նման միջոցառման անցկացումը, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները պահանջում են մշտական հոգածություն բոլոր բնագավառներում: "Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը նաեւ հումանիտար ոլորտում: Մենք հոգեհարազատ ազգեր ենք. մեր նախապապերը, մեր պապերը, մեր ծնողներն ընկերություն են արել: Մենք այսօր շարունակում ենք այդ ընկերությունը, սակայն, կարծում եմ, որ պետք է ելնել այն հանգամանքից, որ այս հարաբերություններն ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Աշխարհը փոփոխվում է, մարդիկ նոր մտածելակերպով ավելի ու ավելի են ազդում հասարակական կարծիքի վրա, ուստի, մեր խնդիրն է հստակորեն հիշել մեր երեկվա օրը եւ այդ ամենը փոխանցել նոր սերնդին",- ասել է Նախագահ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն այդ գործում կարեւորել է զանգվածային լրատվամիջոցների, հատկապես` հեռուստատեսության դերը: Նախագահը նշել է, որ համառուսաստանյան երեք հեռուստաալիքներ հասանելի են բոլոր հայ հեռուստադիտողներին, ինչը մեծ ազդեցություն եւ միաժամանակ պատասխանատվություն է ենթադրում: Ռուսական հեռուստաալիքների ներկայությունը Հայաստանում Նախագահը կարեւորել է նաեւ ռուսաց լեզվի տարածման առումով:

Հյուրերը Նախագահ Սարգսյանին են ներկայացրել հայ գործընկերների հետ քննարկումների արդյունքները, հանդես եկել առաջարկություններով: Մասնավորապես, խոսվել է հայկական եւ ռուսական հեռուստաալիքների համատեղ հեռուստանախագծեր ձեռնարկելու, հայ լրագրողների եւ պրոդյուսերների համար ռուսական կենտրոնական հեռուստաալիքներում մասնագիտական վերապատրաստման, համատեղ սեմինարների անցկացման հնարավորությունների մասին:

ՀՀ Նախագահը հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար "Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա" հիմնադրամի նախագահ Միխայիլ Շվիդկոյին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով:

← Վերադառնալ