03
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերին:

Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ մենք շահագրգռված ենք դրանց հետագա խորացմամբ: Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգների կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Մենք նաեւ չափազանց բարձր ենք գնահատում մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը":

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ այցի ընթացքում նպատակ ունի ավելի լավ հասկանալ պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները: Նշելով, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր խաղաղապահ առաքելություններին` նա ասել է, որ այսօր եղել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում եւ տպավորված է հայ զինծառայողների կարողություններով:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությունը եւ ասել է, որ Հայաստանը պարտավոր է եւ ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում:

Հանրապետության Նախագահը եւ ամերիկյան վարչակազմի պաշտոնյան արդյունավետ են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, իրականացված ծրագրերը եւ նշել են, որ Հայաստանը լավագույնս է օգտագործել եղած հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տարիներ շարունակ ղեկավարելով Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, մասնակից է եղել այդ փոխգործակցության ձեւավորմանը, եւ կարծում է, որ այն զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:

← Վերադառնալ