04
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին: Նա Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը եւ կարեւորել է այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը: Հանրապետության Նախագահը սահմանապահ ծառայությունը, Հայաստանի պետական սահմանի պահպանությունը համարել է մեր երկրի ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչը եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առանցքային տարրերից մեկը:

"Մենք գոհ ենք սահմանապահների գործունեությունից, մեր համատեղ աշխատանքից եւ նրանց պրոֆեսիոնալիզմից",- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել, որ սահմանապահների հետ ավանդաբար ձեւավորվել են լավ հարաբերություններ եւ փոխըմբռնում, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես օպերատիվ ու որակյալ լուծումներ տալ ծագող խնդիրներին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` գեներալ-լեյտենանտ Ստրելցովն ասել է, որ իրենք ձգտում են բարեխղճորեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:

← Վերադառնալ