21
01, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009թ. պետական մրցանակներ է հանձնել

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը ճանաչել են որպես լավագույններ:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: "Ինձ համար սա շատ հաճելի պարտականություն է` մեկ անգամ եւս մեր պետության եւ ժողովրդի անունից երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասել այն մարդկանց, ովքեր զարգացնում են մեր մշակույթը, ովքեր, գոնե ժամանակակիցներիս կարծիքով, կարողացել են կերտել մնայուն ստեղծագործություններ:

Անշուշտ, ամենից կարեւոր դատավորը ժամանակն է, բայց մենք` ժամանակակիցներս պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին: Եթե մենք դա չանենք, նշանակում է` մենք անհաղորդ ենք, ի վիճակի չենք նկատելու լավը: Ես վստահ եմ, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը: Ես դրանում կասկած չունեմ: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հանձնախմբերի նախագահներին եւ անդամներին, որովհետեւ շատ հստակ պատկերացնում եմ, թե դուք ինչպիսի դժվարությունների առջեւ եք կանգնում: Փոքր պետություններում, մեր ավանդույթներն ունեցող եւ մեր ժողովրդի բնավորության գծերն ունեցող պետությունում շատ դժվար է ընտրություն կատարել, եւ ես շատ ուրախ եմ, որ ցուցաբերվում է սկզբունքային մոտեցում: Այս առումով, իհարկե, ոչ միայն ընդունելի, այլեւ խրախուսելի է, որ հանձնախմբի անդամները, նախագահներն առաջարկություններ ունեն կապված հրամանագրի հետ: Մենք հաճույքով կընդունենք այդ առաջարկությունները",-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ժամանակն է, որպեսզի ընդլայնվի նաեւ պետական մրցանակների ընդգրկումը եւ սահմանվեն երկու նոր մրցանակներ` ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում: Երկրի ղեկավարը հայտնել է, որ նաեւ որոշում է կայացվել մեծացնել մրցանակային ֆոնդը` կրկնապատկելով մրցանակակիրներին տրվող դրամական խրախուսանքի չափը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանին, եւ դրա հետ կապված դժվարությունները դեռեւս ամբողջովին հաղթահարված չեն, սակայն, այդ ամենով հանդերձ, պետությունը պետք է անգամ նման դժվարին պահին չմոռանա գրականության, մշակույթի, գիտնականի դերակատարության կարեւորությունը եւ դա ցույց տա ոչ միայն խոսքով, այլեւ գործով:

Հանրապետության Նախագահը արվեստագետներին մաղթել է ստեղծագործական ամուր եւ նպատակաուղղված կորով, լավ տրամադրություն, ստեղծագործական երջանիկ պահեր:

Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել երկրի ղեկավարին` մշակույթի բնագավառին պետական մակարդակով ցուցաբերվող շարունակական աջակցության համար եւ նշել, որ նման վերաբերմունքը լավագույն քաջալերանքն է արվեստագետներին ստեղծագործական նոր բարձունքների հասնելու համար:

← Վերադառնալ