10
02, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

album picture
album picture
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի "Թեյթ" ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և “Թեյթ” ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, “Բրիթիշ փեթրոլեում” խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Լորդ Բրաունի մասնակցությամբ տեղի է ունեցել ընթրիք, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Լոնդոնում Հայաստանի Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում (Chatham House), որտեղ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային օրակարգի հիմնական խնդիրներին, պատասխանել ներկաների հարցերին:

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Նախագահին կընդունի Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, նախատեսված են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի և Արքայազն Չարլզի հետ:

← Վերադառնալ